Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն՝ ֆեյքերի մասին. «Ուսումնասիրություն պետք է կատարվի». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 14,2016 11:20

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի հասարակական կյանքի սովորական դրսեւորումներից՝ կան նաեւ սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ, եւ այդ լրատվամիջոցներով փոխադարձ հարցեր լուծելու պրակտիկա, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Հայաստանի Հանրապետության պետական կյանքում, այսպես կոչված, տեղեկատվական արտահոսքերին եւ ստեղծված սոցիալական ցանցերում գործող կեղծ ֆեյքերի միջոցով այդ արտահոսքը տարածելուն ու հասարակական համապատասխան արձագանք ստեղծելուն»,- հարցրեց Գուրգեն Արսենյանը։

Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունն այստեղ ներգրավված կարող է լինել այն դեպքերում, երբ համապատասխան տեղեկություններ կտարածվեն հանցագործության մասով։

Ա. Դավթյանի գնահատմամբ՝ այս երեւույթի դեմ պայքարելու ամենալուրջ գործիքակազմը դատախազությանը չի պատկանում։ «Քանի որ քրեականացված համարվող այս արարքների մեջ ունենք սուտ մատնությունը, որը վերաբերում է նրան, երբ ինչ-որ մեկը մեղադրվում է անհիմն հանցագործության մեջ։ Այսպիսի դեպքերը դատախազության ուշադրությանը կարժանանան, եւ դատախազությունը կոնկրետ քրեական գործով քննության արդյունքում գնահատականներ կտա կոնկրետ անձանց արարքին»,- շարունակեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ մնացած առումով քաղաքացիների պաշտպանությունը առավել տարածուն հարթություն ունի քաղաքացիա-դատավարական ընթացակարգերում, որտեղ անձինք իրենց պատվի արժանապատվության պաշտպանության առումով կարող են քաղաքացիական հայց ներկայացնել եւ իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած մարդկանց քաղաքացիական պատասխանատվության խնդիրը բարձրացնել։

Իսկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի թեկնածուն խոստացավ՝ մանդատը ստանալու դեպքում իր լիազորությունների սահմաններում նախաձեռնողականություն ցուցաբերել այս ոլորտը մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրելու հարցում. «Բարձրացված խնդիրը բավականին խիստ մասնագիտական է։ Մենք գործ ունենք իրավունքների բախման հետ՝ մասնավոր կյանքի, ազատ խոսքի իրավունքներ, եւ այս տեսակ հարցով որոշում կայացնելու համար կարծում եմ, որ խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարվի»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930