2014թ. ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը նոր էր նշանակվել վարչապետ, խոստացավ մեծ պայքար սկսել առաջին հերթին իր մերձավորների դեմ. «Իհարկե, դա դժվար է լինելու շատ, մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց գնալու ենք այդ քայլին, մենք այլընտրանք չունենք, բայց բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու, եւ դա ինձ համար լինելու է սկզբունքային»։ Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։ Հետո ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնց գոյության ամբողջ ընթացքում եղան գեղեցիկ ելույթներ։
Հեռանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետը հավաքեց պատգամավորներին, գործարարներին, ապա՝ լրագրողներին՝ հարցնելու համար, թե որտեղից սկսեն։ Փաստորեն, այդքան խորհուրդներ ստեղծած, ելույթներ ու խոստումներ տված կառավարությունը չգիտեր անգամ, թե ինչ պետք է անել։ Ձեւական պայքար, թոզ փչելու քաղաքականություն, որով զբաղված էին իշխանությունն ու իշխող կուսակցությունը՝ ուժերի ներածին չափով։
«Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող հասկանա, տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու»,- հերթական խոստումը շռայլեց Հովիկ Աբրահամյանը։ Իսկ հիմա ի՞նչ է հայտարարում կառավարությունը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս պայքարել մենաշնորհների դեմ»։
Ամենավերջին խոստումը կառավարության օպտիմալացումն էր, անիմաստ ծախսերի կրճատումը, որը սահմանափակվեց ծառայողական ավտոմեքենաներով եւ ամենամեծ աճը ցույց տված ոլորտը փոխնախարարաթափ անելով։
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր մեկ հարցում, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար։ Բայց, ցավոք, այստեղ էլ քննարկումից այն կողմ հարցը չի անցել։
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում