Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «24 канала» հաղորդման եթերում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: Նա ընդգծել է, որ նման որոշում է կայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումից հետո:
«Ես օրական նամակներ եմ ստանում մի քանի տասնյակ մարդկանցից, այդ թվում Շաբունինից, որի նամակի հիման վրա էլ քրեական գործ եմ հարուցել չեք հավատա ում նկատմամբ՝ ներքին գործերի նախարար Ավակովի, որովհետև բոլորն էլ նույնն են»,- ասել է Լուցենկոն, որի խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն: Ընդ որում, դատախազը չի հստակեցրել, թե ինչ հոդվածի հիման վրա է հարուցվել քրեական գործը:
Արսեն Ավակովը իր պաշտոնավարության ընթացքում բազմիցս քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ նրա գերատեսչության անգործության հետևանքով երկրում աճել են հանցավորության դեպքերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ