Հաջորդ քաղաքական կուսակցությունը, որի ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության բացահայտումը կփորձենք, դա «Միացյալ Ազգային Շարժում»-ն է: Կուսակցություն, որը 2003-2012թթ. Երկրում միատեր իշխող ուժն էր, սակայն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առայսօր համարվում է «Վրացական երազանք»-ի հիմնական ընդդիմադիրը: Ամեն դեպքում այս երկրու կուսակցություններն հենց այսպես են դրսևորում միմյանց նկատմամբ սեփական դիրքը:
Գալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս պետք է նշել, որ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունն այս սակավաթիվ կուսակցությունների թվին է պատկանում, որոնք իրենց իշխող մարմնում (քաղաքական խորհրդում) ունեն ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Բացահայտ հակահայկական ու քսենոֆոբիական բազում հայտարարությունների և գործողությունների «հեղինակ» պատգամավոր Ազեր Սուլեյմանովը «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի անդամ է: Ընդհանրապես, ինչպես նախորդ նախագահ Սաակաշվիլի ղեկավարության օրոք, այնպես էլ այսօր «ՄԱՇ» քաղաքական ուժը չի էլ թաքցնում իր սերն ու ձգտումն Ադրբեջանի էներգոռեսուրսների նկատմամբ:
Չի բացառվում, որ հենց այս սիրո և ձգտմամբ է պայմանավորված այն փաստը, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ներկայացված թեկնածուների 200 հոգանոց ցուցակում 6 ադրբեջանցի պատգամավորի թեկնածություն է առաջադրված, որոնցից ադրբեջանցիներով բնակեցված ընտրական շրջաններից 4-ը մեծամասնական թեկնածու, իսկ 2-ը կուսակցության համամասնական ցուցակով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ազգությամբ հայ պատգամավորական թեկնածուներին, «Միացյալ ազգային շարժում»-ն իր ցուցակում ունի 4 հայ՝ մեկ մեծամասնական թեկնածու (Սամվել Կարապետյան –Ախալքալաք/Նինոծմինդա) և 3 համամասնական ցուցակով՝ ավելի քիչ անցողիկ հորիզոնականներում (թեկնածուների ցուցակի 50-րդ, 151-րդ և 173-րդ տեղերում):
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նույնպես իր նախընտրական ծրագրում որոշակի հատված առանձնացրեց ազգային փոքրամասնությունների առջև առկա մարտահրավերների կարգավորման իր քաղաքական տեսակետը: Հատկանշական է, որ ամբողջ ծրագրում «փոքրամասնություն» եզրույթը հիշատակվում է միայն 2 անգամ:
Առանց որևէ մեկնաբանության հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական կուսակցության ծրագրից ազգային փոքրամասնություններին վերաբերվող այս մի փոքրիկ քաղվածքը՝
«…Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վրաց լեզվի ամբողջական ուսուցման մատչելիության նպատակով, մենք կթարմացնենք և կզարգացնենք «Սովորեցրու Վրաստանի համար» ծրագիրը, ինչն արդյունքում մեզ կտա Վրաստանի քաղաքացիների ամբողջական ինտեգրումը երկրի քաղաքացիական կյանքում:
Մենք հատուկ ուշադրություն կդարձնենք հակախտրական քաղաքականության արդյունավետությանն ու փոքրամասնություններին կպաշտպանենք բռնությունից…»:
Հնարավոր է ճիշտ է, որ այսօրվա իշխող ուժի և «Միացյալ ազգային շարժման» միջև կա գաղափարախոսական ու արժեքների խորը տարբերություն: Սակայն, ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների հարցերում այս երկու կուսակցությունների մոտեցումներին, կարելի է ասել, որ տարբերությունն այդքան էլ նկատելի չէ…»