Ընդդիմությունն ու իշխանությունը Ընտրական օրենսգրքի շուրջ նոր
համաձայնություն ամրագրեցին. ի՞նչ կասեն Վենետիկի հանձնաժողովին
Երեկ երեկոյան խորհրդարանում ընդդիմադիր երեք խմբակցությունների ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, եւ իշխանական երկու խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, միջեւ ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնություն: Ըստ այս համաձայնության՝ գալիք խորհրդարանական ընտրություններում կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները: Տեղամասերից նաեւ ուղիղ հեռարձակում կապահովվի: Ստորագրված ցուցակների հրապարակումը հայրենի ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակ է, ինչ պահանջում էին իշխանություններից: Տարբեր տարիների իշխանությունները տարբեր հակափաստարկներ էին ներկայացնում, անգամ Սահմանադրական դատարանի հատուկ որոշում կայացվեց այս առիթով: Հիմնական հակափաստարկը՝ դա մարդու իրավունքների խախտում է եւ արգելված է Վենետիկի հանձնաժողովի կողմից, մշտապես գերակայում էր: Այս մասին շատ խոսվեց նաեւ անցնող տարում, երբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդեցին ԸՕ նախագծի շուրջ քննարկումները:
Այստեղ` Հայաստանում, վենետիկցիները ոչ հստակ հայտարարություններ էին անում այդ դրույթի մասին: Ընդդիմադիրներն ու իշխանական կուսակցության ներկայացուցիչներն էլ դա յուրովի էին մեկնաբանում: Ի վերջո՝ ընդդիմությունը գնաց այդ քայլին այն բանից հետո, երբ ԸՕ-ի շուրջ ձեռք բերված նախորդ` «4+4+4» ձեւաչափով կայացած եւ երկուստեք «պատմական» որակված համաձայնությունը տապալվեց: Մեղավորը լեհական ընկերությունն էր, որը չհասցրեց տեխնիկապես ապահովել ընտրողների մատնահետքերի ֆիքսումը եւ նույնականացման քարտերով քվեարկությունը:
«Առավոտի» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որ նույնպես մասնակցում էր երկրորդ` հիրավի պատմական համաձայնության ստորագրմանը, հարցին` ինչպե՞ս եղավ, որ ստորագրված ցուցակների հրապարակումն այլեւս մարդու իրավունքների խախտում չէ, եւ Վենետիկի հանձնաժողովի արգելքն էլ վերացել է, պատասխանեց. «Արգելքը չի վերացել, արգելքը կա: Ողղակի մենք համարեցինք, որ սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք»: Ի՞նչ բացատրություններ կամ հիմնավորումներ պետք է ներկայացվեն Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը մեր իշխանավորների համար այդչափ կարեւոր է եղել, համենայնդեպս՝ մինչ այսօր: «Հենց այն, որ այս համաձայնության քաղաքական արդյունքը շատ ավելի կարեւոր է, քան այդ սկզբունքի խախտումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Մի՞թե մի քանի ամիս առաջ իշխանության համար այսչափ կարեւոր չէին քաղաքական արդյունքները՝ մեր այս հարցին էլ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Երբեւէ նման իրավիճակ չի եղել, եւ նման երկխոսության, համաձայնության գալու իրավիճակ չի եղել»:
Դավիթ Հարությունյանին չեն կաշկանդում ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, որ ազատ ընտրությունների համար իրենց պայքարը շարունակվելու է, քանի որ այս համաձայնությունը լավ հիմք է, բայց երաշխիք չէ ազատ-արդար ընտրությունների անցկացման համար: Նա դա համարում է ժողովրդավարական երկրին բնորոշ բան:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ընդդիմության կողմից բանակցությունների հիմնական վարող Լեւոն Զուրաբյանն էլ չի կաշկանդվում Վենետիկի հանձնաժողովին տրվելիք բացատրություններից. «Հայաստանն ինքնիշխան երկիր է: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, բոլոր քաղաքական ուժերը պահանջել են դա` ընտրությունների նկատմամբ վստահության համար: Եվ եթե ամբողջ քաղաքական, քաղաքացիական հասարակության կողմից, հանրության կողմից դա ընկալվում է որպես լուծում, եւ դուք չունեք որեւէ մեկին, ով հակադարձի կամ առարկի դրա դեմ, ի՞նչ կապ ունեն Վենետիկի հանձնաժողովի ցուցումները: Առավել եւս, որ դրանք ոչ մի իրավական ուժ չունեն: Իհարկե, իշխանությունը ապահովման բոլոր երաշխիքները ստեղծել էր, որ սա հանկարծ չլինի: Բայց այս իրադարձության կարեւորությունը նաեւ դրա մեջ է` ամբողջ հասարակությունը մի բան պահանջում է, ոչ մի նման խոչընդոտ չի կարող դա տապալել»:
Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ այս համաձայնությունը հենց քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետեւողականության արդյունք էր. «Նախեւառաջ` հանրաքվեի հետեւանքն է: Բոլորը հասկացան, որ սա կեղծված հանրաքվե է:
Դժգոհությունը եղավ ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ քաղհասարակության, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ միջազգային հանրության մեջ: Մենք կոնսոլիդացրեցինք բոլորին նույն պահանջի շուրջ եւ բոլորով խփելով նույն մեխին` թիկունքում ունենալով միջազգայն հանրություն, դեմոկրատական համայնք, այդ պոտենցիալի դեմ, իհարկե, ոչ ոք չէր կարող ինչ-որ բան անել»:
Ընթացող ներիշխանական վերադասավորումները ընդդիմադիր պատգամավորին հույս չեն ներշնչում, որ դրական ազդեցություն կունենան նաեւ առաջիկա ընտրական գործընթացների վրա: «Հայաստանը հնարավոր է վերափոխել միայն, եթե իշխանության գա ժողովրդի աջակցությունն ունեցող շարժում, որը հաշվետու կամ կախված չի լինի օլիգարխներից»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՀԱԿ-ը ապրիլի 2-ին փորձելու է հասնել հենց այդ նպատակին: Դիտարկմանը` ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը Սինգապուր կդարձնի, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Դե, մի անգամ էլ հայտարարել էին, որ կովկասյան վագր է վազվզում լեռներում: Դա ընդամենը հնարքներից մեկն է, բայց ժողովուրդը բավական հասուն է, որ նման էժան հնարքներին զոհ գնա»: Հայաստանի տնտեսության մասին «կովկասյան վագրի» տեսլականի հեղինակը, հիշեցնենք, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր:
Ի հակադրություն Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնության՝ քաղաքացիական հասարակության մոտ մոտեցումները տարբեր են: «Հաշվի առնելով, իհարկե, այն, որ ամբողջ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր եւ պրոբլեմներ ունի, բայց աներկբա է, որ պետք է գնահատվի որպես դրական քայլ»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել էր «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն էլ հավելել էր. «Կարեւորում ենք նաեւ այդ առիթը օգտագործել եւ մասնավորապես դիտորդների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ներմուծված սահմանափակումները՝ մայիս ամսվա օրենսգրքով, վերացնել: Դա կլինի իսկապես դրսեւորում քաղաքական կամքի, որ, այո, իշխանությունները պատրաստվում են հանրային վերահսկողության համար համապատասխան հիմքեր ստեղծել»:
Իսկ ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն ասել էր, որ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը համաչափ չէ նույնականացման քարտերով եւ մատնահետքերի նույնականացման տարբերակին. «Դա խախտումը հետագայում գտնելու միջոց է այն դեպքում, երբ մատնահետքերի մեխանիզմը կանխարգելիչ մեխանիզմ է: Մենք տեսել ենք մարդկանց, ովքեր կրկնաքվեարկությունների վրա բռնվելով՝ տուգանվել են ընդամենը 500-600 հազար դրամով: Իսկ ընտրությունների ժամանակ իշխանական նախընտրական շտաբներում այնպիսի գումարներ են պտտվում, որ այդ 500-600 հազար դրամը մեծ բան չի: Շատ դեպքերում իրենք կարող են նույնիսկ գիտակցված գնալ այդ հանցագործությանը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
14.09.2016