Ինձ թվում է՝ Ռուսաստանի չինովնիկները, որոնք այսպես թե այնպես «զբաղվում են» Հայաստանով (այդ թվում` մեր երկրում ՌԴ դեսպանատան պատասխանատուները) հայաստանյան տրամադրությունների պատճառների հարցում մոլորության մեջ են: Նրանց թվում է, թե ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում կա հասարակական գործիչների եւ լրատվամիջոցների մի չարամիտ խումբ, որը սնվում է արեւմտյան դրամաշնորհներով եւ բորբոքում է «հակառուսական տրամադրություններ»: Իհարկե, մեր երկրում կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց ասածներն ու գրածներն ուղղորդվում են դրսից, այդ թվում` արեւմտյան կառույցներից եւ երկրներից: Բայց եթե նույնիսկ 1000 լրատվամիջոց եւ 1000 հ/կ լծվեին «հակառուսական» քարոզչությանը, կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լիներ Արագածոտնի մարզի չափ, դա չէր ստեղծի Ռուսաստանի հանդեպ այն բացասական վերաբերմունքը, որն այժմ կա հայաստանյան հասարակության մեջ:
Որովհետեւ այսօր ՀՀ ցանկացած շարքային քաղաքացու հայտնի է, որ Ռուսաստանը, իբր մեր դաշնակիցը լինելով, զինում է մեր ռազմական հակառակորդին, որ այդ երկիրը Ղարաբաղյան բանակցություններում ներկայացնում է ադրբեջանական տեսակետը, որ Գյումրիում հայ ընտանիք սպանած ռուսաստանցի զինվորը ոչ մի վայրկյան չէր գտնվում հայաստանյան իրավապահների իրավասության տակ, որ Ռուսաստանը խոչընդոտում է Իրանի, Վրաստանի, ԵՄ երկրների հետ մեր տնտեսական կապերին եւ այլն:
Դրանք փաստեր են՝ գնահատականներ կամ մեկնաբանություններ չեն: Ընդ որում՝ այնպիսի փաստեր, որոնք չեն հերքվում եւ չեն թաքցվում ոչ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Եթե ես չթվարկեմ այդ փաստերը, դրանք ոչ մի տեղ չեն կորի, չեն անհետանա: Հայաստանում ամեն մի փողոց ավլող եւ ակադեմիկոս դրա մասին գիտի, եւ մարդկանց պետք չէ «բզել», որպեսզի նրանք ունենան համապատասխան կարծիք: Իշխանությունների այն փաստարկը, թե, այո, վատ է, բայց եթե ռուսները չլինեն, ավելի վատ կլինի, շարադրված է պայմանական եղանակով, եւ այդ պատճառով մեծ ազդեցություն չի թողնում:
«Հայաստանով զբաղվող» ռուսաստանցի պաշտոնյաներին թվում է, սակայն, որ ինչ-որ մեկը մեր քաղաքացիներին «բզում» է, որ հայերը 200 տարի շարունակ սիրել են ռուսներին, եւ հանկարծ «չարամիտ Արեւմուտքի», «նրան ծառայող» հ/կ-ների եւ լրատվամիջոցների դրդմամբ դադարել են սիրելուց: Բնականաբար, ամեն երկիր իր շահն ունի, եւ Ռուսաստանը որպես պետություն պիտի անի այն, ինչ իր շահերից է բխում` միայն Զորի Բալայանի նման մարդիկ են կարծում, որ պետք է օտարին բացատրել իր շահը, եւ նա «կհասկանա» ու կդառնա «հայանպաստ»: Բայց սպասել, որ այդ շահերի իրականացումը Հայաստանում բուռն հրճվանք է առաջացնելու, պարզապես իրատեսական չէ հիշյալ չինովնիկների կողմից:
Կարդացեք նաև
Ընդհանրապես ես նկատել եմ, որ հետխորհրդային տարածքում չափազանցված նշանակություն է տրվում քարոզչությանը: Մեր իշխանություններին նույնպես միշտ թվում էր, որ, ասենք, 150 հազար դրամով տուն պահող տղամարդուն, եթե ճիշտ բացատրես իրավիճակը, նա չի բողոքի իր կյանքից եւ «ըմբռնումով կմոտենա»: Բայց ոչ մի խոսք, ոչ մի քարոզ այդ 150 հազար դրամը 160 հազար դրամ չի դարձնի: Իրականությունը մնում է նույնը` անկախ նրանից, թե ով ինչ է քարոզում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե ժամանակին տղամարդուն քարոզած լինեին ճիշտ գրքեր կարդալ, ապուշ մասնագիտություններ չընտրել, ընտրած մասնագիտության մեջ հմուտ լինել և այլն, տղամարդը հնարավոր է ստանար շատ ավելին քան 150 հազարը: Այսինքն իրականում քարոզից իրականությունը կփոխվեր: Ուղղակի ճիշտ քարոզներ են պետք:
Ինձ թվում է պետք է տարբերակել, մի գուցե բացատրել, որ Հայաստանում տրամադրությունները “հակառուսապետական” են, այլ ոչ թե “հակառուսական”: Սրանք տարբեր բաներ են: Համոզված եմ, որ ՌԴ-ում կարելի է գտնել միլիոնավոր ռուս մարդիկ, ովքեր նույնպես չեն սիրում ռուսական պետությունը, բայց սիրում են սեփական ազգը:
Ո՞ր մասը դուրներդ չեկավ, որ նորից հանեցիք գրածս:
Ոչինչ չենք հանել
Մի հարց տամ էլի, ընկեր Աբրահամյան ջան: Ռայոնի տղա եմ, լավ չեմ հասկանում: Կա՞ որևէ մեկը, ով հավատում է, որ 6-7 ամիս հետո կայանալիք ընտրություններց հետո էս տղուն (Կարապետյան) թողնեն վարչապետ: Էս մի քանի ամսվա մեջ ի՞նչ կարող է անել նա, եթե նույնիսկ խելացի ու ազնիվ մարդ է (հիմա բան էր`ասեցի): Նայում եմ մամուլը ու բան չեմ հասկանում`երևի բոլորով ինչ որ բան գիտեք`ինձ չեք ասում:
Անգամ մը եւս եւ ինչպէս գրեթէ միշտ, խնդրի ներկայացումը բաւարար խորաթափանց չէ: Կասկած չկա թէ գոնէ այս Խմբագիրը կարողությունը ունի աւելի խորացնելու իր արծարծած նիւթերը, սակայն կարծես ուզելով հարմարիլ ընթերցողների մեծամասնության – ենթադրյալ – մակարդակին, քննարկումը դիտմամբ պահում է մակերեսային:
Արտաքին արեւմտյան ազդեցությունները (որոնց մասին վստահ եմ որ այսօր կարդացիք այդ միւս – մինչդեռ ընդհանրապէս այդ ուղղությամբ «կասկածելի» համարվող… – լրատվական գործակալության սփռած զարմանալի յօդվածին մէջ…) կը միտին Հայաստանը դէմ հանել Ռուսաստանի, լաւ. այս մէկը ամենքս հասկացանք, հստակօրէն տեսնում ենք:
Սակայն՝ ի՞նչ է հիմնական նպատակը այդ ռազմավարութեան: Որ Հայաստանի միանա Արեւմուտքի՞ն: Ոչ, այդ չէ էական նպատակը: Որովհետեւ անոնք – մեզանից լաւ – գիտեն թէ այդ չի լինելու, չի ստացվելու:
Հայաստանը Ռուսաստանի դէմ հանելով, անոնց բուն նպատակը պարզապէս մեր «տունը քանդել» է, Հայաստանը հրել է՝ անդունդի մէջ: Անկէ ետք, իրենց հոգը չէ թէ միացել ենք իրե՜նց, կամ ոչ: Իրենց ինչի՞ն է պէտք մեր նման տկար երկիր եւ բաժան-բաժան ժողովուրդ… Ուզում են պարզապէս քանդել, եղածը իսկ փճացնել, թոյլ չտալ որ յանկարծ սկսենք ոտքի կանգնիլ. վնասելու համար իրենց ռուս թշնամիին, եւ ի նպաստ իրենց թուրք դաշնակիցին:
Ամեն խելքը գլխին մարդ սկզբունքներ ու խիղճ ունի ու անկախ հանգամանքներից սրբորեն հետեւում է դրանց, ամեն խելքը գլխին պետություն օրենքներ ու գաղափարախոսություն ունի ու անկախ գերհզոր ուժերից սրբորեն հետեվում է դրանց: Համապատասխանորեն՝ ախմախ մարդը ոչ սկզբունք ունի ոչ էլ խիղճ ու պատեհապաշտ է, իսկ ախմախ պետությունը ոչ սուրբ օրենք ունի ոչ էլ գաղափարախոսություն ու նույնպես պատեհապաշտ է: Մեզ պետք են գաղափարախոսություն ու օրենքներ, որոնց բոլոր հայերը սրբորեն կհետեւեն՝ անկախ սեռից, կրոնից, քաղաքացիությունից, նյութական ու մտավոր ու այլ հնարավորություններից: