Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանին պետք է շնորհակալություն հայտնենք»

Սեպտեմբեր 14,2016 17:30

Օֆշորային հանճարը, ՀՀԿ-ական խարդավանքները, Կարեն Կարապետյանի եւ
Կարեն Շինարարի նմանությունները՝ ըստ Գուրգեն Եղիազարյանի

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը կտրականապես համաձայն չէ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո առավելապես հնչող այն տեսակետների հետ, որ նա իր աշխատանքում զլացել, ծուլացել կամ թերացել է: «Իր նշանակման առաջին իսկ օրն ասացի, որ ողջունում եմ Հովիկ Աբրահամյանի մուտքը մեր տնտեսություն, քանզի նրա պես մարդ է հարկավոր՝ այն ոտքի կանգնեցնելու համար: Հայտնի դեմքը` օֆշորային հանճարը, այնպես էր ամեն ինչ պայթեցրել, երկրում այնպիսի վիճակ էր ստեղծել, որ կանգնած էինք դեֆոլտի շեմին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Եղիազարյանը` իբրեւ իր ասածի հաստատում բերելով ամերիկյան հայտնի կազմակերպության զեկույցն այն մասին, թե ինչպես «իմ եւ ձեր երկրից տարեկան մեկ միլիարդ դոլար է գնացել անհայտ ուղղությամբ»: Խոսքը, ընդհանուր առմամբ, 9 միլիարդ 800 միլիոն դոլարի մասին է:

«Իբրեւ մի տնտեսություն ունեինք, նման դոլարի հոսք է տեղի ունեցել… Այս վիճակում Հովիկ Աբրահամյանը եկավ եւ ամենատարօրինակն այն է, որ հանդիպեց յուրայինների դիմադրությանը»,- հայտարարում է մեր զրուցակիցը` մանրամասնելով. «Հին իշխանական թեւը սկսեց հետապնդումներ, տարբեր հոդվածներ, ասեկոսեներ, տարբեր միջոցառումներ` իրենց վարչապետի դեմ: Օրինակ՝ Գառնիի դեպքերը, որ լուսաբանվում են, ես կասեի՝ ուղղորդվում էր իշխանամետ հեռուստաընկերության կողմից: Մենք դեռ պետք է շնորհակալություն հայտնենք Հովիկ Աբրահամյանին, որ նրան հաջողվեց երկիրն այդ վիճակից հանել»:

Գուրգեն Եղիազարյանը համաձայն չէ նաեւ մեր դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին հայրենի տնտեսությունը զարգացման նշաններ չգրանցեց, ավելին՝ հասարակությունն այդպես էլ չտեսավ նրա տված այն խոստման արդյունքը, որ լավ է լինելու: «Գրանցեց, 4-5 տոկոս տնտեսական աճ, բայց դա մեր երկրի համար բավարար չէ: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է շնորհակալություն հայտնենք. չէ՞ որ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ «մինուսով» ընդունեց: Շնորհակալություն պիտի հայտնենք, որ այդ ամենը չխորացավ` չնայած լրջագույն դիմադրությանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի` Հովիկ Աբրահամյանի անհաջող փորձին էլ, Գուրգեն Եղիազարյանը նկատում է. «Հայաստանը ամենակոռումպացված երկրներից մեկն է՝ ըստ միջազգային սանդղակի, եւ եթե դուք կարծում եք, որ 2 տարի 2 ամսում կոռուպցիայի դեմ Հովիկ Աբրահամյանը կարող էր պայքարել` չարաչար սխալվում եք: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը մեկ-երկու օրվա խնդիր չէ: Եվ հիշեք մի բան` Հայաստանում վարչապետը չի կարող կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ ուժայիններն իր ենթակայության տակ չեն»: Նոր վարչապետին էլ Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս գոնե մեկ ուժային կառույց իր ենթակայության տակ վերցնել, որպեսզի կարողանա մնացածների ախորժակը մի փոքր կասեցնել: Այլապես կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է համարյա անիրագործելի բան:

Մեծ հաշվով՝ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը ներիշխանական խարդավանքների զոհ դարձավ: Բայց իր դիտարկումներով` խարդավանքներով զբաղվող իշխանական այդ թեւը սկսում է զիջել դիրքերը` տեղ տալով ավելի խելամիտ մարդկանց: Նրան, սակայն, ավելի զարմացնում է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ՀՀԿ-ի որդեգրած լռությունը. «ՀՀԿ-ի կարկառուն գործիչները կարող են, չէ՞, ոչ շինծու երկու բառ ասել, թե օրինակ՝ ի՞նչ արեց հանրապետության համար Հովիկ Աբրահամյանը` իր կյանքի հաշվին, երբ գիշեր-ցերեկ ոտքի տակ էր տալիս հանրապետությունը` էս ցավից էն դարդին: Մտածում եք, որ այդ մարդիկ վաղը-մյուս օրը կարող է օգնե՞ն Կարեն Կարապետյանին: Իհարկե` ոչ: Բայց ասեմ` այն մարդուն չեն հանդիպել: Նրա մոտ կստացվի, եթե իր թիմով գա: Ի դեպ, Կարեն անունը ՀՀ-ի համար խստագույնս դրական է, եւ այս Կարապետյանն էլ արտաքնապես շատ նման է մյուս` Կարեն Շինարարին»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930