Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւմ էր նեղացրել Հովիկ Աբրահամյանը

Սեպտեմբեր 14,2016 17:00

Ռուսները խիստ ոգեւորված են

ՀՀ արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական գործընթացներին առնչվող նշանակալի իրադարձությունները մշտապես կապվել ու կապվում են Ռուսաստանի հետ: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ նրա պաշտոնում «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընտրության հարցը եւս ասոցացվեց Մոսկվայի որոշման հետ:

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի համոզմամբ, օրինակ, Կարեն Կարապետյանի նշանակումը նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին, ու քանի որ Հայաստանում բարդ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակ է՝ «ճիշտ կլինի հետեւել ռուսամետ վեկտորին»: Հիմնավորումը հետեւյալն է. «Հայաստանին դա անվտանգություն կերաշխավորի»: Եվսեեւը համարում է, որ ՀՀ ղեկավարությունը Կարեն Կարապետյանի ընտրության հարցում խորհուրդներ է ստացել Կրեմլից:

ՌԴ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն ավելի «պայծառատես» է. «Տպավորություն է, որ վերջին շրջանում ՀՀ-ն ու ՌԴ-ն կանգնած են միասնական պետություն ստեղծելու շեմին, ինչպիսին ստեղծվել է ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ»,- ասել է նա Tert.am-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ քանի որ նոր վարչապետը ՌԴ-ում լուրջ կապեր ունի՝ «լուրջ հիմք կդառնա տնտեսական ռենեսանսի համար»: Եվ ոչ միայն՝ խոստանում է փորձագետը. «Շուտով առաջընթաց կլինի նոր ունիվերսալ անվտանգության համակարգի ստեղծման ճանապարհին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հնարավոր է՝ Հայաստանի հարաբերությունների նորմալացում հարեւանների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի: ՌԴ-ն հատկապես Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերություններում որպես միջնորդ է հանդես գալիս: Մոտ ժամանակներում կլինեն հարաբերությունների նորմալացման ուղղությամբ տարվող առավել ինտենսիվ քայլեր»:

Ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին Մոսկվայում

Կարո՞ղ էր Մոսկվան Սերժ Սարգսյանի առջեւ Հ. Աբրահամյանի փոփոխության հարց դնել: Միանգամայն հնարավոր է: Անկախ նրանից, որ Հովիկ Աբրահամյանի կառավարման շրջանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փուլն էր՝ դրանից բխող բացասական հետեւանքներով, Հայաստանի տնտեսական անկմամբ, այսուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը մի քանի հայտարարություններ էր արել, որոնք կարող էին դուր չգալ ռուսական կողմին:

Նախ՝ անդրադառնանք կառավարության նիստում վարչապետ Հ. Աբրահամյանի վերջին ելույթին, որում նա հայտնեց, որ «որոշել է հրաժարական տալ»: «Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,- նշեց Աբրահամյանը եւ գալով կատարված աշխատանքներին՝ ասաց. «Վերականգնվել եւ էապես արագացել են Իրանի եւ Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առեւտրի գործառնական ծախսերը եւ մեղմել 2015թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը»: Այնուհետեւ նա շեշտեց. «Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝ Որոտանի կասկադ ներդրվեց $180 մլն, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը»:

Մի կողմից՝ Հ. Աբրահամյանն, իր խոսքում նշում է, որ հենց իր կառավարման շրջանում է ԵՏՄ-ին անդամակցությամբ հնարավոր դարձել նվազեցնել արտաքին առեւտրի գործառնական ծախսերը, բայց մյուս կողմից ընդգծում է Իրանի, Վրաստանի հետ ծրագրերը, ամերիկյան ներդրումները: Այժմ դառնանք ավելի վաղ Հ. Աբրահամյանի այն հայտարարություններին, որոնք ռուսական կողմին կարող էին դուր չգալ:
Մի քանի ամիս շարունակ պաշտոնական Թեհրանից հայտարարություններ էին հնչում այն մասին, որ Իրանը էլեկտրափոխանցման լարերի 3-րդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու տարբերակը: Այս մասին փետրվարին հայտարարեց Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին: Պաշտոնական Թեհրանը շարունակում էր Հայաստանի զարգացման տեսանկյունից ուշագրավ ուղերձներ հղել պարբերաբար՝ կարծես հասկացնելով, որ Հայաստանը Իրանի հետ նոր մակարդակի փոխշահավետ հարաբերություններ հաստատելու հնարավորություններ ունի: Իսկ ռուսական կողմը համառորեն լռում էր:

Այս ֆոնին ուշագրավ հայտարարություն հնչեց Երեւանից: Փետրվարի 4-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հ. Աբրահամյանն ասաց. «ՀՀ տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»:

Սա, Հ. Աբրահամյանի կողմից գազի գնի իջեցման թեմայով հրապարակային երկրորդ հայտարարությունն էր: Հունվարի 16-ին Հ. Աբրահամյանն ընդունել էր կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների եւ հայտնել էր, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով: Գործարարները խնդրել էին նախկին վարչապետին, ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետն ընդգծել էր, որ ՌԴ-ի եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին եւ հաշվի առնելով ՌԴ-ի հետ Հայաստանի գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Փաստացի, պաշտոնական Երեւանը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, երկու անգամ գազի գնի հարցը հրապարակայնացրեց:

«Հույսով հո չե՞նք ապրի 100 տարի…»

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Թեհրանը փորձում է Իրանի հյուսիսային Ռեշթ քաղաքը երկաթուղով կապել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: «Մենք զարգացնում ենք բոլոր երկաթուղիները՝ Ռեշթից մինչեւ Զենջան եւ Թավրիզ: Այդ երկաթուղին քաղաքները կկապի Թուրքիայի, Հայաստանի եւ Նախիջեւանի հետ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Իրանը նախատեսում է ընդլայնել երկաթուղային հաղորդակցությունը մինչեւ Իրաք, Սիրիա եւ Քրդստան:

«Առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»՝ դեռ 2008թ. հոկտեմբերին ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած իր ուղերձում խոստացել էր Սերժ Սարգսյանը: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ` ամիսներ առաջ հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարների թեմայով ուշագրավ հայտարարություն էր արել նաեւ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն՝ նշելով, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրված են երկաթգծի կառուցմամբ:

Հունվարին Թեհրանում բանակցություններ վարած տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ: Իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի-Վայոց ձոր-Սեւանի փոխարեն՝ Մեղրի-Վայոց ձոր-Երասխ:

Անցյալ տարի փետրվարին հետաձգվեցին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների՝ ճանապարհային քարտեզի ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները՝ այդ մասին հայտնել էր Գագիկ Բեգլարյանը՝ պայմանավորելով կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշումը: Փետրվարին կառավարության նիստում որոշվեց, որ բանակցելով կոնցեսիոների հետ՝ մինչեւ 2015թ. մայիսի 30-ը ՀՀ կառավարությանը պետք է ներկայացվի առաջարկություն՝ Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների եւ մեխանիզմների վերաբերյալ: Այդ օրը Գագիկ Բեգլարյանը նշել էր, թե հույս ունեն: «Հույսով հո չե՞նք ապրի հարյուր տարի»,- հակադարձել էր Հովիկ Աբրահամյանը:

Ռուսական կողմի արձագանքը հայ-իրանական երկաթգծի կառուցման առնչությամբ իսկապես զավեշտական թեմա է: Անցյալ տարի հունիսին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար. «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»: Մինչդեռ 2014թ. նույն Յակունինը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է: Մի քանի ամիս անց, սակայն, Յակունինի հոռետեսական մոտեցմանը ռուսական կողմից այլ գնահատական հետեւեց: Սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը հավանական էր համարում. «Իրատեսական եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ ՀՀ վարչապետն առաջիկայում Չինաստանում իր գործընկերոջ հետ քննարկելու է երկաթգծի շինարարության ֆինանսավորման հարցը»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պաշտոնական դիրքորոշումը մի քանի անգամ փոփոխության ենթարկվեց վերջին մի քանի տարիներին: Հավանաբար, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրով ընդամենը Պեկինի հետաքրքրվածությունը Մոսկվայում որոշակի շահագրգռվածություն էր առաջացրել, եւ ոչ ավելին:

Գազի տարանցման ծրագիրը

ՀՀ-ում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին մի առիթով անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Տարեսկզբին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտնեց, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Քամելին ասել էր, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 մլն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել էր նաեւ, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է:

«Ազատություն» ռ/կ իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մինասյանը փոխանցել էր, որ Թեհրանում կարծում են՝ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը. «Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն` նոր գազամուղի եւ այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաեւ Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա»:

Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1400 մմ, սակայն շատերի համոզմամբ՝ ՌԴ ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 մմ-անոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնը ապահովել մինչեւ 2 մլրդ խմ գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Սակայն անցյալ տարի հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «ՀայՌուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին՝ մոտ 40 մլն դոլարով:

Եթե այս ամենին գումարենք նաեւ անցյալ տարի ամռանը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները կրեատիվ պաստառներով` «Բիբին, դու մի բզբզա», «Ղուրբան եղնիք բիբինիս», «Վաճառվում է Բիբինը 7 դրամ», ապա կարելի է եզրակացնել, որ Մոսկվան Հովիկ Աբրահամյանի գործունեության առանձին դրվագներով, մեղմ ասած, այնքան էլ հիացած չէր լինի:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930