Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր վարչապետ նշանակելով՝ հանրության ուշադրությունն են ուզում շեղել ընտրություններից»

Սեպտեմբեր 14,2016 16:30
vahagn xachatryan

«Այս համակարգը կոչված է սպասարկելու կոռուպցիայի մաս կազմող մի խումբ մարդկանց շահերը, մեր շահերը չեն համընկնում նրանց շահերի հետ: Անձի փոփոխությունը որեւիցե ազդեցություն չի ունենա ժողովրդի բարեկեցության վրա»,- ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս նշանակումը կփորձեն հանրությանը այնպես մատուցել, թե ինչ-որ մարդկանց են բերում, իբր փոփոխություն է: Բայց իրականում բան չի փոխվելու՝ վստահ է Խաչատրյանը: Որպես իր ասածի հաստատում՝ Խաչատրյանը հիշեցրեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, ՊԵԿ եւ ֆինանսների նախարարությունների ժամանակին վերամիավորումը, հետո նորից՝ անջատումը. «Երկու դեպքում էլ նույն հիմնավորումներն էին բերում՝ թե՛ անջատելու եւ թե՛ միավորելու դեպքում: Այնպես որ՝ վարչապետի նշանակումով մոտավորապես նույն բանն է»:

Պարոն Խաչատրյանի համոզմամբ՝ այդ դեմքերի փոփոխությունը ոչ թե Սահմանադրության նորմը կատարելու համար է, այլ չկատարելու:

«Սահմանադրությունում այդ կարեւոր նորմը քաղաքացին է, բայց պրակտիկայում քաղաքացին անտեսված է, միշտ մոռացվում է: Քաղաքացիները պաշտոնյաների հետ շփվելով՝ հասկանում են՝ կներեք, կեղտի մեջ են: Ես համարում եմ, որ դա կեղտ է, որովհետեւ ես եւ դուք մեր առօրյա կենսական հարցերը լուծելու համար անպայման պիտի շփվենք կոռուպցիոներների հետ»,- ասաց տնտեսագետը:

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ապա 2018-ին ավարտվելու են ՀՀ նախագահի լիազորությունները, ապա, ըստ նոր Սահմանադրության, վարչապետին ընտրելու է Ազգային ժողովը: Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը այս կարճ ժամանակի համար գալիս աշխատելու որպես վարչապետ՝ հատկապես, որ դժվար թե մի քանի ամսում կամ մեկ տարում լրջագույն արդյունքներ արձանագրվեն: Վահագն Խաչատրյանն այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Չեմ կարող ասել, այդ հարցն իրեն է պետք ուղղել: Կամ գուցե քաղտեխնոլոգները մեկնաբանեն: Բայց այս համակարգի ներսում այլ տրամաբանություն է աշխատում, նրանց տրամաբանությունները չեն համընկնում այլ տրամաբանությունների հետ»:

Պարոն Խաչատրյանը Հայաստանի ներկայիս իրավիճակը դիտարկելով՝ կարծում է, որ անդունդի եզրին ենք. «Կործանման ենք գնում, դրա ապացույցն արտագաղթն է, տնտեսությունում որեւէ բան չի փոխվում: Ներդրումների մասով՝ 14 միլիարդ դրամի պակաս կա ուղղակի ներդրումներում, -98 միլիարդ էլ՝ անուղղակի, պետբյուջեի թերհավաքումներն էլ մոտ 33 միլիարդ դրամ են: Այս դեպքում հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ստանձնում այդ պաշտոնը: Ամեն ինչ սահման է ունենում, թե՝ երբ, չգիտեմ, բայց այդ սահմանագծին մոտեցել ենք, ամեն ինչ կանգնած է: Այս փոփոխությունը կարող է արվել է ընտրություններից առաջ մեր ուշադրությունը շեղելու համար: Դե, պատկերացրեք՝ մի ամիս պետք կլինի նոր կառավարություն ունենալու համար, 2 ամիս էլ՝ մինչեւ սովորենք նոր մարդկանց, հետո հունվարը կգա-կանցնի, մի երկու ամիս էլ, ու ընտրություններ են: Իմ կարծիքով՝ այս փոփոխությունը երկրում ոչ մի խնդիր չի լուծի»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930