Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտի Ալաշանում փոքր Թալիշն է հիմնվում

Սեպտեմբեր 14,2016 16:00

Թալիշն ապրիլի 2-ից հետո, կարելի է ասել, դատարկ է, ապրիլյան պատերազմի օրերին տեղահանված թալիշցիները, չնայած դեռ չեն կարող վերադառնալ գյուղ, բայց գնում՝ բերքահավաք են անում՝ թուզ, նուռ են հավաքում իրենց այգիներից:

«Առավոտի» հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ասում է՝ գյուղ վերադառնալու մասին խոսք չկա, ոչ էլ տները վերականգնելու աշխատանքներ տանելու իմաստ կա: Պետրոսյանն ասում է՝ դեռ վտանգ կա, եւ այս վտանգը այն չէ, որ պատերազմի հոտը դեռ օդում է, պատերազմը նոր բան չէ, պարզապես հակառակորդի դիրքերն են շատ մոտ գյուղին:

Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել էր Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս. ապրիլյան պատերազմից հետո այստեղ են բնակություն հաստատել թալիշցի մոտ 30 ընտանիք:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր, նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ Արցախի նախագահի այցելության ժամանակ բնության գրկում սեղան են գցել, մի 150 հոգով սեղան նստել՝ հա՛մ մի լավ քեֆ են արել, ասել-խոսել, հա՛մ էլ խնդիրները քննարկել:

Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասը Արցախի գեղատեսել վայրերից մեկն է, Սարսանգի ջրամբարի ափին, այստեղ խորհրդային տարիներին հանգստյան տուն է եղել, որտեղ ժամանակին ղեկավար դեմքերն են հանգստացել: Այս հանգստյան տունը հետո դարձել է զինվորական հոսպիտալ: Թալիշի գյուղապետն ասում է՝ այժմ հոսպիտալի մի հատվածը վերանորոգվել է, եւ այն հիմա թալիշցի երեխաների համար դարձել է դպրոց, արդեն 22 աշակերտ կա, նրանց թիվն ավելանալու է՝ նոր ընտանիքների հաստատվելուց հետո: Դպրոցը կահավորված է, ունի բոլոր անհրաժեշտ կահույքն ու հարմարությունները, շուտով դասարաններն էլ կառանձնացնեն:

Վիլեն Պետրոսյանն ասում է՝ հիմա Ալաշանում 28 ընտանիք է ապրում՝ տեղի տներում տուն կա, որտեղ երկու ընտանիք է ապրում: Գյուղապետի ներկայացմամբ՝ հիմնական խնդիրը կացարանով ապահովելն է. արդեն պայմանավորվածություն կա՝ ֆիննական տնակներ է Արցախի կառավարությունը պատվիրել, մոտ 1,5 ամսից տնակներն արդեն Ալաշանում կլինեն, ու 20 տնակում բնակարանամուտ կնշի 20 թալիշցի ընտանիք: Ալաշանը հիմա 114 բնակիչ ունի, այս տեղամասում հաստատվելու ցանկություն են հայտնել մի քանի թալիշցի ընտանիքներ, բայց գյուղապետն ասում է՝ տեղ չկա, հետո գուցե այդ հարցը լուծվի. «Իմ տանը Թալիշի պատմության ուսուցչուհին է ապրում, չեն կարողանում Չարենցավանում ապրող իր ընտանիքին բերեն»:

Թալիշցիները Ալաշանում նոր կյանք են սկսում, արդեն բուժկետ կա, 2 խանութ է գործում, գյուղապետն ասում է՝ մի քիչ կտրված տեղ է, բայց առաքիչները սնունդը բերում հասցնում են, բանջարեղենի առեւտրով զբաղվողներն էլ Ալաշանը չեն շրջանցում, գյուղմթերքը հասցնում են: Պարոն Պետրոսյանն ասում է՝ արդեն 7 ընտանիք թվային հեռուստատեսությունից է օգտվում, շուտով էլի մի քանի ընտանիքներ էլ կօգտվեն, ինտերնետի հարցն էլ շատ շուտով կլուծվի:

«Ալաշանում փոքր Թալիշն է հիմնվել»,- ասում է գյուղապետը:

Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրը թալիշցիները բոլորը տարհանվել են. խուճապային այդ ժամերին ով որ ուղղությամբ կարողացել է՝ ճանապարհ է բռնել: Թալիշցիների մի մասը Հայաստանի տարբեր քաղաքներում է հաստատվել՝ հիմնականում Չարենցավանում, Վանաձորում, մեծ մասը Ստեփանակերտում է բնակություն հաստատել, Հայաստանում տանիք գտածներից շատերը վերադարձել են Արցախ:

Վիլեն Պետրոսյանն ասում է՝ Թալիշը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ 500-ից ավելի մշտական բնակիչ է ունեցել, 67 էլ՝ ժամանակավոր, Արցախում ներկայումս 230 թալիշցի է ապրում:

Թալիշ վերադառնալու մասին խոսելիս գյուղապետն ասում է՝ ժամանակի հարց է, մի օր անպայման կվերադառնան. «Մեր հայրենիքն է, կորցնելուց հետո զգում ենք նրա բարձր արժեքը: Ես ոչ մի պահ չեմ ուզում մտածել, որ մեր գյուղը կորցրել ենք, Թալիշը դարեր շարունակ մերն է եղել, իմ սերնդի մոտ այդ հարցը սուր է, մենք չենք կարող մտածել, որ մեր սերնդի մոտ կկտրվի Թալիշի պատմության թելը: Դրա համար ամեն ինչ պիտի կարգավորվի, ու մենք պիտի վերադառնանք: Մենք բարոյական իրավունք չունենք կորցնելու Թալիշը, դա մեր ազգի պատվի հարցն է»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930