Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյին Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնի կողմից «Ոսկե առյուծ» է շնորհվել՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրումի համար: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի կազմկոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Հեղինակավոր մրցանակը արտիստին հանձնել են փառատոնի նախագահ Պաոլո Բարատան, կինոֆորումի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան եւ դերասանուհի Սոֆի Մարսոն:
83-ամյա Ժան-Պոլ Բելմոնդոն իր կարիերան սկսել է 1953թ.-ից եւ նկարվել է ավելի քան 100 ֆիլմում: 2001-08թթ. նա չէր կարողանում նկարահանվել կինոյում՝ կաթվածի պատճառով, քանի որ ստիպված էր տեւական վերականգնողական կուրս անցնել: Դրանից հետո նա կրկին վերադարձավ նկարահանման հրապարակ, իսկ 2015-ին պաշտոնապես հայտարարեց կինոկարիերայի ավարտի մասին:
Հիշեցնենք, որ Ժան-Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում՝ քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում նա նախապատվությունը սպորտի փոխարեն տալիս է դերասանի մասնագիտությանը եւ ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն ակադեմիա: Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957թ. նկարահանված «Ոտքով, ձիով եւ ավտոմեքենայով» կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ եւ լռիր» կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» կինոնկարը։
«Առավոտ»
13.09.2016