Եվ ինչու էին հնագույն հուշարձանի վրա աշխատող մարդիկ զոհվում
Գիզայի Սֆինքսը աշխարհի հնագույն եւ ամենախորհրդավոր հուշարձաններից է: Այն տեղադրված է Գիզայի մեծ բուրգի հարեւանությամբ Նեղոս գետի ձախ ափին եւ նայում է դեպի Արեւելք: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն ավանդական չափանիշներով սֆինքս չէ, քանի որ ըստ հունական դիցաբանության՝ սֆինքսը կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թեւերով, ցլի պոչով արարած է: Այս քանդակը թեւեր չունի եւ տեսակով առանձնահատուկ է:
Հին եգիպտացիները այս ամեհի արարածին նախկինում Մեծ Սֆինքս չեն անվանել: Չնայած կառույցի տարեթիվը հայտնի չէ՝ ենթադրվում է, որ Մեծ Սֆինքսի դեմքը նմանեցված է մ.թ.ա. 2558-2532թթ. թագավորած Խեփրեն փարավոնին: Կարծիք կա, որ Մեծ Սֆինքսը եգիպտական բուրգերից էլ հին է: Իբրեւ փաստարկ՝ նշվում է, որ Սֆինքսի դեմքը եւ գլուխը վնասվել են տեւական ժամանակ ջրի տակ մնալու պատճառով: Այս վարկածի հեղինակների համոզմամբ՝ Սֆինքսն ավելի վաղ է կանգնեցված եղել, ու մ.թ.ա. 6-րդ հազարամյակում, երբ տարածքում հզոր ջրհեղեղ է եղել, տուժել է աղետից: Ամերիկացի հնէաբան Մարկ Լեւերը եւ նրա եգիպտացի գործընկեր Զահի Հավասսը Մեծ Սֆինքսի տեղակայման տարածքում գտել են հնագույն գործիքներ, ինչը, նրանց համոզմամբ, վկայում է, որ շինարարական աշխատանք կատարողները վայրկյան առաջ են հեռացել՝ չհասցնելով իրենց հետ վերցնել դրանք: Իմիջիայլոց, ովքեր աշխատել են Սֆինքսի վրա, վերջում զոհվել են՝ կոտրելով իրենց գլուխները:
Մասնագետները վստահ են, որ Մեծ Սֆինքսը կառուցել են ստրուկները, եւ այդ ծանր աշխատանքը ավարտին հասցնելու համար նրանց լավ են կերակրել, որպեսզի ուժ ունենան աշխատելու:
Թեեւ ներկայումս Սֆինքսը գորշ-ավազագույն է, սակայն ժամանակին ներկված է եղել վառ գույներով: Դրա հետքերը դեռ կարելի է տեսնել հուշարձանի դեմքին, մարմնին եւս կապույտ եւ դեղին ներկերի հետքեր են պահպանվել: Մեծ Սֆինքսը իր բազմադարյա գոյության ընթացքում քանիցս ավազի տակ է անցել, ընդ որում, առաջին անգամ՝ մ.թ.ա. 14-րդ դարում: Եգիպտական Փարավոն Թութմոս 4-րդի շնորհիվ է այն «ազատագրվել» ավազածածկույթից: Դրանից հետո կրկին թաղվել է ավազների մեջ: Վերջնականապես ավազների տակից դուրս է բերվել 1920-ականներին: Վերջին վերականգնման ժամանակ Սֆինքսը կորցրել է գլխի «սաղավարտը», վնասվել են գլուխը եւ պարանոցը: 1931-ին եգիպտական կառավարությունը լուրջ միջոցներ հատկացրեց ու հավաքեց ինժեներների խոշոր թիմ՝ պատմական հուշարձանը վերականգնելու համար: Նյութին հարազատ մնալու համար՝ վերականգնման ժամանակ փափուկ կրաքար օգտագործվեց: Իմիջիայլոց, 1988թ. Սֆինքսի ուսի 320 կիլոգրամանոց կտորը պոկվեց ու ներքեւ ընկավ, եւ միայն հրաշքով չզոհվեց շինարարական աշխատանքները լուսաբանող գերմանացի լրագրողը:
Մեծ Սֆինքսի քթի բացակայությունը եւս տարատեսակ ասեկոսեների տեղիք է տվել, անգամ լեգենդներ են հյուսվել: Դրանցից մեկը կապվում է Նապոլեոն Բոնապարտի անվան հետ: Ասում են, իբր, կայսրը հրամայել էր կտրել Սֆինքսի գոռոզությունը խորհրդանշող քիթը, մինչդեռ հուշարձանի ավելի վաղ շրջանի էսքիզները վկայում են, որ նա քիթը կորցրել է Բոնապարտի ծննդից շատ առաջ: Հուշարձանը էրոզիայի պատճառով կորցրել է նաեւ մորուքը, եւ որոշ մնացորդներ պահպանվում են Կահիրեի Բրիտանական թանգարանում:
Մեծ Սֆինքսը մարդկության ստեղծած հնագույն հուշարձաններից է, բայց ոչ Սֆինքսներից ամենահինը: Ամբողջական կրաքարե ժայռից կերտած այս արձանի երկարությունը 73մ է, բարձրությունը՝ 20մ։
Մեծ Սֆինքսի առեղծվածի շուրջ այլ վարկածներ էլ են պտտվում: Դրանցից մեկը հին եգիպտացիների՝ տիեզերքի հետ գերբնական կապի վերաբերյալ տեսությունն է, մյուսը՝ Մեծ Սֆինքսի, Բուրգերի եւ Նեղոս գետի կապն է Առյուծի եւ Օրիոն համաստեղությունների հետ:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ»
13.09.2016