Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհն այնպես է «փոքրացել», որ թվում է՝ մոլորակի վրա մեկ ազգ է ապրում»

Սեպտեմբեր 14,2016 15:00

Գերմանա-կորեական արմատներով ջութակահարուհին առաջին անգամ հանդես եկավ Հայաստանում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) կողմից անցկացվող հոբելյանական 10-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Ալեքսանդր Չաուշյան)՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Մինչ փառատոնի մեկնարկը՝ ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշել էր («Առավոտ», 11.08.2016թ.), որ փառատոնի նորույթներից է համագործակցությունը եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ելույթը գերմանական Ենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ապա հավաստիացրել, որ մեկ ամիս ձգվող փառատոնային երեկոներին հանդես կգան հիմնականում առաջին անգամ Հայաստան հրավիրված ճանաչված անուններ: Փառատոնի բացումը վստահված է երիտասարդ ջութակահար Վիվիան Հագներին (Գերմանիա):

Տիկին Սիրունյանի հավաստիացմամբ՝ երիտասարդ արվեստագետը հասցրել է հանդես գալ Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Չեխիայի, Նյու Յորքի, BBC-ի եւ այլ ճանաչված նվագախմբերի հետ, որոնք ղեկավարել են այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Աբբադոն, Աշկենազին, Բարենբոյմը եւ այլն: Իսկ այս համերգաշրջանում հայաստանյան ելույթից հետո նախատեսված է ջութակահարի բեմելը Իսլանդիայի, Պորտոյի, Սան Պաուլոյի եւ այլ սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ:

«Առավոտը» ներկա էր գլխավոր փորձին: Ջութակահարը ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերջին շտկումներն էր կատարում: Հնչում էր Դվորժակի Ջութակի կոնցերտը: Այս ստեղծագործությունը հաճախ չի կատարվում Երեւանում: Մենք մտաբերեցինք ժամանակին հիշյալ երկի մեկնաբանությամբ՝ դարձյալ ֆիլհարմոնիկի հետ հանդես եկած գերմանացի անվանի ջութակահար Յուլյա Ֆիշերին եւ մեր հայրենակից Անուշ Նիկողոսյանին: Ընդ որում, նրանց ելույթից հետո տեղացի մասնագետները նշում էին իրարից բացառապես տարբեր, բայց չեխ կոմպոզիտորի՝ Դվորժակի ասելիքին հարազատ մնալու փաստը:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Վիվիան Հագները ընտրել չեխ կոմպոզիտորի ստեղծագործությունը՝ այն դեպքում, երբ Գերմանիան աշխարհին տվել է մեծանուն կոմպոզիտորներ, կատակեցինք էլ, թե հայ ունկնդրին առաջին հնչյուններից գրավելու համար կարելի էր մատուցել, ասենք՝ Խաչատրյանի, Մանսուրյանի կամ Արեւմուտքում վերջին շրջանում հաճախ «կատարվող» Վաչե Շարաֆյանի գործերից, մանավանդ որ՝ երիտասարդ արվեստագետը Արեւմուտքում հայտնի է որպես 20-րդ դարի երաժշտություն տարածող:

«Ամեն ինչ կարելի է մատուցել… Ես ներկայացվում եմ իբրեւ գերմանացի երաժիշտ, բայց դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ կիսով չափ կորեացի եմ, մանավանդ՝ մեր օրերում աշխարհն այնպես է «փոքրացել», որ ինձ մեկ-մեկ թվում է՝ Երկիր մոլորակի վրա մեկ ազգ է ապրում, այնպես որ՝ գերմանացի, թե չեխ, հայ, թե իտալացի՝ տարբերություն չկա: Կարեւորը՝ ասելիքդ տեղ հասցնես»,- ասաց ջութակահարը: Հետո էլ շարունակեց. «Մինչ Հայաստան այցս շատ եմ շփվել հայ գործընկերներիս հետ, եւ ֆիլհարմոնիկի հետ հաճախ ելույթ են ունեցել գերմանացի երաժիշտներ: Նրանք հիացած ինձ պատմել են ե՛ւ հին մշակույթ ունեցող ձեր երկրի, ե՛ւ բացառիկ հայ ունկնդրի մասին: Ինչ վերաբերում է 20-րդ եւ 21-րդ դարերի ստեղծագործողների երկերը տարածելուն, այո՛, հանդես եմ գալիս համեմատաբար քիչ հայտնի, բայց իրենց արվեստում նոր խոսք հնչեցնող տարբեր ազգերի այնպիսի կոմպոզիտորների երկերի կատարումներով, ինչպիսիք են Սոֆյա Գուբայդուլինան, Կարլ Ամադեուս Հարթմանը, Ալբան Բերգը, Չին Ունսուկը, Վիտոլդ Լյուտոսլավսկին եւ մյուսները»: Մեր զրուցակիցը հավելեց, թե առաջիկայում երկացանկում կընդգրկվեն նաեւ հայ կոմպոզիտորներ:

Հետաքրքրվեցինք՝ Գերմանիայում անցկացվող ավանդական դարձած Կոմիտասի փառատոնի մասին տեղյա՞կ է արվեստագետը: «Ոչ միայն գիտեմ այդ փառատոնի մասին, այլեւ ունեմ մտերիմ գործընկերներ, որոնք հենց կոմիտասյան երկերով են մասնակցել փառատոնին: Չի բացառվում, որ առաջիկայում այդ միջոցառման շրջանակներում ես էլ ելույթ ունենամ: Բայց դրա համար անհրաժեշտ է շատ լավ պատրաստվել, քանի որ կատարելու եմ Կոմիտաս»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930