Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրության թանգարանի 40-ամյա հոբելյանը` առանց իսկական «սարդարապատցիների»

Սեպտեմբեր 14,2016 13:00

 Թանգարանի 40-ամյակը կլինի՞ առանց հիմնախնդիրների

Փոքր-ինչ սեֆիլյանական է հնչում, բայց չափազանց արդիական է, և մեղավորը իրականությունն է… իրականություն, որ լավագույն ու անգերազանցելի փաստարկն է բոլոր ժամանակներում:

Ես արդեն 5 տարի է՝ Ազգագարության թանգարանում չեմ, բայց դրանից թանգարանի տնօրենի «խնդիրները» ոչ միայն չեն պակասում, այլև ավելի են խորացել, և տնօրենի շուրջ աղմկահարույց սկանդալները շարունակվում են մինչ այսօր:

Վերջերս հայտնի դարձավ, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը թոշակի տարիքի հասնելու պատրվակով աշխատանքից ազատել է ևս երկու մասնագետի, որոնցից մեկը` Էլիտա Ղազարյանը, թանգարանի հիմնադրման օրից էր աշխատում` իրականացնելով կարևոր գործառույթներ (գիտաշխատողից` գլխավոր ֆոնդապահ, ապա` ցուցասրահի վարիչ, էքսկուրսիոն բաժնի վարիչ, ի վերջո` էքսկուրսավար), մյուսը` երկարամյա որակյալ վերականգնող վարպետ Հրաչ Հակոբյանն է, որն, ի դեպ, Մոսկվայի վերականգնողների միջազգային բարձրագույն որակավորման դպրոցում է որակավորվել և հսկայական աշխատանքներ իրականացրել ինչպես Հայաստանում (Պատմության թանգարան, Մշակութային արժեքների վերականգնման կենտրոն), այնպես էլ Հայաստանից դուրս, անգամ Արցախի թանգարաններում: Երկուսն էլ՝ տասնամյակների տեղական կադր:

Այնպես որ՝ երևանյան մասնագետներից` հօգուտ տեղական կադրերի, հրաժարվելու միֆը այստեղ ցրվում է՝ հատկապես երբ խնդիրը դիտարկում ես 2008-2014թթ. համատեքստում, երբ ոչ միայն նախկին, այլև սեփական «կոտրած ձեռքով» ընդունած բազմաթիվ տեղական կադրերից պարբերաբար ազատվել է «օ՛ֆ» չանելով: Երբեմն տպավորություն ես ստանում, որ մարդուն աշխատանքից ազատելը և նորին ընդունելը, ապա` վերջինիս ազատելը և նորագույնին ընդունելը կամ պարբերաբար հաստիքից հաստիք տեղափոխելը այս մարդու հոբբին է, որից նա գերագույն հաճույք է ստանում: Ինչևէ, մեր խնդիրն է այսօր՝ թանգարանի 38-րդ տարեդարձի առթիվ, նախ և առաջ շնորհավորել բոլոր նախկին ու ներկա թանգարանցիներին («սարդարապատցիներին»), ցանկանալ նրանց առողջություն, համբերություն, ուժ ու կորով, և հուսալ, որ գոնե 40-ամյա հոբելյանը նրանք կդիմավորեն առանց Արիստակեսյան-Պողոսյան զույգի և նրանց առաջ բերած հիմնախնդիրների:

Երկրորդ. փոքր-ինչ թարմացնելով հանրության հիշողությունը` անդրադարձ կատարել, մասնավորապես, այն հիմնախնդիրներին, որոնք առաջացրել է ինքը` տնօրենը, և որոնց մասին գրեթե չի բարձրաձայնվել:

Բանն այն է, որ թանգարանի գլխավոր հիմնախնդիրն արդեն տևական ժամանակ ինքը` տնօրենն է և իր պաշտելի մեծ մանիպուլյատոր փոխտնօրենը, որի ձեռքով են սովորաբար իրականացվում թանգարանի բոլոր սև գործերը: Ինչպես «Սելը ճռռալու տեղ` սելվորն է ճռռում»:

Ի պատասխան 2012թ. մայիսի 11-ին հեռուստածրագրերից մեկի «Մի թանգարան և բազում խնդիրներ» գրեթե միակողմանի հաղորդման մեջ Կ. Արիստակեսյանի հոխորտանքի, թե ինքը «34 տարվա հիմնախնդիրներ է լուծում», մենք նշել էինք, որ այդ հիմնախնդիրների 90%-ը ինքն է ստեղծել, ինչն այդպես էլ չհնչեց նույն ծրագրում
«…Թանգարանը «34 տարվա հիմնախնդիրներ» չունի՝ ինչպես փորձում է հեռուստադիտողին թյուրիմացության մեջ գցել տնօրենը. հիմնախնդիրներ ստեղծում է միայն ինքը` նորին մեծություն Կ. Արիստակեսյանը, որն օրախնդիր հարցերը չկարողանալով լուծել՝ դրանք այնքան է կուտակում, որ վերածում է հիմնախնդրի կամ դրանք «լուծում է» այնպես, որ իբրև հետևանք առաջ է բերում, մեղմ ասած, նոր խնդիրներ, իսկ ավելի ստույգ` հիմնախնդիրներ: Ավելին՝ նա ոչ միայն ժառանգված առանձին խնդիրներն է վերածում հիմնախնդիրների, այլև ինքն է ստեղծում նախադեպ չունեցող հիմնախնդիրներ այնտեղ, որտեղ անգամ խնդիր չկա:

Օրինակ`

ա) Գիտահետազոտական աշխատանք իրականացնելու համար ստեղծագործական օրերի հատկացումը, արխիվներից, գրադարաններից օգտվելու ու դաշտային-հավաքչական աշխատանքի իրականացման համար օրերի հատկացումը, ինչը 1980-ականների կեսերից ի վեր խնդիր չի եղել թանգարանում, պրն Արիստակեսյանի պաշտոնավարման օրոք դարձել է հիմնահարց գիտաշխատողի համար: Ավելին՝ իր պաշտոնավարման առաջին իսկ օրից խիստ սահմանափակվեցին տեղում թանգարանագիտական աշխատանքի հնարավորությունները գրեթե բոլոր ուղղություններով. աշխատանքային ռեժիմը դարձավ քարացած, անփոփոխ, գիտարշավները բացառվեցին («փող չկա թանգարանային արժեք ձեռք բերելու համար», «ֆոնդերում տեղ չկա ձեռք բերվելիք իրերի համար», իսկ ոչ նյութական արժեքների հավաքագրումն ու ներկայի վկայագրումն իր համար ընդհանրապես անընկալելի էր՝ «մութ անտառ»): Ֆոնդային աշխատանքը ևս բացառվեց, քանի որ իր խիստ կասկածամտության և իր նախորդ տնօրեն-կոլեգաներին բացարձակապես չվստահելու պատճառով ֆոնդադարանների 80 տոկոսը տևական ժամանակ փակվեց՝ մինչև որ վերջապես գտնվեց վերջին տարիներին երրորդ անգամ անընդմեջ, այս անգամ` բոլորովին իքնանպատակ հաշվառում իրականացնելու իր համար ընդունելի տարբերակը:

բ) Ընդմիջմանը թանգարանի դուռն այցելուների առջև փակելը, աշխատակիցներին պարտադրաբար շենքից դուրս բերելը, աշխատանքային օրվա վերջում, ոստիկանների հետ ցուցասրահների ընդունում-հանձնումն ավարտելուց հետո մինչև ուշ գիշեր մեկ-երկու հոգով մնալը և «աշխատելը», իր աշխատանքային օրը թանգարանում, որպես կանոն, երեկոյան ժ.17-ից հետո սկսելը, հանգստյան օրերին (երկուշաբթի) օֆիսի պես ուզած պահին իր մտերիմներով թանգարանը բացել-փակելը պարզապես ֆիկցիա են դարձրել ընդունում-հանձնումը՝ մասնավորապես և նյութապատասխանատվությունը՝ ընդհանրապես: Սա ևս տնօրենի նորօրյա աշխատակարգի աննախադեպ նորմ է:

գ) Գիտական ցուցադրության խնդիրներին անհարկի միջամտելը, ինչը որևէ այլ տնօրեն երբևէ իրեն թույլ չէր տվել (բացի հիմնադիր տնօրենից, որը մասնագետ էր), լուրջ հիմնախնդիրներ առաջ բերեց: Նախ և առաջ քանդվեց ու ոչնչացվեց հիմնական ցուցադրության թեմատիկ մուտք (պրեամբուլա) հանդիսացող, այցելուներին քաջ հայտնի ու նրանց կողմից սիրված Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, փոխարենն այն ամրագրվեց շենքի ճարտարապետի կենսագրության ներկայացմամբ, ինչի հետևանքով խաթարվեց նաև Ռաֆայել Իսրայելյանին նվիրված ցուցասրահի ճարտարապետական տեսքը (պատերին վահանակներ ֆիքսելով` կամարներն ու պատուհանները փակվեցին): Ի դեպ, տնօրենն ի սկզբանե մտադիր չէր քանդելու մանրակերտը: Այն ուներ որոշ ճաքեր, որոնք ամեն տարի մայիսի 28-ից առաջ կոսմետիկ փակվում, թարմացվում էին, և այն հանելու կամ նորով փոխարինելու խնդիր երբևէ որևէ մեկը չէր դրել:

Ուստի 2010-ի մայիսի 28-ից անմիջապես առաջ տնօրենի խնդիրը ոչ թե այն քանդել-ոչնչացնելն էր, այլ կից խորան տեղափոխելը, որպեսզի Ռաֆայել Իսրայելյանին նվիրված «նոր» ցուցադրությամբ ներկայանա նախագահին: Այս նպատակն այնքան աբսուրդային և որևէ տրամաբանության չենթարկվող էր, որ շատերն ավելի ուշ հասկացան: Բանն այն է, որ տնօրենը ճիշտ չէր հաշվարկել կից խորանում այն տեղադրելու և, ընդհանրապես, մանրակերտը տեղափոխելու տեխնիկական հնարավորությունը կամ պարզապես կարևորություն չէր տվել այդ հանգամանքին, քանի որ իր համար տվյալ պահին կարևորը ձևական պատրվակով Մայիսի 28-ին տարածք եկող նախագահին ամեն կերպ թանգարան հրավիրելն էր և իր «նորարարությունը» ներկայացնելը, հերթական «պտիչկան» ստանալը կամ սեփական գլուխը շոյված տեսնելը, ուրիշ ոչինչ: Եվ ամենևին էլ կարևոր չէր, որ Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակը 2 տարի առաջ էր լրացել` 2008-ին, որ ցուցանմուշները ճարտարապետության թանգարանից էին ժամանակավորապես պարտքով վերցվել: Այնպես որ՝ ցուցադրությունն այդ պահին ոչ տեղին էր, ոչ ժամանակին: Բարձրացված մեծ աղմուկի պատճառով նախագահն ընդհանրապես չմտավ թանգարան, բայց մավրն իր գործն արդեն արել էր…

դ) Ոչնչով չհիմնավորված կառուցվածքային փոփոխությամբ մասնագետին քարտուղարուհի կամ հեռախոսավարուհի դարձնելը, վերջինիս հոգեբանորեն կոտրելը և, ի վերջո` համաձայն դիմումի ազատելը (երիտասարդ մասնագետի կայացման խնդիր), նույնանուն երկրորդ բաժնի ստեղծումը (գիտամասսայական և հանրային կապերի) և առաջինի վրա իր հետ չառնչվող և իր ուղղվածությունից դուրս գործառույթների ամրագրումը («գայլին` խոտ, ոչխարին` միս» հանրահայտ առակի տարբերակով):

ե) Հուշարձան շենքի ներսում չհիմնավորված ձևափոխումները` աշխատասենյակ (ի դեպ` ուռճացած «ապարատի» համար) և իր համար լրացուցիչ հարմարավետություն ստեղծելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, երկրորդ հարկի ցուցասրահի մեջ բացվող իր աշխատասենյակի մուտքն ու ընդունարանը վերաձևելու մասին է և ազատված հատվածում սանհանգույց, թե բաղնիք կառուցելը, որի խողովակները հայտնի չէ, թե ինչպես, շրջանցելով ներքևի ցուցասրահի պատերն ու առաստաղը, վերից վար իջնում են գիտական բաժիններից մեկի անկյունապատով: Եվ դա այն դեպքում, երբ ավելի տարեց տնօրենները նման խնդիր չեն ունեցել, քանի որ թանգարանն իր նկուղային հարկում ուներ զույգ նման պրոֆիլի հաստատություն, մի զույգ էլ` շենքից դուրս, տարածքում կար:

զ) Կենտրոնական սրահը կոնկրետ ցուցադրությամբ ֆիքսելը և ժամանակավոր ցուցահանդեսների սրահը վերացնելը, ինչն իր հերթին նոր հիմնահարցեր առաջ բերեց: Հենց միայն այն հանգամանքը, որ հրավիրված դիզայները ստիպված է եղել եռագույն պաստառներով արևից պաշտպանել ներկայացված ցուցանմուշները, խոսում է այն մասին, որ մեկ ցուցադրությամբ սրահը ֆիքսելը անթույլատրելի է, էլ չենք խոսում սրահի ճարտարապետական տեսքը գցելու և, որ առավել կարևոր է, ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով ֆոնդային հավաքածուները շրջանառության մեջ դնելու հնարավորության վերացման մասին:

է) Տնօրենի հայտարարությունները, թե «1993թ.-ից պարկապզուկները փչացած են» կամ «2006թ.-ին ինքն իր ձեռքով է գրել (իմ մասին է խոսքը), որ փչացել են», բացահայտ կեղծիք է, քանի որ առկա է հանձնաժողովի արձանագրությունը, որին կցված ցանկում ներկայացված են հրատապ վերականգնման ենթակա տարբեր իրեր, այդ թվում` պարկապզուկները, որոնց մի մասը մասնակի վերականգնման կարիք ունեին, որոնք մեխանիկական խնդիր էին: Իսկ 2011թ.-ի սեպտեմբերին մեր կողմից պատահաբար բացահայտված փաստով բոլոր պարկապզուկները ոչ թե վնասված էին, այլ չիր էին դարձած, և անհնար էր դրանց վերականգնումը: Տնօրենը երեք ամիս խնամքով թաքցրել էր այդ փաստը գիտական կազմից, նաև այն, որ նախկին արձանագրության երկու բնօրինակը գլխավոր ֆոնդապահը չգիտես երբ և ինչու կորցրել էր… և պահպանված երրորդ ու միակ բնօրինակը գործավարի մոտ հայտնաբերվեց` բարեբախտաբար, կարված գործերին:

Բանն այն է, որ 2011թ.-ի գարնանը գորգի վերանորոգման նպատակով երեք տարի դատարկ մնացած զետեղարանից անձրևաջրերը հոսել էին դեպի կից զետեղարան, որն ամենախոնավն էր թանգարանի մյուս ֆոնդադարանների համեմատ, և որտեղ պահվում էր 50000-ի չափ իր, ուստի վերջինիս պայմանների առավել վատթարացման արդյունքում՝ գերխոնավ միջավայրում վնասվել էին վերը նշված նվագարանները: Ի դեպ, նույն ժամանակամիջոցում գորգերը և տարազի հավաքածուն տեղափոխված էին երկրորդ հարկի ուժեղ լուսավորված, կտրուկ չոր և անօդ հյուրասենյակ, ուր իրենց հերթին դանդաղ վնասվում էին (առանձին թեմա): Ինչևէ, վնասված նվագարանները առանձնացնելու, մասնագետի կողմից վերականգնելու հնարավորությունը ճշտելու, մնացած հավաքածուները արագ դուրս բերելու հրատապ միջոցներ ձեռնարկելու` իմ կողմից տնօրենին ներկայացված պահանջները մեկ ամիս շարունակ մնացին օդից կախված: Եվ միայն հոկտեմբերի վերջին՝ տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, որոշում ընդունեցի դիմել Հանրային խորհրդին` մասնագետների ձևաչափով քննարկելու թանգարանի ինչպես ներկա վիճակը, այնպես էլ մասնագիտական ու ընդհանրական հիմնահարցերը:

Ինչ վերաբերում է, տնօրենի լեզվով ասած, ժառանգված որոշ խնդիրներին` կապված ֆոնդային տարածքների սղության կամ երդիկների հետ, ապա դրանք առաջին հայացքից են խնդիր. եթե պարբերաբար շրջանառության մեջ դրվեն ֆոնդային հավաքածուները կամ բաց, ցուցադրական ֆոնդեր ստեղծվեն, որոնց համար լավագույն պայմաններ կան թանգարանում (մեր կողմից դրանք ժամանակին մատնանշվել են), ապա խնդիրը հիմնախնդրի չի վերածվի: Անհրաժեշտ է նաև մասնաճյուղ ունենալ Երևանում, որը նույնպես կլուծի հավաքածուների արդյունավետ պահպանման, ուսումնասիրման ու հատկապես շրջանառության խնդիրը: Իսկ երդիկները «փակելու» համար 72 մլն դրամի սպասելու փոխարեն՝ կարելի էր պարզապես տեղաշարժել առավել վտանգված տարազի հավաքածուն կամ գործվածքը: »իայն դրա համար հարկավոր է ցուցադրության կոնցեպցիայի մասնակի կամ ամբողջական փոփոխություն, որի համար անհրաժեշտ են լուրջ մասնագետներ, որոնց կարիքը թանգարանը շատ ունի, իսկ տնօրենը և փոխտնօրենը չունեն (ահա ևս մեկ հիմնախնդիր, որ առաջացրել է տնօրեն-փոխտնօրեն զույգը` չհաշված վերջիններիս անձնական ամբիցիաներն ու ստեղծած ավտորիտար ռեժիմը և իբրև հետևանք` արդեն երիտասարդ կադրերի հոսունության փաստը)»:

Անդրադառնալով 2014թ. միմյամց հետևած հարցազրույցում և մամլո ասուլիսում իբրև հաշվետվություն ներկայացված թանգարանի տնօրենի «ձեռքբերումներին», հարկ է նշել, որ որոշ ձեռքբերումներ առավելապես ոչ անտարբեր գիտաշխատողների համառ պայքարի արդյունք են, իսկ մնացածը հազիվ կարելի է ձեռքբերում համարել:
Ժամանակին միմյանց հետևած հարցազրույցի և մամլո ասուլիս-հեռուստաշոուի հերոս Կ. Արիստակեսյանը, հավանաբար, հույսը դրել էր հասարակության խոր ամնեզիայի վրա, երբ հանդիսավորաբար ներկայացնում էր իր գլխավոր «ձեռքբերումները»՝ մոռանալով, սակայն, որ դեռ ողջ են այն անձինք, ովքեր երբևէ իր հետ աշխատանքային շփման փորձ են ունեցել և կարող են ըստ հարկի վերականգնել հանրային հիշողությունը: Ու եթե վերջին միջադեպի բոլոր հետքերը կարողացել է վերացնել ու ջրից չոր դուրս գալ, ապա վերը նշված պարագայում նա ստիպված է ֆիզիկապես ոչնչացնել իր հետ առնչություն ունեցած բոլոր «վկաներին»: Կարծում եմ՝ մարդկային ռեսուրսի ներկա դեֆիցիտի պայմաններում դժվար թե իր հովանավորները դա թույլ տան:

Կ. Արիստակեսյանի գլխավոր կռվանը` նորոգված ֆոնդային տարածքները, ինչն իբրև մախաթ պարբերաբար մտցնում է բոլորի աչքը, ոչ մի առնչություն չունի ո՛չ իր նախաձեռնությունների, ո՛չ էլ իր բարի կամքի հետ: 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. գարունը ֆոնդերի հապճեպ վերանորոգումը հանրային պարտադրանք էր` ձեռք բերված առանձին մասնագետների անձնազոհության, աշխատանքը կորցնելու գնով նրանց հնչեցրած ահազանգերի ու հասարակական մեծ ճնշման արդյունքում (2011թ. մայիս-հունիսին ՀՀ նախագահին ու ՊՆ-ին ուղղված նամակներ, հոկտեմբերին` Հանրային խորհրդին ուղարկած դիմում, նոյեմբերին` Վերահսկիչ պալատի և ՊՆ համատեղ հանձնաժողովի այցելություն): Ընդ որում, խնդիր է, թե սալիկապատված հատակն ու չշնչող պատերը որքանով են «բարելավել» հավաքածուների պահպանման պայմանները: Ուշագրավ է, որ իր համապատասխան հարցազրույցում տնօրենը նշում է օդափոխության խնդիրը, որը դեռ նոր էր պատրաստվում «լուծել»:

Մյուս կռվանը, որն իբրև արդարացում իր գործողությունների (հանրության կողմից վաղուց մոռացված)` կապված Հայկական լեռնաշխարհի մանրակերտը ոչնչացնելու հետ, այսպես կոչված, եռաչափ էկրանի տեղադրումն է, որը ոչ միայն տևական ժամանակ անավարտ էր, այլև չի ծառայում իր բուն նպատակին: Էլ չենք խոսում այն մասին, որ չի էլ կարող երբևէ լուծել այն խնդիրը, որն ինքնըստինքյան լուծում էր մանրակերտը (հիշենք 2010թ. մայիս-հունիս ամիսների` ՊՆ-ին ուղղված ահազանգերը և հունիսի 10-ի մամլո ասուլիսը): Բանն այն է, որ այս կռվանը ևս հանրային ճնշման և անձնական իրական նպատակները քողարկելու արդյունքում տնօրենի պարտադրված քայլն էր, ի դեպ՝ մեկ տարի ուշացումով տեղադրված և «կռուպնիով իշխանություններին քցելու» գնով:

Երրորդ «ձեռքբերումը», որն իբրև գիտական մասի արդարացում փոխտնօրենի միջոցով այսօր մեծագույն ցինիզմով ներկայացվում է հանրությանը, թանգարանի միակ Ուղեցույցն է, որը հեղինակել է տնօրենի կողմից աշխատանքից ազատված երկու մասնագետներից մեկը` ձեր խոնարհ ծառան, և միայն Աստծուն ու թանգարանցիներին է հայտնի, թե ինչ համառ ջանքերի, ինչ արհեստական խոչընդոտներ հաղթահարելու գնով է հաջողվել դեռևս 2008թ.-ից պատրաստ Ուղեցույցի տպագրությունը 2009թ.-ին:

Ինչ վերաբերում է իբրև 5-ամյա պաշտոնավարման հաշվետվություն ներկայացրած թվերին` կապված հոսանքի կամ գազի պարտքերի ու արտաբյուջեի հետ, կամ իր «ազատած» ու «չազատած» աշխատակիցների թվաքանակին, ապա դրանք աչքակապության, ավելի ճիշտ` աճպարարության փայլուն օրինակներ են: Նախ ասենք, որ 2014-ին տնօրենը թևակոխել էր իր պաշտոնավարման 7-րդ տարին, հետևապես «հաշվետվությունը» 5-ամյա չէր: Երկրորդ՝ «ՀայՌուսգազարդի 38 մլն պարտքի ծանուցումը և էլեկտրաէներգիայի 5 մլն պարտքի խնդիրը», որն իբրև թե ինքն է լուծել, զավեշտալի է: ՊՆ-ի օրոք կուտակված պարտքերն իբր «ՊՆ-ի աջակցությամբ մարվեցին»:

Բանն այն է, որ հոսանքի կամ գազի, այսպես կոչված, «պարտքերը» ինչ-ինչ թյուրըմբռնումների արդյունքում կուտակված էին, և նախորդ բոլոր տնօրեններն էլ այդ պարտքի տարբեր թվեր և այլ մեկնաբանումներ էին տալիս: Այստեղ ինչ-որ թնջուկ կա, որից գիտական կազմը չէր կարող տեղյակ լինել: Խոսքը պարզապես ՊՆ համակարգ նոր անցած թանգարանի համար հոսանքի և գազի սպասարկման նախապես խոստացված արտոնյալ գնի մասին է (ցածր արժեքով կամ ինքնարժեքով), ինչը վերջում խախտվել է:

Ինչ վերաբերում է մի քանի ամսում արտաբյուջեի մեծացման խնդրին (6-ից 9 մլն), ապա դա ընդամենը մեխանիկական մեկ քայլի հետևանք էր, ինչից համառորեն խուսափում էին նախկին տնօրենները` հաշվի առնելով թանգարանի առանձնահատկությունն ու մայրաքաղաքից հեռավորությունը: Խոսքը մուտքի և սպասարկման տոմսերի աննախադեպ թանկացման և դպրոցականների, ուսանողների, ընդհանրապես խոցելի խմբերի համար անվճար սպասարկման սկզբունքը վերացնելու մասին է, ինչի գնով պապս էլ կմեծացներ արտաբյուջեն: Հարց է նաև, թե որքանով է վերահսկելի կամ քանի տոկոսով է այդ բյուջեն ծառայեցվում նպատակային խնդիրների լուծմանը: Ահա այստեղ է, որ թանգարանի մասին մասնագետների ու տնօրենի պատկերացումները էապես տարբերվում են: Եթե առաջինների համար գլխավորը թանգարանային առարկան է և մարդկային գործոնը` թանգարանցին, ապա երկրորդի համար դա տարածքն է, տնտեսությունը, տեխնիկան, նյութը, ռեստորանը (որն, ի դեպ աշխատեցվում է թանգարանի հաստիքների հաշվին): Ընդ որում, կարևոր է, որ ոչ թե վերջիններս ծառայեցվեն առաջիններին, այլ հակառակը: Կ. Արիստակեսյանի պարագայում հենց այդ հակառակն է, ինչի արդյունքում թանգարանը դառնում է մի շքեղ դամբարան, իսկ աշխատակիցները` կրավորական սպասավոր, որոնց խնդիրը միայն դամբարանի փոշին սրբելն է…

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ
ՀԱՊԹ Ոչ նյութական
մշակույթի բաժնի նախկին վարիչ, ազգագրագետ

 

Պատրաստ ենք տպագրել նաեւ երկրորդ կողմի տեսակետը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930