Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների 4-րդ, 5-րդ կաթնատամները պետք է պահպանել մինչեւ 11-12 տարեկանը

Սեպտեմբեր 14,2016 12:30

Մինչեւ 2,5 տարեկան երեխայի մոտ տեղի է ունենում մշտական ատամների սաղմնադրում եւ դրանց ձեւավորում, ուստի սննդակարգում ամեն օր պետք է տեղ գտնեն կալցիումով հարուստ մթերքները: Այս մասին նշում են մասնագետները՝ զգուշացնելով, որ ոչ միայն երեխայի սննդակարգից պետք է նվազեցնել քաղցր սնունդը, այլեւ մշտական սննդակարգի մեջ ներառել կաթնաշոռ, թթվասեր, պանիր:

Բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նախ նշեց, որ ամուր ատամներ ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել ամուր իմունիտետ, իսկ փոքրիկների մոտ, սկսած նորածնային շրջանից, ուշադիր լինել բերանի խոռոչի հիգիենայի հանդեպ. «Այսինքն՝ եթե նրանք ատամներ դեռեւս չունեն եւ սնվում են կրծքով, ապա մայրը մատի վրա ստերիլ բինտ պետք է փաթաթի եւ գոլ ջրով կամ ախտահանիչ լուծույթով, սոդայաջրով մաքրի փոքրիկի լնդերը»:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել հենց այդ ժամանակահատվածից, քանի որ ատամների ծկթումից հետո էլ անտարբերությունը կբերի ատամների վաղաժամ ախտահարման եւ հեռացման:

Կարիեսը, որը ատամների «թշնամին» կարելի է համարել, ըստ ատամնաբույժի, առաջանում է, երբ կարիեսածին միկրոֆլորան կուտակվում է ատամների վրա, արտազատում է հատուկ նյութ, որն էլ քայքայում է ատամի հյուսվածքը. «Տեղի է ունենում հյուսվածքի կառուցվածքի փոփոխություն, ու կարիոս խոռոչներում ստեղծվում է բարենպաստ վիճակ միկրոբների համար, եւ խնդիրը գնալով՝ փուլ-փուլ խորանում է»:
Որպեսզի կարիես չառաջանա, մասնագետը խորհուրդ է տալիս ընդհատել այդ շղթան` կա՛մ ատամի վրա չկուտակել միկրոբ, կա՛մ պետք է ատամները լինեն այնքան ամուր, որ միկրոբների կենսագործման արգասիքներից չփչանան:

atam8-2

Երբ առաջին ատամը ծկթեց, երեխան պետք է ունենա իր առաջին խոզանակը, որը փափուկ մազիկներով է, եւ այդ տարիքի համար նախատեսված ատամի մածուկ, որը կուլ տալը վնասակար չէ: Եթե երեխան ունենա մաքուր ատամներ, չեն կուտակվի միկրոբներ, եւ չի առաջանա կարիես:

«Նոր ծկթած ատամները կարիեսից պաշտպանելու լավագույն միջոց է համարվում ատամների փոսիկների հերմետիզացիան, որը պետք է իրականացնել մշտական ատամների ծկթումից 5-8 ամիս հետո: Հերմետիզացիայի ժամանակ ատամների վրա գոյություն ունեցող փոսիկները լցվում են: Խոզանակով ատամը մաքրվում է, մշակվում, կատարվում է թթվամշակում ու զմռսում: Այսինքն՝ հատուկ հեղուկ պլոմբանյութը լցվում է այդ փոսիկում եւ լույսով չորացվում: Հերմետիզացված ատամներ ունեցող փոքրիկներին պետք է 6 ամիսը մեկ տանել ատամնաբույժի մոտ»,- նշեց բժիշկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կաթնատամը պետք է հեռացվի այն ժամանակ, երբ դրա տակից աճում է փոխարինող ատամը. «Օրինակ՝ երեխաների վերեւի եւ ներքեւի 4-րդ, 5-րդ կաթնատամները պետք է ձգտել պահպանել մինչեւ 11-12 տարեկանը»: Նա իր պրակտիկայից բերելով օրինակներ՝ նշեց, որ հիմա շատ երեխաների մոտ՝ սկսած 4 տարեկանից, այդ ատամները խնդիրներ ունեն, եւ ծնողներից շատերն էլ չգիտեն, որ փոքր կարիեսի դեպքում պետք է բուժել, որ այդ ատամը վաղաժամ հեռացման չենթարկվի:

Ամենատարածված կարիեսի տեսակ է համարվում շշային կարիեսը, որը, ըստ մասնագետի, առաջանում է դիմացի 4-6 ատամների վրա: «Դրա առաջացման պատճառը գիշերային ժամերին երեխային շշով քաղցր հյութերով կերակրելն է, որն արտահայտվում է բնական, շագանակագույն փառով: Շշային կարիեսով ախտահարված ատամները շատ արագ ախտահարվում եւ քայքայվում են, եւ երեխաները շատ շուտ կորցնում են այդ ատամները»,- ասաց մասնագետը՝ ավելացնելով, որ ցանկացած ածխաջուր պարունակող մթերք՝ լինեն հեղուկներ, թե այլ սնունդ, ցանկալի չէ, որ երեխան օգտագործի. «Քանի որ միկրոբների համար ածխաջուր պարունակող միջավայրը ամենաբարենպաստն է: Որքան երեխան քիչ կոնֆետ ուտի, քիչ շաքար պարունակող սնունդ ընդունի՝ այնքան ատամներն ու ամբողջ օրգանիզմն առողջ կլինեն»:

Բժիշկ Հովհաննիսյանը, բերելով օրինակ մեր տատիկներից շատերին, ասաց, որ այն ժամանակ ոչ մեկը չի խոզանակել, մաքրել ատամները, բայց ունեցել են առողջ ատամներ, քանի որ իրենց ատամների հյուսվածքները ավելի ամուր են եղել եւ կարողացել են դիմակայել արտաքին գործոններին:

«Իմ հիմնական խորհուրդը պացիենտներին այն է, որ պետք է ունենան բարձր իմունիտետ, որի համար պետք է ձեւավորել ճիշտ սննդակարգ: Նախաճաշը, ճաշը, ընթրիքը պետք է ճիշտ ժամերի կազմակերպել եւ սննդակարգում պետք է ներառել ամենատարբեր սնունդ. եթե երեխա է՝ ծնողը պետք է ամենից շատ նախապատվությունը տա կաթնամթերքին»,-ասաց նա:

Մասնագետը շատ կարեւորում է նաեւ մրգերի օգտագործումը. «Ատամների ամրության համար՝ հատկապես պինդ մրգերի՝ խնձորի, տանձի օգտագործումը: Օրինակ՝ հաց ուտելուց հետո մեկ հատ խնձոր ուտելը հավասար է ատամները խոզանակելուն»:
Բժիշկը նաեւ ավելացրեց, որ եթե մեր իմուն համակարգը նորմալ է աշխատում, ապա մեզ մոտ հիվանդությունները շատ դժվարությամբ են առաջանում կամ չեն առաջանում: Իսկ իմուն համակարգի ամրության համար, ըստ նրա, անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ, ակտիվ ապրելակերպ եւ մաքուր օդ:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930