ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր այցելել էր Արարատի մարզ՝ ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման դրվածքին:
Տպավորություններն, ընդհանուր առմամբ հակասական էին: Կային դպրոցներ, որտեղ առարկայի դասավանդման համար պայմաններ չկային: Դրան հակառակ եղանք նաեւ դպրոցներում, որտեղ ոչ միայն ապահովված էին դահլիճային լավ պայմաններ, այլեւ դպրոցների տնօրեններն էին պահանջկոտ եղել, ուսուցիչներն էլ՝ պատասխանատու: Հետաքրքիրն այն էր, որ այն դպրոցներում, որտեղ առարկան բարձիթողի վիճակում էր, տնօրեններն ու ուսուցիչները դժգոհում էին ֆինանսավորումից եւ գույքի բացակայությունից, իսկ այնտեղ, որտեղ գործերը բավարար էին, հպանցիկ էին խոսում այդ մասին կամ չէին էլ անդրադառնում՝ ըմբռնումով մոտենալով համընդհանուր այդ խնդրին, դրա փոխարեն կարեւորելով եղածն արդյունավետ ու նպատակային օգտագործելու, ֆիզկուլտուրայի ուսուցիչների՝ գործին ստեղծագործաբար մոտենալու անհրաժեշտությունը:
Շրջայցի ավարտին Գաբրիել Ղազարյանը մարզպետարանի նիստերի դահլիճում աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, ներկայացրեց կառավարության կողմից մշակված եւ արդեն իսկ սկսված նոր ծրագրերը, պատասխանեց տնօրեններին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում նախարարի պաշտոնակատարն ամփոփելով շրջայցից ստացած ընդհանուր տպավորությունները՝ նշեց, որ Արարատի մարզում համեմատած մինչ այդ իր այցելած մյուս մարզերից շատերի հետ, Ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցներում անհամեմատ լավ է: Սակայն նաեւ նկատեց, որ դասերը տարվա այս բարենպաստ եղանակին անցկացվում են հիմնականում դահլիճներում, մինչդեռ, դպրոցական ծրագրով, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս, դրանք պետք է կազմակերպվեն բացօթյա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ