Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծահարուստ Սամվել Բալասանյանը ավտոմեքենա չունի՞

Սեպտեմբեր 13,2016 22:55

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքը գլխավորող Սամվել Բալասանյանը, որը հայտնի է որպես հաջողակ գործարար ու համարվում է հանրապետության մեծահարուստ մարդկանցից մեկը, բավական համեստ ունեցվածք է հայտարարագրել։

Օրինակ՝ նա իր հայտարարագրում «Շարժական գույք» կետի տակ հատուկ նշել է՝ «Չունեմ», թանկարժեք գույք նույնպես չունի։ Եվ սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետն ամեն առավոտ աշխատանքի է ներկայանում զրահապատ, մոտ 660 հազար դոլարի հասնող «Լեքսուս» մակնիշի մեքենայով, որն, ի դեպ, չի կարող աննկատ մնալ։  Էլ չենք խոսում այն մասին, որ նախորդ տարի Գյումրիում թեժ քննարկման թեմա դարձավ այն, որ պարոն Բալասանյանը բրիտանական «Rolls-Royce» մակնիշի թանկարժեք մեքենա է գնել ու հենց այդ մեքենայով էր գնացել դիմավորելու Լաս Վեգասից ժամանած աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։

Հիշեցնենք նաև,  որ նախորդ ընտրություններում պարոն Բալասանյանը որպես շարժական գույք հայտարարագրում էր 1977 թվականի արտադրության, դարն ապրած մի «Մոսկվիչ»։ Սա ևս դարձավ բուռն քննարկման թեմա ու արդյունքն եղավ այն, որ սովետական մեքենան դուրս մնաց Սամվել Բալասանյանի հայտարարագրից։  Ինչևէ, մենք պարոն Բալասանյանից կփորձենք պարզաբանում ստանալ իր մեքենաների թեմայով։ Վստահ ենք, որ «Լեքսուսն» ու նրա թիկնապահների վարած «Ջիփերը» ծառայողական մեքենաներ չեն․ Գյումրու բյուջեն այնքան աղքատ է, որ այս մասին երազել անգամ չենք կարող։

Ի տարբերություն շարժական գույքի, բավական ծավալուն է Սամվել Բալասանյանի՝ «Անշարժ գույք» բաժնի տակ լրացրածը։ Նրա հայտարարագրել է մի քանի շենք-շինություններ։ Հայտարարագրված են Ջիվանու փողոցում գտվող շենք- շինությունները, այս փողոցում է գտնվում քաղաքապետի «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը, տունը, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը։ Դրանք երկուսն էլ համատեղ սեփականություն են, մեկը՝  2540.40 քառակուսի մետր, մյուսը՝ 405.16 քառակուսի մետր տարածքով։ Քաղաքապետի թեկնածուն տուն ունի նաև Գյումրու Թումանյան փողոցում, այն ընդհանուր համատեղ սեփականություն է,  միանձնյա սեփականություն ունի Մարքսի փողոցում, որը շենք- շինություն է։

Նա  շենք-շինություն, ինչպես նաև հողամաս ունի մոտակա գյուղերից մեկում՝ Ազատանում, հողամասը կազմում է 2,336 հա, շենք- շինությունը՝ 3224,28 հա, երկուսն էլ համատեղ սեփականություն են։ Սամվել Բալասանյանի հայտարարագրած ամենաթանկ ունեցվածքը «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցն է,  այն կազմում է 626,45 քառ․մետր ու  ընդհանուր համատեղ սեփականություն է։  Քաղաքապետի թեկնածուի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա աշխատավարձն է, որը կազմում է 3․601․620 դրամ։ Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 2․900․00 դրամ և 13․000 ԱՄՆ դոլար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930