Ինչպես հայտնի է, նախընտրական Գյումրիում բավականին խայտաբղետ պատկեր է ստեղծվել․ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 10 կուսակցություններ և մեկ դաշինք՝ «Բալասանյան» դաշինքը։ Այս կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում տեղ զբաղեցնող յուրաքանչյուր թեկնածու արդեն իսկ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել է հայտարարագիր իր եկամուտների մասին։ Aravot.am-ն առանձնացրել է համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների, այսինքն` քաղաքապետի պաշտոնին հավակնողների ունեցվածքի մասին հայտարարագրերը։
Այսպես ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, 1953 թվականին ծնված Վարդևան Գրիգորյանը, որը 14 տարի անընդմեջ ղեկավարել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, այժմ էլ նշել է, որ աշխատում է նույն ինստիտուտում որպես ֆիզկուլտուրայի դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, ունի երեք բնակարան, մեկ սեփական տուն և հողամաս։ Նկատենք, որ բնակարաններից երեքը Երևանում են, Ալեք Մանուկյանի փողոցի 15 ա շենքում։ Վարդևան Գրիգորյանը դրանցից մեկի սեփականատերն է, մյուս երկուսի համասեփականատերը․ 50 տոկոսն է իրեն պատկանում։ Նրա սեփական տունը՝ 135,8 մետր քառակուսի տարածքով Գյումրիում է ՝ ընդհանուր բաժնային սեփականություն է, նույն հասցեում՝ Կարեն Դեմիրճյան 67-ում ունի նաև հողամաս՝ 0,0103 հա տարածքով։ Նախկին ռեկտորը շարժական գույք չի նշել, որպես եկամուտ նշել է Գյումրու մանկավարժական ինստիտուտից ստացած աշխատավարձը՝ 6․495․776 ՀՀ դրամ։
Իր ունեցած անշարժ գույքով աչքի է ընկնում նաև ՀՅԴ ցուցակը գլխավորող վիրաբույժ, 49-ամյա Աշոտ Կուրղինյանը, որը «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ տնօրենն է։ Բժիշկը հայտարարագրել է 4 բնակելի տուն, սակայն, ի տարբերություն մանկավարժականի նախկին ռեկտորի, չորսն էլ Գյումրիում։ Տներից երկուսը՝ (Աբովյան ու Ռուսթավելի փողոցներում գտնվողները ) Աշոտ Կուրղինյանի սեփականությունն են, մյուս երկուսը նրան են պատկանում համասեփականության կարգով։ Բժիշկը սեփականության կարգով ունի նաև ավտոտնակ ու նաև 2006 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա։ Նրա եկամտի աղբյուրը որպես տնօրեն ստացած աշխատավարձն է՝ 16․968․316 դրամ, հայտարարագիրը ներկայացնելու պահին բժշկի դրամական միջոցը կազմել է 250 հազար դրամ։
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, 1964 թվականին ծնված Հովհաննես Մարգարյանը ևս ունի երկու բնակելի տուն, մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երևանում, սակայն երկուսն էլ համասեփականություն են։ Նշենք, որ Գյումրու Գարեգին Նժդեհ 4-րդ շենքի 55-56 բնակարանները Հովհաննես Մարգարյանի հայրական տունն է , պատգամավորը հայտարարագրել է նաև այդ նույն շենքում 147 քառակուսի մետր կազմող նկուղ, որը Հովհաննես Մարգարյանի միանձնյա սեփականություն է, և ինչպես առիթ ունեցել ենք լինելու այդ նկուղում, ժամանակին այդտեղ ՕԵԿ գրասենյակն էր։ Պատգամավորն ունի վարելահող Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, այն ընդհանուր համատեղ սեփականություն է՝ 0,68 հա տարածքով։ Պատգամավորն ունի 1994 թվականին արտադրված ինքնագնաց մեքենա «Մերսեդես Բենց 320SEL» մակնիշի, այն իր միանձյա սեփականությունն է։ Հովհաննես Մարգարյանը թանկարժեք գույք չունի, իսկ միակ եկամուտը ՀՀ ազգային ժողովից ստացված աշխատավարձն է՝ տարեկան 7․450․000 դրամ։ Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 3․500․000 ՀՀ դրամ։
Մեր ուսումնասիրած 11 հայտարարագրերից շարժական գույքի քանակով առանձնանում էր Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող 56-ամյա Հովհաննես Ասոյանը։ Նրան գյումրեցիները հիշում են որպես Ջրմուղի նախկին պետի։ Նա այժմ «Հ․Ժ․Հ » ՍՊԸ տնօրենն է։ Ունի երկու սեփական բնակարաններ, մեկը մայրաքաղաքի Օրբելյան փողոցում, մյուսը Գյումրու Շիրակացի փողոցում, ունի նաև սեփական հողամաս Շիրակի մարզի Մայիսյան գյուղում ՝1,2 հա և Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում՝ 0,40 հա տարածքով։ Թեկնածուն հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ 1990 թվականի արտադրության «Միցուբիշի պաջերո 03», 2001 թվականի արտադրության «Ֆոլցվագեն կեդի», 2000 թվականի «Ֆորդ տրանզիտ» և 2008 թվականի «Նիսան» մակնիշի։ Ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվողները նշում են, որ դրանք բավական հին են, իրենց արժեքները կորցրած։ Հովհաննես Ասոյանը որպես եկամուտ նշել է «Հ․Ժ․Հ » ՍՊԸ աշխատավարձը՝ այն կազմում է 680․400 ՀՀ դրամ։
Նիկոլ Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, 1988 թվականին ծնված Արթուր Համբարձումյանն իր անունով հայտարարագրել է մեկ անհատ բնակելի տուն ու մեկ բնակարան Գյումրու Մուշ թաղամասում, երկուսն էլ համասեփականության կարգով։ Նա շարժակական գույք՝ ավոտմեքենա չունի, եկամուտ ևս չունի, սակայն նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ կազմում է 12․000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ թեկնածուն «Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» կետը չի լրացրել, թողել է դատարկ։
«Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ, 28-ամյա ամուրի Արմեն Բադալյանը նշել է, որ չի աշխատում։ Ըստ նրա հայտարարագրի, համեստ ունեցվածքի տեր է․ ունի մեկ բնակարան Գյումրու Մուշ 2 թաղամասում ՝ ընդհանուր համատեղ սեփականության կարգով, միանձյա սեփականության կարգով նրան է պատկանում 2003 թվականի արտադրության «Գազ 3110,34QV281» մակնիշի մեքենան։ Եկամտի ու դրամական միջոցների մասին ոչինչ նշված չէ։
Ոչ պակաս համեստ ունեցվածք է հայտարարագրել «Գործարար» նորաստեղծ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, 1983 թվականին ծնված, չամուսնացած «Ալտեա-Հիլլզ» ՍՊԸ տնօրեն Գեղամ Բաղդասարյանը։ Նրա ներկայացրած հայտարարագրում ոչ անշարժ գույքի մասին խոսք կա, ոչ շարժականի, եկամտի միակ աղբյուրը «Ալտեա-Հիլլզ» ՍՊԸ-ից որպես տնօրեն ստացած 660․000 դրամն ու նույն ՍՊԸ-ից ստացած 800․000 դրամ կազմող շահաբաժինն է։
Իր ունեցվածքով ու դրամական միջոցներով աչքի չի ընկնում նաև «Գյումրեցի ոգի» կուսակցության ցուցակը գլխավորող 39-ամյա Արմեն Ներսիսյանը, որը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի դասախոս է։Նա ունի մեկ բնակարան Գյումրու Մանուշյան փողոցում՝ ընդհանուր համատեղ սեփականության կարգով , մեքենա չունի, թանկարժեք գույք նույնպես։ Այս թեկնածուն եկամտի հայտարագրի վերոնշյալ երկու կետերի տակ հատուկ ընդգծել է «Չունեմ» բառը։ Նա աշխատավարձով ապրող մարդ է, եկամուտը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից կազմում է 2․163․149 ՀՀ դրամ, իսկ Գյումրու ակադեմիական վարժարանից 389․124 դրամ։ Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 150 հազար դրամ։
Նկատենք, որ ամենահամեստ հայտարարագիրը ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Եպրաքսյա Մեխակյանին է, նա «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենն է։ Երիտասարդ այս կինը չունի անշարժ ու շարժական գույք կամ թանկարժեք գույք։ Որպես նրան քաջածանոթ անձ՝ կարող ենք փաստել, որ Եպրաքսյա Մեխակյանի հայտարարագրում որևէ չափազանցություն չկա, նրա երիտասարդ ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով, չունեն իրենց սեփական բնակարանը։Ի տարբերություն մայրաքաղաքի՝ Գյումրիում կառավարությունը երիտասարդ ընտանիքներին ցածր տոկոսադրույքով բնակարաններ չի տրամադրում ու չի կառուցում․․․
Ներկայացված հայտարարագրերից իրենց ունեցվածքով առանձնանում են «ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանն ու Գյումրու գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Իհարկե, զարմանալի է, որ գյումրեցիների աչքի առաջ զրահապատ մեքենաներով շրջող Սամվել Բալասանյանը շարժական գույքի դիմաց գրել է «չունեմ» բառը։ Թեժ պայքարի մեջ մտած այս երկու գործարարների հայտարարագրերին կանդրադառնանք առանձին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ