Մարտի 1-ի գործի բացահայտումը Գլխավոր դատախազության գերակա խնդիրներից մեկը լինելու վերաբերյալ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի այսօրվա հայտարարությունը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի բնորոշմամբ, ավանդույթային պատասխան է:
«Ինչպես բոլոր դատախազները, որոնք խոստանում են, այնպես էլ այս մեկը: Երբ Գեւորգ Կոստանյանը նշանակվեց դատախազ, ինքն էլ հայտարարեց՝ հետեւելու է, որ գործը բացահայտվի: Բայց տեսանք՝ ոչինչ տեղի չունեցավ, մեկ-երկու ձեւական հայտարարություններ ու դրանով ամեն ինչ ավարտվեց: Հիմա նոր դատախազը ոչինչ ուրիշ չի կարող ասել, ինչպես գիտենք՝ «Մարտի 1-ի» բացահայտումը իշխանության քաղաքական կամքի դեպքում է հնարավոր, եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ունենա, որ այդ գործը բացահայտվի, կբացահայտվի:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի թեկնածուին ինչ-որ բա՞ն է ասել «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ, դրա համար էլ նա նման բա՞ն է խոստանում՝ հատկապես ասելով, որ չբացահայտված հանցագործություններ չպետք է լինեն: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել, ապա նա չի կարող այդ գործը բացահայտել»:
«Սարի թաղի» դեպքերի վերաբերյալ Արթուր Դավթյանի հայտարարությունը, ըստ իրավապաշտպանի, չափազանց կաշկանդված էր. «Դա մեծ հնարավորություն էր առավել ազատ պատասխանել լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերով գործերի վերաբերյալ, բայց նա շարքային պատասխան տվեց՝ գործի լրիվություն, օբյեկտիվություն, նման բաներ միշտ ասում են: Եթե Արթուր Դավթյանը չի կարողանում ազատորեն հայտարարել, որ պարտադիր պետք է բացահայտվեն լրագրողների նկատմամբ բռնությունները, իսկ, ինչպես գիտենք, նման գործերը չեն բացահայտվում, փակվում են ու նույնիսկ դատարան չեն հասնում, ապա դա նրա համար նախընտրական խոստում կլիներ: Նա անընդհատ նշում է հրապարակայնություն բառը, որ հրապարակային է ինքը լինելու, հատկապես լրագրողների առումով ինքն ավելին պետք է ասեր, որ մենք իրոք տեսնեինք: Թե չէ «Մարտի 1-ի» թեման մի թեմա է, որ հանրությունը եւ որեւէ մեկը հավատ չունի, որ այդ գործը երբեւէ կբացահայտվի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արթուր Դավթյանի պնդմանը, թե նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշ ընթացակարգային մեխանիզմներ է կիրառել, որոնք պետք է ապահովեին «Մարտի մեկի» հետաքննության հետագա արդյունավետությունը, տիկին Ալեքսանյանն ասաց.«Ես չգիտեմ դրա մասին, որ Կոստանյանը մեխանիզմներ է կիրառել, չկա նման բան: Արթուր Դավթյանը Կոստանյանի թիմից էր, Կոստանյանն էր նրան բերել դատախազական համակարգ:
Արթուր Դավթյանը առիթ է փնտրում Կոստանյանի անունը տալու, գուցե իր շնորհակալությո՞ւնն է այդպես ուզում հայտնել նրան, իսկ «Մարտի 1-ի» գործ չի բացահայտվելու: Իզուր տեղը չպետք է ասեր, մանավանդ որ չի բացահայտելու: Եվ շատ ցավալի է, որ չի բացահայտվելու, որովհետեւ այն հանցագործությունները՝ Սարի թաղ, ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ հարձակումներ եւ այլն,որոնք մենք տեսնում ենք, թողտվության արդյունք են, եթե «Մարտի 1-ը» բացահայտված լիներ, այդ անպատժելիության մթնոլորտը կվերանար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ