Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան. «Չէի ցանկանա, որ մեր գործընկերները ԱԺ-ի բարձր ամբիոնը օգտագործեն ահաբեկչության կոչեր անելու համար»

Սեպտեմբեր 13,2016 21:03

«Գոնե ապրիլյան պատերազմի թեմայով ՀՀ ԱԺ-ում քննարկումները, լսումները, հարցադրումները, ելույթները եղել են բավական շատ: Պատճառները, հետևանքները քննարկվել են համակողմանի ու հանգամանալի, արվել են համապատասխան հետևություններ և այժմ էլ հսկայական աշխատանքներ են ընթանում: Իհարկե, կան շատ հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն: Սակայն այսօր պահանջել, որ այս հարցը դառնա ՀՀ ԱԺ օրակարգային հարց, համարում եմ պարզապես պոպուլիստական հայտարարություն» ,- նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ` ի պատասխան Իրավունք թերթի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերում այսօր ԱԺ-ում հատուկ նիստեր հրավիրելու, քննարկելու, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում կորցված տարածքների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկներին:

«Առնվազն տարօրինակ կլինի, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ջատագովը հանդիսացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս ՀՀ-ի խորհրդարանում նման քննարկում նախաձեռնենք և Արցախի անկախ հանրապետության պաշտոնյաներից պատասխան պահանջենք: Առավել տարօրինակ է, որ դա մատուցվում է Արցախի անկախությունը ճանաչելու առաջարկով մի քանի անգամ հանդես եկած ուժի և գործչի կողմից»,- շարունակել է իր միտքը տիկին Նաղդալյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև`

– Տիկին Նաղդալյան, խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ այսօր ԱԺ դահլիճում հնչած ելույթների մասով ինչ կասե՞ք:

Ուզում եմ հիշեցնել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարականը և հայտարարած վստահությունը այն մասին, որ լինելու է մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն և որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար, և դա լինելու է միայն ու միայն օրենքի առաջ: Մենք արդեն բազմաթիվ օրինակներ ունենք, ականատեսն ենք ընթացքող հետաքննությունների, ծառայողական քննությունների, հարուցվող բազմաթիվ քրեական գործերի: Երբևիցե ՀՀ-ում որևէ հայտնի իրադարձությունից հետո (իսկ նման իրադարձություններ, ցավոք, եղել են մեր անկախության տարիներին) չի եղել նման ծավալով գործընթացներ՝ բազմաթիվ աշխատանքից ազատումներ, պատժամիջոցներ և այլն, այսինքն՝ սրանք մերկապարանոց խոսքեր չէին, երկրի ղեկավարի հետևողական քաղաքականությունն է: Այս ֆոնի վրա, գործուն քայլերի փոխարեն կամ զուգընթաց քննարկումները խորհրդարանում կարող են՝ ա. խանգարել գործընթացներին, բ. չեն կարող զուգահեռ տեղի ունենալ, երբ քրեական գործեր են հարուցված և հետաքննություն է ընթանում, գ. պարզապես հնարավորություն լինել ելույթների, ամպագոռգոռ խոսքերի:

ՊՊԾ գնդի գրավման առաջին իսկ օրվանից քաղաքական ուժերը, ըստ էության բաժանվեցին երկու խմբի: Քաղաքական ուժեր, որոնք հստակ գիտակցելով իրադարձությունների լրջությունն ու վտանգավորության աստիճանը, որդեգրեցին զուսպ, կշռադատված, ավելորդ սադրանքներից զուրկ գործելաոճ՝ նպատակ ունենալով թուլացնել առանց այդ էլ ծայրահեղ լարված ու պայթյունավտանգ իրավիճակը, և՝ քաղաքական ուժեր, որոնք ամեն կերպ ցանկանում էին յուղ լցնել կրակի վրա, առավելագույնս սրել իրավիճակը՝ դրանով իսկ դիվիդենտներ շահելով: Արտահերթ նիստեր հրավիրելու, լսումներ կազմակերպելու, պահանջները նույնպես այդ համատեքստում են և ամեն դեպքում թեժանալու են կրքերը: Այնուամենայնիվ, ի պատիվ ԶԼՄ-ների ասենք, որ նրանց օպերատիվ աշխատանքի շնորհիվ գրեթե բոլորն էլ հնարավորություն ունեցան արտահայտվելու:

Իսկ ինչպես եք վերաբերում քաղաքական հայացքների համար բանտարկվածների մասով հնչող հայտարարություններին.

-Նորից ընդգծեմ ԱԺ նախագահի պատասխանը, որ կան քրեական գործեր և դրանց զուգահեռ քննարկումներ չեն կարող լինել: Նաև ավելացնեմ, որ ընդամենը մի քանի րոպե անց գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը պատասխանելով այդ բնույթի թե՛ ընդհանուր, և թե կոնկրետ անձնավորված հարցերին վստահաբար ընդգծեց, որ բոլոր այդ դեպքերում կան փաստարկված իրավական հիմքեր:

Եվ վերջինը՝ մշտապես նման հարցերի պարագայում խնդրում և հորդորում եմ ՝ եկեք զգուշանանք, չշտապենք մեր պետությանը պիտակավորել՝ կիրառության մեջ դնելով քաղ բանտարկյալ եզրույթը, քանզի հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը առանձնապես աչքի է ընկնում քաղաքական լայնախոհությամբ, քաղաքական ազատություններով, ԶԼՄ-ների ազատությամբ, քաղաքական հայացքների և դիրքորոշումների նկատմամբ առանձնահատուկ հարգանքով: Այդ մեղադրանքը բացարձակապես տեղին չէ:

 -Պատգամավորներից մեկը մտահոգություն հնչեցրեց, որ Ազգային ժողովը տեղեկատվություն է ստանում արտերկրյա մամուլից : Իսկապե՞ս այդպես է:

– Ազգային ժողովը թե՛ իր հնարավորություններով և մեխանիզմներով, թե՛ գործող պրակտիկայով և ձևավորված աշխատանքային ավանդույթներով իրավունք և հնարավորություն ունի և կիրառում է այդ հնարավորությունը՝ մշտապես ստանալ հնարավոր բոլոր տեղեկատվությունները, որոնք գործող պաշտոնյաները օրենքի ուժով պարտավոր են տրամադրել խորհրդարանին:

Հայաստանում լրատվության պակասի, տեղեկացված չլինելու մասին հայտարարությունները պարզապես անհասկանալի են: Մեր երկրում, նույնիսկ, կարելի է ասել, տեղեկատվության ավելցուկ կա, էլ չեմ խոսում ապատեղեկատվության մասին: Արտերկրյա մամուլում, մեզ վերաբերող, կարծում եմ, որպես կանոն, լինում է կա՛մ վերլուծական, կա՛մ հեղինակային, կա՛մ, որ ավելի հաճախ է հանդիպում, սադրիչ, ոչ օբյեկտիվ տեղեկատվություն՝ մեր հակառակորդների, կամ նրանց լոբբիստների կողմից, կամ պատվիրված և այլն, այսինքն՝ խոսքը համենայն դեպս, ավելի հաճախ, ոչ պաշտոնական տեղեկատվության մասին է: Իսկ, քանի որ մեր հանրության համար, թերևս, ամենակարևոր թեմաները արցախյան բանակցային գործընթացներն են (որպես հարցի տողատակ), ապա հատկապես վերջին ժամանակներում, այս թեմայի գլխավոր տեղեկատվությունը մեր հանրությունը ստանում է հանրապետության նախագահից:

-Իսկ ինչպես կարձագանքեք այն մեղադրանքներին, որ իրավապահ մարմինները խախտում են օրենքը և թույլ չեն տալիս այցելություն և հանդիպումներ պատգամավորների համար քրեակատարողական մարմիններ:

-Չգիտեմ, տեղյակ չեմ կոնկրետ ինչ դեպքերի և հիմնավորման մասին է խոսքը, բայց ուզում եմ հարցը բարձրացնողին ասել ՝ արդա՛ր եղեք, գոնե Ձեզ համար, հարգելի գործընկեր, բոլոր դռներն են բաց, և այնտեղ, ուր որևէ մեկը չի կարողացել մուտք գործել , թույլտվություն չի ստացել, համայն հայության աչքի առաջ անգամ այդ վայրերը մուտք գործելու թույլտվություն ունեցել եք հատկապես Դուք, և կարծում եմ, գոնե Դուք բողոքելու տեղ չունեք:

-Սպառնալիք հնչեց, որ գրավելու են խորհրդարանը և Բաղրամյան 26-ը:

-Չեմ կարծում, որ նման կանխատեսումների կամ մեսիական առաքելություն իրականացնելու տեղը, կարիքը կամ հիմքը կա, և ոչ էլ մեր երկրում դժվարությունների համար ուրախանալը կամ չարախնդալը որևէ մեկի համար ընդունելի կլինի: Նաև չէի ցանկանա, որ մեր գործընկերները Ազգային ժողովի բարձր ամբիոնը օգտագործեն ահաբեկչության կոչեր անելու համար:

-Հնչեց նաև տեսակետ, որ անհրաժեշտ է օր առաջ ՀՀ ԱԺ քննարկման առարկա դարձնել ՀՀ և ԼՂՀ միջև փոխհամագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Ձեր կարծիքով որքանով է հրատապ այս հարցը, և ինչն է խնդիրը, որ արդեն պատրաստ համաձայնագրի նախագիծը չի դրվում քննարկման:

– Այդ համաձայնագրի անհրաժեշտության բարձրաձայնումը և այդ գործընթացի նախաձեռնությունը ամենևին էլ ընդդիմությանը չէ: Հետևաբար, այդ գործընթացի վերաբերյալ իշխանության շահագրգռվածության մասին տարակուսանքները առնվազն տարօրինակ են: ՀՀ ԱԺ նախագահն ու համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանգամանալից պատասխանեցին հարցին, հետևաբար, ես զերծ մնամ այդ պատասխանները կրկնելուց:

-Այսօր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, նաեւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու համար անհրաժեշտ գումարը հայթայթվել է: Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը հաջողությամբ պսակվեց:

-Թերևս այո, կարելի է արձանագրել, որ այդ համագործակցությունը արդյունավետ էր, և մենք ունենք փոխհամաձայնեցված տարբերակ: Իսկապես մենք ականատես եղանք իշխանություն-ընդդիմություն կառուցողական համագործակցության, որի արդյունքները ընդունելի եղան բոլոր կողմերի համար: Մեկ անգամ ևս իշխանությունը ցույց տվեց, որ պատրաստ է համագործակցության, ունի քաղաքական կամք նստելու մեկ սեղանի շուրջ և քննարկելու ամենադժվարին հարցերը և գտնելու լուծումներ՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի, և մենք բազմիցս հնչեցրել ենք և հիմա էլ գործուն քայլերով ապացուցում ենք, որ մեր նպատակը արդար և հանրության համար վստահելի ընտրությունների անցկացումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930