Լուսանկարիչ Արմեն Ենգոյանի հեղինակած «Առաջնագծում» ֆոտոշարքի ցուցադրության բացումը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում սեպտեմբերի 13-ին: Ցուցադրվող շարքում լուսանկարների գերակշռող մասը սահմանագծում ծառայողների սև ու սպիտակ դիմանկարներ են: Ցուցահանդեսին ներկա էին մի շարք լուսանկարիչներ և մշակութային գործիչներ, նաև երիտասարդներ, ովքեր տեղ են գտել լուսանկարչի կադրերում:
Արմեն Ենգոյանը և իր մտերիմ ընկեր, լուսանկարիչ Հարութ Խաչատրյանն իրականում սահմանագիծ էին մեկնել ոչ հենց լուսանկարելու համար: Հեղինակը պատմեց, որ մայիսին կամավոր անդամագրվել էին Մերգելյան ջոկատին և որպես երկրապահ մեկնել առաջնագիծ: «Ինձ հաջողվեց զենքի հետ մեկտեղ վերցնել նաև լուսանկարչական ապարատս և էսքիզներ հավաքել սահմանից, որոնց մի մասն էլ այժմ ներկայացված է ցուցահանդեսում» պարզաբանեց լուսանկարիչը:
Հեղինակը կիսվեց նաև զինվորներից ստացած իր տպավորություններով, ինչն էլ հիմք է հանդիսացել ֆոտոշարքի ստեղծման համար: «Մինչ մեկնելս թերահավատորեն էի մոտենում զինվորների մասին ներկայացվող հերոսական կարծիքին, բայց նրանց հետ շփումը ինձ ամբողջովին ապացուցեց այդ կարծիքի ճշմարտացիությունը: Ընկերասիրության ու պարզության հետ զուգորդված նրանց զգոնությունն ու պատասխանատվությունը, ապրիլյան դեպքերին ցուցաբերած նրանց քաջությունն ինձ համար դարձան վստահության երաշխիք, որ այդ սերունդը ամուր կպահի մեր երկիրը: Հողի «իրենցը» լինելու ընկալումը նրանց մեջ շատ խորն է նստած, դա ինձ շատ է ուրախացնում», ասաց Ենգոյանը:
Կարդացեք նաև
Բացման խոսքում Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջունեց Արմեն Ենգոյանի աշխատանքը: «Մեզ համար մեծ պատիվ է այս ցուցահանդեսը հյուրընկալելը: Դժվար է բառերով արտահայտել այն, ինչը ստացվել է արտահայտել լուսանկարներում: Ապրիլյան այդ չորս օրերը, որ ապրեց մեր երկիրը, թե՛ պատմական են, թե՛ հերոսական և թե՛ ողբերգական, և դա երևում է յուրաքանչյուր դիմանկարում»:
Հարութ Խաչատրյանը ևս բացման ժամանակ կարծիք հայտնեց շարքի մասին: «Այս ցուցահանդեսը կոչված է զգոն պահելու մեր ժողովրդին, ևս մեկ անգամ փոխանցելու նրան հայ երիտասարդ զինվորի՝ իր հողը պաշտպանելու պատրաստակամությունը», ասաց Հարութ Խաչատրյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 8-ը:
Նշենք, որ Արմեն Ենգոյանը հայկական համայնքի հրավերով այսօր մեկնում է Հունգարիա՝ անհատական ցուցահանդես անցկացնելու նպատակով, որում կներկայացնի «Առաջնագծում» ֆոտոշարքի կադրերից մի քանիսը և Հայաստանը պատկերող այլ աշխատանքներ:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ