Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ կրթական նպատակակետ ամերիկացի ուսանողների համար

Սեպտեմբեր 13,2016 20:44

«Ուսանիր արտերկրում» նախագծի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովում Հայաստանը դիտարկվում է որպես արտերկրում ուսանելու նպատակակետ ամերիկացի ուսանողների համար: Աշխատաժողովը, որի մեկնարկը կայացավ սեպտեմբերի 13-ին «Կոնգրես» հյուրանոցում, կազմակերպել է Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հետ միասին:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան բուհերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կրթության ոլորտի ամերիկացի փորձագետներ: Աշխատաժողովի նպատակն է՝ քննարկել ամերիկյան բուհերի ուսանողներին և դասախոսներին հայաստանյան կրթության մեջ ներգրավելու դժվարությունները և դրանց լուծման համար առաջարկվող հնարավոր տարբերակները:

img_0612

ԿԳ նախարարության ներկայացուցիչն աշխատաժողովի բացման իր խոսքով վստահեցրեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տեղի բուհերում ավելի մեծ թվով ամերիկացի ուսանողների ներգրավելու համար և կարևորեց այդ նպատակով տարվող մարկետինգային աշխատանքների ընդլայնումը: «Հայաստանը տալու շատ բան ունի ամերիկացի այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական ոլորտում Միացյալ Նահանգներից դուրս փորձառություն ձեռք բերելու հնարավորությամբ: Մեր նպատակն է կրթության բնագավառում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը միջբուհական մակարդակից վեր հանել դեպի միջպետական հարթակ»։

ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ժաքլին Դիլին իր խոսքում կարևորեց երկու երկրների կրթական փոխգործակցությունը: «Հայաստանը և Միացյալ Նահանգները վաղեմի գործընկերներ են, և մենք վստահ ենք, որ կրթական փոխանակման ծրագրերն առավել կամրապնդեն երկկողմ կապերը: Հուսով ենք, որ ավելի շատ ամերիկացի ուսանողներ կօգտվեն Հայաստանում ուսանելու հնարավորությունից, քանի որ արտերկրում ուսումնառությունը նպաստում է տարբեր ժողովուրդների փոխըմբռնմանը, հյուրընկալող երկրի մշակույթի և պատմության մասին ճիշտ պատկերացում կազմելուն և ձևավորում է ընկերություն ողջ կյանքի համար», ասաց Դիլին:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն ստացան ինտերակտիվ առաջադրանքներ, քննարկվեցին կրթական ծրագրերի միջոցով ձևավորվող արժեքները, նախկին ծրագրերից քաղած դասերը, ներկայացվեցին այժմ գործող գիտահետազոտական փոխանակման ծրագրերը:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930