ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ սեպտեմբերի 7-ից 9-ը Բրազիլիա կատարած աշխատանքային այցի նպատակը ս.թ. օգոստոս ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած ՀՀ դեսպանատան շինարարության ընթացքին ծանոթանալու, մասնագիտական լուծումների առաջադրման համատեքստում էր:
Բրազիլիա կատարած աշխատանքային գործուղման երկու օրերի ընթացքում կազմակերպվել են խորհրդակցություններ՝ բարերար Բուրմայան ընտանիքի անդամների և Բրազիլիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի, շինարարության գլխավոր ինժեներ Նելսոն Ներսիսյանի մասնակցությամբ:
Օրակարգում առաջացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ շենքի հարաչափերի ճշգրտման և հատակագծային լուծումների արդյունավետության բարձրացման, հարդարման նյութերի ընտրության, ինչպես նաև՝ դեսպանի կեցավայրի տեղադրության և այլ հարցեր լուծում են ստացել աշխատանքային խորհրդակցությունների, շինհրապարակ կատարած այցելությունների ընթացքում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև որոշ հանգույցների հետ կապված նոր լուծումներ մշակելու և առաջիկա օրերին տարածքում աշխատող ինժեներներին տրամադրելու վերաբերյալ: Շինարարության ավարտը նախատեսվում է 2017 թվականին:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Բուրմայան ընտանիքն իր վրա է վերցրել դեսպանատան շինարարության և աշխատանքային նախագծերի ամբողջ ծախսերը:
Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի ճարտարապետական լուծումները նրա կողմից նվիրատվության կարգով մշակվել են դեռևս 2011 թվականին, Բրազիլիա կատարած այցից հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ