Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն տոնն ա փոխել, այլեւ կարգախոսը`«Առաջ Հայաստան»

Սեպտեմբեր 13,2016 19:15

Մի քանի օր առաջ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները նախաստորագրել էին նոր Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնագիրը:

Այսօր խորհրդարանում համաձայնագիրը ստորագրեցին: Դրան մասնակցում էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

parlament_2 parlament_3

«Քանի որ ամեն ինչ նախապես պայմանավորված է, տվել ենք մեր համաձայնությունները, պետք է հայտարարենք, որ ստորագրում ենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`հավելելով. «Տվել ենք համաձայնություն, որը այլեւս որեւէ «եթե»-ներից կախված չէ: Այն ինչ թվում էր անհավատալի, ինչը շատ վաղուց քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այսօր այդ հարցը լուծվում է: Անհավատալին դառնում է իրականանալի: Շնորհակալություն այս գործընթացի բոլոր մասնակիցներին`դրան նպաստեց բոլորի կամքը, չեմ կարող չնշել նաեւ իշխանությունների քաղաքական կամքը, ինչքան էլ, որ հակառակորդ լինենք: Շատ լուրջ էր նաեւ քաղաքացիական հասարակության դերը»:

Հիշեցնենք, որ այս համաձայնության գլխավոր ձեռքբերումը ընտրողների ցուցակների հրապարակումն է`քվեարկությունից հետո, տեղամասերից ուղիղ հեռարձակումները եւ այլ տեխնիկական հարցեր: Անհրաժեշտ գումարների հարցն արդեն լուծված է :

«Սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների: Դրա համար երկար պիտի պայքարենք: Բայց շատ լուրջ հիմնաքար է, որի վրա կարող ենք մեր պայքարը շարունակել: Մեր պայքարը այս ուղղությամբ շարունակվելու է»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը

«Ոչ միայն տոնն ա փոխել, այլեւ կարգախոսը`«Առաջ Հայաստան»,- նստած տեղից հումոր արեց Հովհաննես Սահակյանը: «Առաջ դեպի մաքուր ընտրություններ»,- նրան փորձեց ուղղել Լեւոն Զուրաբյանը: Իրավիճակը հարթեց Նաիրա Զոհրաբյանը. «Լավ առաջ դեպի Բարգավաճ Հայաստան»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շատ ոգեւորված է Լեւոն Զուրաբյանի լավատեսությունից, բայց հիշում է նախորդ ձախողված փորձը. «Այդ համաձայնությունն էլ նույն ջերմեռանդությամբ էր ձեռք բերվել»: Նա կարծում է, որ համաձայնությունում ամրագրված կետերն էապես նեղացնելու են ընտրակեղծարարության հնարավորությունները:

Արմեն Ռուստամյանն էլ նկատեց. «Արդար ընտրություն անցկացնելու մեր ցանկությունը լեհական ընկերության հնարավորություններից մեծ էր»: Նա նկատի ունի այն կազմակերպության, որը չկարողացավ ապահովել մատնահետքերի ամրագրումը եւ նույնականացման քարտերով ընտրություններ ապահովելու համար տվյալ կազմակերպության ունեցած տեխնիկական սահմանափակումները: «Նախորդ համաձայնություններն էլ կարծում եմ ուժի մեջ են եւ առաջիկայում, անպայման, պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք դրանք էլ կյանքի կոչենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Դավիթ Հարությունյանն էլ այս գործընթացը դիտարկում է ձեւավորվող քաղաքական մշակույթի տեսանկյունից`հանուն երկրի զարգացման: Նա հուսով է, որ հաջորդ խորհրդարանում այս երկխոսելու մշակույթը կշարունակվի: «Լավատեսորեն առաջ`դեպի ապագա»,- մաղթեց Դավիթ Հարությունյանը:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո նա մոտեցավ եւ մեկ առ մեկ շնորհավորեց ընդդիմության ներկայացուցիչներին: Նաիրա Զոհրաբյանի հետ նաեւ ողջագուրվեց ու փոխանցեց «իշխանության ռեսուրսը»`իր գրիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930