Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ներկայումս կալանավորված Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) նախընտրական հանդիպումը համայնքի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը Ծաղկահովիտում առաջադրվել է գյուղապետի թեկնածու:
Ծաղկահովիտի համայնքապետի մյուս թեկնածուներն են անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այսօր համագյուղացիների հետ նախընտրական հանդիպումն անցկացրել են Խանդոյանի վստահված անձինք, այս հանդիպմանը ներկա են եղել եւ ելույթներ են ունեցել Խանդոյանի մարտական ընկերները՝ տարբեր համայնքներից, համագյուղացիները. «Մեծ հաշվով, բոլորն այն կարծիքի են եւ որեւէ մեկը չի կասկածում, որ Արայիկ Խանդոյանը հաղթելու է, ամբողջ համայնքը մասնակցելու է ընտրություններին եւ համագյուղացիներն իրենց ձայնը տալու են Արայիկ Խանդոյանին»:
Պապիկյանը վստահեցրեց, որ նախընտրական այս քարոզարշավ-հանդիպումը կազմակերպելուն եւ անցկացնելուն որեւէ խոչընդոտ չի եղել:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց, որ Արայիկ Խանդոյանի վստահված անձանց մինչ օրս թույլ չէին տալիս հանդիպել Խանդոյանի հետ, Պապիկյանը միջնորդություն էր ներկայացրել՝ թույլտվության համար. այսօր քրեակատարողական հիմնարկից փաստաբանին բանավոր տեղեկացրել են, որ թույլ են տալիս Խանդոյանի վստահված անձանց տեսակցել Արայիկ Խանդոյանին:
«Քարոզարշավի ավարտին մնացել է 3 օր, եւ փաստորեն օգոստոսի 31-ից այդ հանդիպումն արգելված էր: Տեսնենք՝ այս 3 օրում կհասցնեն հանդիպել Խանդոյանի հետ: Բայց մյուս թեկնածուների հետ Խանդոյանի քարոզարշավն անհավասար պայմաններում էր, քանի որ մյուս թեկնածուներն կարողանում էին ազատ քարոզարշավ անել»,-ասաց Պապիկյանը:
Aravot.am-ի այն հարցին՝ Խանդոյանի թիմը ունի՞ բավարար ռեսուրսներ ընտրությունները վերահսկելու եւ հնարավոր կեղծիքների դեմն առնելու համար, Պապիկյանը պատասխանեց՝ «Հատուկ ռեսուրսներ չունենք, չենք էլ կիրառում՝ հաշվի առնելով որեւէ մեկը կասկած չունի Խանդոյանի հաղթանակում: Այլ ռեսուրս չունենք, բացի համայնքի բնակիչների վստահությունից, որ բոլոր միաձայն Խանդոյանի օգտին են քվեարկելու»:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Արայիկ Խանդոյանը գտնվում է երկամսյա կալանքի տակ: Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Խանդոյանի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը:
Ծաղկահովիտի ընտրությունները սեպտեմբերի 18-ին է:
Մեր հարցին՝ եթե Խանդոյանն ընտրվի գյուղապետ, ինչպե՞ս է իրականացնելու իր լիազորությունները, եթե կալանավորված է, Պապիկյանն ասաց. «Նախ, առանց «եթե»-ի, Խանդոյանն անպայման ընտրվելու է: Անազատության մեջ, իհարկե, դժվար կլինի գյուղապետի պարտականություններ իրականացնելը, եթե խափանման միջոցը փոխեն՝ կկարողանա: Հույս ունենք, որ արդարադատություն կլինի, քանի որ ինքը կալանավորված է անհիմն»:
Մեր այն հարցին՝ առաջադրված մեղադրանքներով առաջիկայում սպասվելիք դատական գործընթացը երկար կտեւի, եւ եթե դատարանը վճռի մեղադրանքների հիման վրա մի քանի տարով կալանավորել Խանդոյանին, եւ եթե Խանդոյանն ընտրվի գյուղապետ, այս դեպքում օրենքի պահանջը ո՞րն է, կարող է Խանդոյանը կալանավայրից ղեկավարել համայնքը, Պապիկյանն այսպես պատասխանեց. «Եթե դատական ակտ լինի եւ վճռվի ազատազրկել Խանդոյանին, անհնարին կլինի համայնքապետի լիազորություններ իրականացնելը, արտահերթ նոր ընտրություններ պետք է լինեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
եթէ ընտրվի, այս առիթով գոնէ անվիճելի կերպով, բառացիօրէն, իրականացած կ’ըլլա իր խմբակին քարոզչական խօսքերից մին, թէ՝ պաշտօնների վրայ գտնվողները հանցագործնե՛ր են