Հոկտեմբերի 2-ին Գյումրիում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ են: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին. «Նա մի մարդ է, ում ավելի ճիշտ կլիներ անվանել խոշոր օլիգարխ, որն ընտրակեղծարարությամբ տիրացել էր քաղաքապետարանի իշխանական լծակներին իր բիզնեսի բարգավաճումն ապահովելու համար:
Բալասանյանը իր որդու՝ Միսակ Բալասանյանի կամ այլ բարեկամների միջոցով սեփականատերն է եւ տնօրինում է Գյումրի գարեջրի հին ու նոր գործարանները, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը, Գյումրի գարեջրի Արթիկի ՍՊԸ-ն, «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը եւ այլ բիզնեսներ: Բալասանյանը նաեւ Գյումրու քաղաքային տրանսպորտի ցանցի տերն է: Այն հանգամանքը, որ այդ ցանցը նա խլել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, ընդգծում է Հայաստանում տիրող կոռուպցիոն համակարգի գիշատիչ էությունը, եւ ցույց է տալիս, որ այդ համակարգում միայն բարգավաճում է նա, ով ներկայացնում է իշխանության թեւը»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, բնական է, որ քաղաքային տնտեսությունը անկում է ապրել. «Գյումրիի բյուջեի մսխումը դարձել է սովորական մի բան: Կատարվում են անհասկանալի ծախսեր՝ ցածրորակ արձանիկներ, գործուղումներ»:
Լեւոն Զուրաբյաննն անդրադարձավ նաեւ Բալասանյանի կարգախոսին: Ըստ նրա, ծիծաղելի է, որ նա իր պարտավորություններից մեկը՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը ժամանակին վճարելը համարում է իր առավելությունը: Լինելով իշխող ռեժիմի գործիք ընդամենը, Բալասանյանը լավ է կատարում միայն գյումրեցիներին թալանելու գործը, հետո դիմում էժանագին PR-ի՝ կանգնելով գյումրեցի օլիմպիական չեմպիոնների կողքը՝ կարծես մի օլիմպիական մեդալ էլ ինքն է նվաճել:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանն այս ամենը թվարկելուց հետո կոչ արեց քվեարկել ՀԱԿ-ի թեկնածուի՝ Սյուզի Մեխակյանի օգտին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ