ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ նիստում
Հարգարժան գործընկերներ, ուզում եմ բոլորիս շնորհավորել աշնանային նստաշրջանի մեկնարկի առիթով: Վստահ չեմ, որ այս օրվան անհամբեր սպասում էիք բոլորդ, բայց այս տարվա սեպտեմբերը Հայաստանի Հանրապետության համար քաղաքական նոր սկիզբ է նշանակում:
Բոլորդ գիտեք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ դա նշանակում է, որ արդեն հոկտեմբերին մենք պատիվ ու պարտականություն ենք ունենալու այս դահլիճում քննարկել Հայաստանի նոր կառավարության ծրագիրը:
Հիշեցնում եմ՝ նախընտրական տարվա ծրագիրը: ՀՀԿ խորհրդի հայտնի նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի ու Կարեն Կարապետյանի վարչապետի թեկնածության մասին ասպարեզ իջան տասնյակ իրարամերժ տեսակետներ, որոնց համապատասխանությունը իրականությանը հիմա չեմ ուզում վիճարկել:
Կարդացեք նաև
Կյանքն ու աշխատանքը ցույց կտան՝ ով ով է, ով ինչ է անելու, ով որտեղից է եկել և ուր է գնալու:
Այսօր ես ուզում եմ խոսել այս տարվա ամենանշանավոր ու ամենակարևոր իրադարձության մասին՝ ութ օրից մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության քառորդ դարը: Ժամանակ, որ անցել է մեր միջով, մեր աչքի առաջ ու մեր կյանքից: Վստահ եմ, որ հոբելյանից առաջ իշխանությունը խոսելու է իր ձեռքբերումների ու հաղթանակների, ընդդիմությունը՝ իշխանության սխալների ու կորուստների մասին: Նորմալ է, քաղաքական գործընթաց է, նախընտրական տարի:
Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել ամենակարևորը՝ քաղաքականությունը օրվա հետ գալիս է, օրվա հետ գնում: Կյանքում, փառք Աստծո, եղել են, կան ու լինելու են անանց արժեքներ, որ ոչ մի իշխանություն, ոչ մի, անգամ ամենամոլեռանդ ընդդիմություն չի կարող վիճարկել: Ու այդ արժեքներից առաջինը սերն է հայրենիքի նկատմամբ, երկիրը սիրել ու հասկանալ է պետք՝ անգամ սեփական քաղաքական ամբիցիաների համար մաս-մաս անելուց առաջ ու հետո: Հայտարարությունս համարեք այս ամբիոնից երբևէ հնչեցրած ամենաքաղաքական խոսքս՝ քառորդ դար առաջ ձեռքբերած անկախությունը անվիճարկելի արժեք է ու նույնքան անվիճարկելի է, որ անկախությունը դրոշ, օրհներգ, զինանշան, Սահմանադրություն, նախագահ ու պառլամենտ ունենալը չէ:
Անկախության արժեհամակարգը քառորդ դարում հաստատե՞լ ենք, թե՞ ոչ: Պատերազմների, խաղաղության, ահաբեկչության, արտագաղթի միջով անցածներս պահե՞լ ենք հայրենիքի լույսը, պահե՞լ ենք հավատը, որ մենք ենք, հենց մենք ենք հայրենիքը ու մեզնից դուրս պետք չէ հայրենիք որոնել: Պատասխանեք այս հարցին ու անցնենք առաջ՝ հիշելով, որ անկախությունը տոն օրվա հագուստ չէ, մեր մաշկն է ու մեր դիմադրունակության մակարդակը:
Մինչև սեպտեմբերի 21-ը հրապարակային ելույթի այլ պատեհ առիթ չունենալով՝ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնը և ուզում եմ, որ իմ ձայնը լսելի դառնա աշխարհի բոլոր հայերի տանն ու սրտում: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ: