ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ բազմաթիվ վկայություններ կան, որ Երեւանի փողոցներում գործել են քաղաքացիական հագուստով խմբավորումներ, որոնք հարձակվել են մարդկանց վրա, ծեծել են, ջարդել են, խոչընդոտել են լրագրողների գործունեությանը, վնասել են: Նա հարցրեց. «Դուք պատրա՞ստ եք մինչեւ վերջ պարզելու՝ դրանք ինչ խմբավորումներ են, գուցե լուրջ բանդաներ են, որոնք գործում են իրավական համակարգից դուրս կամ թողտվությամբ: Հորդորվեց լրագրողներին մոռանալ դա, բայց երաշխիքներ, որ առաջիկայում այդ բանդաները չեն գործելու՝ չկան»:
Գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց, որ դատախազությունը ամեն ինչ կանի՝ ապահովելով քրգործի բազմակողմանի քննությունը: Նա ասաց, որ կատարված գործի հրապարակայնացումը շատ կարեւոր է. «Պատկերացնում եմ դատախազության հետագա աշխատանքը հրապարակայնության բարձր հարթության վրա եւ հանրությունը կկարողանա լիարժեք գնահատական տալ»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջերս ՀՔԾ-ում է եղել եւ մեծ զարմանք ապրել, որ ՀՔԾ քննիչի սենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը. «Ինձ տրամաբանական չթվաց, որովհետեւ ՀՔԾ-ն անկախ մարմին է եւ եթե բարձրաստիճան պաշտոնյան հանցանք է կատարում, դրանով պետք է զբաղվի ՀՔԾ-ն: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, որ քննիչը կախել է Սերժ Սարգսյանի նկարը: Դուք որ ընտրվեք, արդյո՞ք պատրաստվում եք Սերժ Սարգսյանը նկարը դնել ձեր գլխավերեւում»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցրեց, թե գլխավոր դատախազի թեկնածուի առողջական վիճակն ինչպիսի՞ն է՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական վիճակի պատճառով:
Կարդացեք նաև
Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Գեւորգ Կոստանյանի աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի նկարը:
Ինչ վերաբերում է առողջական վիճակին, նա ասաց. «Ես առողջ եմ եւ աշխատելու եմ, որ առողջ մնամ, որպեսզի իմ պարտականությունները, որոնք պատրաստվում եմ իրականացնել, ստանձնեմ»:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ Գեւորգ Կոստանյանն էլ ակտիվ այցելում էր սպորտային դահլիճներ, բայց դա նրան չօգնեց առողջությունը պահպանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ