2017թ. նոյեմբերին Երեւանում կմեկնարկի Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն, որի մասնակցության հայտերը կընդունվեն այս տարվա սեպտեմբերի 15-ից: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսում բիենալեի նախաձեռնող «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ գեղարվեստական տպագրության ոլորտի զարգացմանն ուղղված առաջին քայլը 2007թ.-ին էր` «Էստամպ 2007» ցուցահանդեսը: Այս անգամ էլ հայ արվեստագետները հնարավորություն կունենան ծանոթանալու Էստոնիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի իրենց գործընկերների փորձին:
«Հատկապես Լեհաստանը եւ Գերմանիան գեղարվեստական տպագրության ոլորտում ունեն երկարամյա ավանդույթներ: Կարեւորում ենք հատկապես այս ոլորտում ստեղծագործող հայ արվեստագետների դերը: Առաջին անգամ ՀՀ-ում այս բիենալեի շնորհիվ նրանց համար կապահովվի հարթակ: Նրանց իրենց ձեռքբերումները կներկայացնեն, անգամ` սկսնակները»,-ասաց Սոնա Հարությունյանը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն էլ նկատեց, որ Հայաստանը մշակույթի երկիր է. «Այստեղի մշակութային ծրագրերն իսկապես շատ լավն են եւ հետաքրքիր, այդ թվում` ֆիլմերի եւ երաժշտական փառատոնները: Իսկ գեղարվեստական տպագրության ոլորտը կարծես բաց է մնում, եւ մենք կլրացնենք այդ բացը»:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին էլ իր հերթին նշեց, որ բիենալեի շնորհիվ Լեհաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան կնստեն մեկ սեղանի շուրջը որպես ընկերներ. «Լեհաստանում գեղարվեստական տպագրության արվեստն այնքան զարգացած է, որքան Գերմանիայում, այսինքն` միջնադարից սկսած»: Դեսպանը հավելեց, որ հաջորդ տարի նշանակալից իրադարձություն է ոչ միայն բիենալեն, այլեւ Լեհաստանում առաջին հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ