Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրանից հետաքրքրվեց. «Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը, արդյոք Անդրեաս Ղուկասյանը քաղբանտարկյալ չէ, ի՞նչ եք իրականացնելու Սարի թաղի դեպքերի օրերին անհամաչափ ուժ իրականացրած ոստիկանական ներկայացուցիչների նկատմամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հրաման արձակողներ պատասխանատվություն կրելո՞ւ են, թե՞ ոչ»:
Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Պերմյակովի նկատմամբ կայացած դատական ակտը երբ ուժի մեջ կլինի, պատիժը կրելու վարը հայտնի կդառնա այդ ժամանակ եւ որ արդեն այդ հարցով պետք է զբաղվի արդարադատության նախարարությունը:
Անդրիաս Ղուկասյանի հետ կապված նա ասաց, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ քրեական հետապնդումը իր հիմքում ունի բավարար իրավական հիմնավորումներ. «Քրեաիրավական օրենքով գնահատական է տրվել Անդրիաս Ղուկասյանի արարքին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սարի թաղում անհամաչափ ուժի կիրառմանը, նա ասաց, որ այդ գործով քրգործ է հարուցված: Կարող եմ վստահեցնել, որ օբյեկտիվ իրավական գնահատական է տրվելու»:
Տիգրան Ուրիխանյանը նաեւ հետաքրքրվեց, թե դատախազների աշխատավարձերը զգալի բարձրացրեցին, չի՞ պատրաստվում գլխավոր դատախազի թեկնածուն վերանայել դա:
Պարզվում է՝ Արթուր Դավթյանը ճիշտ հակառակ մտադրությունն ունի: Նա ասաց, որ ՀՀ-ում դատախազական գործառույթ իրականացնող 337 դատախազները ներկայումս աշխատում են բավականին ծանրաբեռնված գրաֆիկով: Նա ներկայացրեց, թե որքան ծանր է դատախազական աշխատանքը եւ վստահեցրեց, որ նրանք արժանի են այն աշխատավարձին, որն այսօր մեր հարկատուները վճարում են. «Դատախազի աշխատանքը բավականին բարդ եւ շատ պատասխանատու աշխատանք է: Դատախազներն իրենց մինիմալ սոցիալական խնդիրները լուծելու անհրաժեշտություն ունեն»:
Ավելին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ ապագայում, երբ մեր երկրի վիճակը դա թույլ կտա, ինքը հանդես կգա նախաձեռնությամբ այդ աշխատավարձը ավելի բարձրացնելու եւ դատախազների սոցիալական խնդիրները լուծելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ