Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

Սեպտեմբեր 13,2016 16:18

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի փաստաբանները, բաց թողնելով վճռաբեկ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, միջնորդությամբ դիմել են ՀՀ Վերաքննիչ դատարան՝ բացթողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով:

Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թ. հունիսի 15-ի վճռով Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ, ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: Իսկ 2015 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները: 2016 թվականի մարտի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավորներ Մ. Պապոյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, քննության առնելով բացթողնված ժամկետը հարգելի համարելու՝ փաստաբանների միջնորդությունները, մերժել է դրանք: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերոնշյալ դիմումը վարույթ է ընդունել ու քննության առել այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չի եղել, քանի որ ՀՀ Վերաքննիչ դատարանի գործառույթները սահմանափակվում են ընդհանուր իրավասության դատարանների որոշումները վերանայելով՝ վերաքննիչ բողոքների առկայության դեպքում:

Տվյալ դեպքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները թույլ են տվել քրեադատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմք է, հատկապես, որ այս քայլով դատարանը հեղինակազրկել է ողջ դատական համակարգը: Հավելենք, որ դատական նիստին ծանուցմամբ հրավիրվել է նաև տուժող կողմը, հանձինս տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, վերջիններս հանդես են եկել նաև առարկությամբ: Հատկանշական է, որ միջնորդությունը մերժելու մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ խոսք անգամ չկա տուժող կողմին՝ դատական նիստին մասնակից դարձնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ տուժողի իրավահաջորդի և վերջինիս ներկայացուցչի կողմից 2016 թվականի հունիսի 8-ին դիմում է ներկայացվել ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Արարատ Պետրոսյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:

Հանձնաժողովի՝ 2016 թ. հուլիսի 19-ի որոշմամբ, հղում անելով ՀՀ Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածին, հայտնում են, որ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք են ծառայում նրա կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ»: Միաժամանակ վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը՝ Խորհուրդը մանրամասնում է՝ «եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորած է «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է»: Հետևաբար՝ Խորհրդի պնդմամբ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ոչ միայն պետք է առկա լինի խախտում, այլև՝ այդ խախտումը պետք է կոպիտ լինի: Հավելենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը ևս դիրքորոշում է հայտնել դիմումի վերաբերյալ՝ շեշտելով, որ դիմումը չի պարունակում դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, և բացակայում են վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ թույլ տալու վերաբերյալ առերևույթ հիմքերը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930