Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է Մեդիալաբի ծաղրանկարների և շապիկների գողության առնչությամբ իր կարծիքը

Սեպտեմբեր 13,2016 15:49

ԿԱՐԾԻՔ

Սույն թվականի օգոստոսի 7-ին Մեդիալաբ  լրատվական կայքի աշխատակազմը անցկացրել է «Չարգելված» խորագրով քաղաքական ծաղրանկարների բացօթյա ցուցահանդես Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Մինչ այդ նման ցուցահանդեսներ անցկացվել են Վանաձորում և Գյումրիում:

Ի սկզբանե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ցուցահանդեսն անցկացնել փակ տարածքում մեկ շաբաթ ժամկետով, սակայն տարածքի սեփականատերը մերժել է տրամադրել տարածքը այն բանից հետո, երբ տեղեկացել է միջոցառման բնույթի մասին։ Նմանապես, այլ փակ տարածքների սեփականատերերը հրաժարվել են վարձակալությամբ տրամադրել տարածքներ։ Կազմակերպությունը ստիպված է եղել ցուցահանդեսը անցկացնել բացօթյա տարածքում՝ Մաշտոցի պուրակում։ Ցուցահանդեսում ցուցադրվել են քաղաքական թեմաներով ծաղրանկարներ, ինչպես նաև ծաղրանկարներով շապիկներ որոնք ամրացվել էին պարաններին, իսկ ոմանք էլ շապիկները հագել ու շրջել են պուրակում։

Ցուցահանդեսի ավարտից հետո, գիշերը անհայտ անձինք կոտրել են «Մեդիալաբ» կայքի տնօրենի մեքենայի հետնապակին և գողացել բոլոր ծարանկարները և շապիկները: Դեպքի վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում ոստիկանության համապատասխան բաժին։

Իր թիվ 31 որոշման մեջ Խորհուրդն արդեն անդրադարձել է ծաղրանկարչությանը որպես երգիծանքի տեսակ, իսկ վերջինս՝ որպես գեղարվեստական, ինչպես նաև սոցիալական արտահայտչամիջոց հանդիսանալու հանգամանքին, որն իրեն բնորոշ բոլոր չափազանցություններով, իրականությունը աղավաղելու, հրահրելու ու սուր քննադատության ենթարկելու հատկանիշներով գտնվում է արտահայտվելու ազատության իրավունքի լայն պաշտպանության տակ:[1] Պաշտպանության շրջանակները հատկապես լայն են, եթե ծաղրանկարները ներկայացվում են մամուլի միջոցով, ինչպես նաև, եթե դրանք վերաբերում են քաղաքական գործիչներին, քաղաքական դեպքերին ու իրադարձություններին։ Այս առումով ծաղրանկարների ցուցահանդեսը գտնվում է պետական մարմինների պաշտպանության տակ և իրավասու պետական մարմինները, բացի հանրային կարգ ու կանոնը պահպանելու ընդհանուր պարտականությունից, կրում են նաև լրացուցիչ պարտականություն ապահովելու համար ցուցահանդեսի կայացումը առանց որևէ միջամտության։ Ծաղրանկարների և շապիկների գողությունը գույքը փչացնելու եղանակով միջամտություն է ծաղրանկարների հեղինակների և ցուցահանդեսի կազմակերպիչների արտահայտվելու ազատության իրավունքին՝ նույնիսկ եթե միջամտությունը տեղի է ունեցել ցուցահանդեսի ավարտից հետո։

Անկասկած է, որ ծաղրանկարների և շապիկների գողությունը գույք հափշտակելու նպատակով չի կատարվել։ Իրավապահ մարմինները սույն իրավախախտումը պետք է հետաքննեն ոչ միայն որպես գողության սովորական դեպք, որն ուղեկցվել է ուրիշի գույքը վնասելու եղանակով, այլ որպես հնարավոր քաղաքական դրդապատճառներով կատարված հանցագործություն։ Իրավասու պետական մարմինները պարտավոր են ոչ միայն բացահայտել իրավախախտ(ներ)ին, այլ նաև պարզել, թե արդյոք հանցագործությունը կատարվել է քաղաքական անհանդուրժողականության շարժառիթով։ Հակառակ դեպքում, նույնիսկ իրավախախտի բացահայտման դեպքում, հնարավոր չի լինի պնդել, որ պետական մարմինները կատարել են ազատ խոսքի դեմ ուղղված ոտնձգությունը բացահայտելու իրենց պոզիտիվ պարտականությունը։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930