ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը՝ ս. թ. սեպտեմբերի 14-18-ը կիրականացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: Այն այս տարի անցկացվում է «Ժողովրդական մշակույթը խաղաղության լեզուն է» կարգախոսի ներքո և նվիրվում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Արդեն ավանդական դարձած փառատոնը միտված է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային մշակութային երկխոսության խթանմանը:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին արտերկրից կմասնակցեն. Լատվիայից՝ «Սաուցեյաս» ժողովրդական երգի ու նվագարանների, Իտալիայից՝ «Զեզիգրադ» ժողովրդական թատրոնի, Բուլղարիայից՝ «Հասկովո» պարային, Իրանից՝ «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների և Քաշանի տիկնիկների թանգարանի թատերական խմբերը: Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Վարք Հայոց», «Ոստան», «Նարեկացի» ավանդական, ինչպես նաև «Աթուռ» ասորական ազգային երգի ու պարի խմբերը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Բյուրականում գտնվող «Տոնացույց» կենտրոնում, իսկ եզրափակիչ համերգը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ. Բյուրականում գործող «Տոնացույց» կենտրոնում՝ տիկնիկների, Գյումրիում՝ հայկական ավանդական ուտեստների, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ ավանդական արհեստների ցուցադրություններ: Փառատոնի ծրագիրը ներառում է նաև «Խաղաղության մշակույթ» թեմայով հանդիպում՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում: