Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանի տղամարդու խոսքը, Մարտի 1-ի գործն ու նոր գլխավոր դատախազի թեկնածուի խոստումը

Սեպտեմբեր 13,2016 14:02

ԱԺ-ում իր ծրագիրն է ներկայացնում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նրան հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի ՔրՕր-ում պատիժների մասին, որոնց հետ կապված ինքը խնդիր է տեսնում: Պատգամավորը նաեւ ասաց, որ մեզանում վատ ավանդույթ է դարձել կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, արդյոք հաճա՞խ չեն ընտրում կալանքը: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կալանքի յուրաքանչյուր ընտրություն պետք է ունենա հստակ հիմնավորումներ. «Ոչ մի վարույթ իրականացնող մարմնի համար ցանկալի չէ մեղադրյալին կալանքի տակ պահել: Քաղաքական առումով համադրություն անել ու ասել կալանքները շատ են կամ քիչ են՝ ճիշտ չէ: Եվրոպական դատարանը վերջերս փոխել է իր դիրքորոշումը եւ կոնկրետ դեպքերում պետք է միջնորդություն ներկայացնելիս բավարար հիմքեր լինեն, որ կալանքի տակ չմնալով՝ մեղադրյալը նոր հանցագործություն կկատարի, կխուսափի պատասխանատվությունից կամ կխոչընդոտի նախաքննության ընթացքին»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց Գեւորգ Կոստանյանի տված տղամարդու խոստումը, հիշեցրեց Մարտի 1- գործը. «Մենք խորհրդարան ենք մտել՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու եւ հանցագործներին ու կազմակերպիչներին պատժելու ծրագրով: Ձեր նախորդի նախորդը համարձակություն ունեցավ բացահայտ հայտարարել, որ գործը փակված է, նույնիսկ ծնողներին մեղադրեց՝ գործը ձգձգելու համար: Եկավ ձեր նախորդը, խոստումներ տվեց բոլորի ներկայությամբ՝ տղամարդու խոստում, խոստացավ, որ սայլը տեղից շատ արագ կշարժվի: Գնաց ինքը՝ իր խոստումների հետ՝ ոչինչ չանելով: Հիմա եկել եք դուք, ի՞նչ եք մտածում կազմակերպել այս ուղղությամբ»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն, այլ հարց է, թե մեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հնարավորությունները որքան են թույլ տալու՝ յուրաքանչյուր դեպքում ունենալ կոնկրետ ճշմարտության բացահայտում»:

Արթուր Դավթյանը խոստացավ, որ Մարտի 1-ի գործն ուսումնասիրելն ու բացահայտելն իր առաջնահերթություններից մեկն է լինելու. «Շատ լավ եմ պատկերացնում այս քրեական գործի ընթացքի հետ կապված բարձր հետաքրքրությունը մեր հասարակության մոտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930