«Կառավարության հրաժարականը ոչ միայն սպասելի ու տեղին էր, այլև ուշացած»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եղավ ՀՀ բոլոր տարիների ամենաանդեմ կառավարությունը. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունն աչքի չընկավ որևէ պրոակտիվ գործողությամբ, ավելին, նրա կառավարության գործողությունները մնացին միայն խոստումների դաշտում, հիշենք նախկին վարչապետի հայտարարությունն առ այն, որ կոռուպցիայի դեմ պայքար է սկսվում և այլն. ամենը մնաց թղթի վրա: Չկա մի կետ, որում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հաջողության հասավ»:
Մեր հարցին՝ «Սասնա ծռերի» գործողություններն արդյոք ազդեցություն ունեցա՞ն կառավարության հրաժարականի գործընթացի վրա, Նարեկ Գալստյանն այսպես արձագանքեց. «Այսպես կոչված «Սասնա ծռերի» գործողությունները երբեք չէին կարող իրական խորքային բարեփոխումներ անել: Աշխարհի ցանկացած երկրում հեղափոխության փորձը չի կարողացել հանգեցնել երկրում ժողովրդավարության զարգացման և դրական փոփոխությունների: Այլ խնդիր է, որ հասարակության գերակա մեծամասնությունը «Սասնա ծռերին» տվեց իր հավանությունը»:
Կարդացեք նաև
Ըստ Նարեկ Գալստյանի՝ երկրում վիրահատական փոփոխությունների կարիք կար, իսկ այդ գործողությունները վերջին կաթիլն էին:
Այս պահին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը չի ցանկանում կառավարության նոր ղեկավարից սպասելիքների մասին բարձրաձայնել՝ հորդորելով սպասել 100 օր:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Գալստյանը տեղեկացրեց, որ թեկնածուներ են առաջադրել 10 համայնքներում՝ թե՛ որպես համայնքի ղեկավար, թե՛ որպես ավագանի: Նա վստահեցրեց, որ բոլոր այն տեղերում, որտեղ առաջադրվել են, հաղթելու են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ