«Ուրեմս, Ջեյմս Փոթ չլինի, ով ուզում ա լինի, Ղարաբաղի հարցը ոչ մեկ չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, ով ինչ ուզում ա, թող խոսա»,- այսօր խորհրդարանում նստաշրջանի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Լրագրողները հետաքրքրվել են`ինչ է մտածում Սեյրան Սարոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարության մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը որոշակի շրջանների հանձնմամբ է հնարավոր:
«Ոչ մի գրող էլ չենք տա դրանց արևին»,- հայտարարել է Սեյրան Սարոյանը` հավելելով` մինչեւ ԼՂՀ կարգավիճակի հարցը չլուծվի, հնարավոր չի այդ մասին խոսել:
Լրագրողների դիտարկումներին, որ միջազգային հանրությունը, մասնավորաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կողմ են խնդրի կարգավորման այդ տարբերակին, Սարոյանը պատասխանել է. «Ասենք հա խոսում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա, հա թող խոսան, որ խոսացին ի՞նչ ա փոխվում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով արդեն ներհայաստանյան խնդիրներին, մասնավորաբար, Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությանը, գեներալ-պատգամավորն ասել է. «Շատ լավ եմ վերաբերում նրան, շատ բարձր: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան, օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերում, որ չթողեք ամեն մեկը ամբախ-զամբախ ինչ ասես խոսա, ցեխ շպրտի նրա վրա: Սաղս պետք ա պադերժկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք էր, ժամանակ էր, գործ էր, էն ժամանակ գնաց, էկավ էլի, ինքը Հայաստանի հետ միշտ էլ կապը պահել ա, Կարեն Կարապետյանը Հայաստանից երբեք չի գնացել»:
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո հայտարարեց, որ այլևս չի վերադառնալու քաղաքականություն, Սեյրան Սարոյանը պատասխանել է. «Կարեն Կարապետյանը երբեք չի ասել, որ չի վերադառնալու քաղաքականություն: Հենա, էն օրն էլ տելեվիզորով վերջին հարցազրույցը ցույց տվեցին, տենց բան ինքը չի ասել: Ինքը ասեց, որ ես տեղ էլ չեմ գնում, ես իմ ժողովրդի հետ եմ, ժողովրդի կողքին եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ