Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարություն. «եվրասիական սիլիկո՞ն», թե՞ արմատական փոփոխություններ

Սեպտեմբեր 13,2016 22:00

Կարեն Կարապետյանի «համլետյան» հարցը

Հայաստանի իշխանությունը որոշեց հանդես գալ նոր դեմքով: Բայց ի՞նչ պատահեց նրա «ավանդական» դեմքի հետ, որ ծագեց այդ որոշումը: Չէ՞ որ ամեն ինչ «զարգանում-աճում» է, նույնիսկ Պուտինն է մեզ «նախանձում», Սերժ Սարգսյանին հրապարակայնորեն մատնացույց անում, թե ինչպես է Հայաստանի ՀՆԱ-ն երկնիշ աճել Եվրասիական տնտեսական միության «հրաշալի» պայմաններում, իսկ Սերժ Սարգսյանն էլ հաստատում է, թե ինչ-ինչ ցուցանիշներով շատ բաներ, այո՛, բարելավվել են… Գուցե ավելի տրամաբանական կլիներ, եթե նախկին կառավարությունը, վարչապետը մնային, էլ ավելի զարգացնեին-խորացնեին-ընդլայնեին եւ այլն, եւ առաջիկա ընտրություններում, որն ինչպես խոստանում է իշխանությունը՝ ազատ, ազնիվ մրցակցության պայմաններում կառավարությունից գոհ ու շնորհակալ հանրությունն իր ձայները կտար գործող իշխանությանը: Բայց… ոչ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ, շատ մեղմ ասած՝ այն չէ:
Պուտինին Ռուսաստանում արդեն վաղուց չեն առարկում, իսկ Պետդուման վաղուց արդեն «բանավիճելու տեղ չէ», որպեսզի նրան հիշեցնեն Բիլ Քլինթոնի 1996թ. գլխավոր նախընտրական կարգախոսներից մեկը. It՚s the economy, stupid, սա տնտեսություն է, հիմա՛ր: Բայց եւ այնպես, ռուսների քաղաքական եւ տնտեսական խնդիրները թողնենք ռուսներին:

Իսկ Հայաստանի տնտեսության ցուցանիշները համառորեն ցույց են տալիս, որ այո՛, շատ մեղմ ասած, ոչ թե ինչ-որ բան այն չէ, այլ գործ ունենք ուղղակի տնտեսության ազատ անկման հետ: Պատճառներն էլ են քաջ հայտնի. արմատապես սխալ եւ արատավոր արտաքին քաղաքական որոշումներ, որոնք հանգեցրել են ինքնիշխանության կորստի, քաղաքականության եւ բիզնեսի «արյունապիղծ» սերտաճում (Ջորջ Սորոսի բնորոշումն է), տոտալ կոռուպցիա, մենաշնորհներ, մնացածը չթվարկենք… Եվ ընդհանրապես, ամենավերջին բանը, ինչի կարիքն ունի վարչապետի պաշտոնից «հինգ պակաս» Կարեն Կարապետյանը, դա այն է, որ մամուլով նրան հուշեն, թե ինչ է պետք անել, եւ ինչն անել պետք չէ: Այդ մասին նա մամուլի չափ հաստատ գիտի, ինչպես նաեւ գիտի, թե ինչպես անել այն, ինչը պետք է անել, եւ այն, ինչն անել պետք չէ՝ ինչպես չանել:

Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից անսպասելիորեն եւ առանց բացատրությունների հեռանալուց հետո նախընտրեց պաշտոններ զբաղեցնել ընկերություններում, որոնք, «թարսի պես», ներկայումս «պատվավոր տեղեր» են զբաղեցնում ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ թե՛ «Մեժռեգիոնգազը», թե՛ «Գազպրոմբանկը»՝ իր հայաստանյան մասնաճյուղի հետ միասին: Հետեւաբար ով՝ ով, բայց Կարեն Կարապետյանն անձամբ ականատեսն է եղել, թե ինչի է հանգեցնում Քլինթոնի կարգախոսում նշված «հիմարների» անթույլատրելի միջամտությունն ընկերությունների եւ ընդհանրապես՝ տնտեսական համակարգի գործունեությանը: Իսկ ամենակարեւորը՝ նա ականատեսն էր, թե ինչպես են քաղաքականություն ներթափանցած այդ «հիմարներն» անպատասխանատու քաղաքական վարքի պատճառով երկիրը դարձնում մերժված միջազգային հանրության կողմից եւ կաթվածի հասցնում տնտեսությունը՝ զրկելով երկիրն ապագայից: Նաեւ նա ականատեսն է եղել, թե ինչպես եւ ինչու հանկարծ «բարակեց» Իրանից եկող գազամուղը, իսկ իր ղեկավարած հայ-ռուսական ընկերությունը դարձավ ռուսական եւ վերածվեց արգելափակոցի՝ Հայաստանի ապագայի ճանապարհին:

Իհարկե, Կարեն Կարապետյանին նաեւ շատ լավ է հայտնի, թե իրականում ինչ է կատարվում Ռուսաստանի տնտեսության հետ, եւ նույնպես շատ լավ կպատկերացնի, թե Հայաստանի հետ ինչ է լինելու, եթե նոր կառավարությունը շարունակի «ընդլայնել-խորացնել-զարգացնել» կապերն այդպիսի տնտեսության հետ:
Երկար տարիներ Հայաստանում եւ բուն Ռուսաստանում աշխատելով «Գազպրոմի» համակարգում եւ նրա հետ փոխկապակցված ընկերություններում՝ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել «Գազպրոմի մարդու» համբավ: Սակայն, որքան էլ դա այդպես է, պարզ է, որ սա փակուղի է, եւ հազիվ թե Կարեն Կարապետյանը մեծ ափսոսանքով է թողել իր պաշտոնը Ռուսաստանում եւ վերադարձել Հայաստան՝ ստանձնելով վարչապետի, այն է՝ քաղաքական պաշտոն՝ օժտված «ծանր կնիքով» եւ լուրջ լիազորություններով:
Մի կողմ թողնենք նախընտրական համատեքստը, որն, անշուշտ, առաջնահերթն է կառավարության փոփոխության որոշման մեջ: Եվ պետք չէ զարմանալ, երբ հայրենական հեռուստացույցը մի նոր ոգեւորությամբ սկսի ի ցույց դնել նոր կառավարության բարեմասնությունները, դա էլ կանցնի եւ կտարրալուծվի նախընտրական թոհուբոհում: Եվ դրա մասին թող մտածեն ընտրվողները: Դա նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Կարեւորը բովանդակային կողմն է. ի՞նչ է մտադիր անել նոր կառավարությունը՝ իր նոր ղեկավարով հանդերձ: Իհարկե, պարզ է, որ խոսել ժողովրդի մանդատից կամ մանավանդ «ազգային համաձայնությունից» ուղղակի իմաստ չունի, քանզի անհրաժեշտ ընթացակարգն ընտրությունների ձեւով, ինչպես հայտնի է, բացակայում է: Եվ, անշուշտ, նույնիսկ չարժե փորձել այս քայլը հրամցնել որպես օգոստոսին խոստացած «ազգային համաձայնության կառավարություն»: Հետեւաբար նոր կառավարությունը կգործի այն քաղաքական որոշման «միջանցքում», որը սահմանել է կամ կսահմանի գործող իշխանությունը: Սակայն ո՞ւր է տանում այդ «միջանցքը»:

Պարզ է, որ տնտեսությունը փակուղուց հանել չի ստացվի, եթե տեղի չունենա վերակողմնորոշում դեպի Արեւմուտք եւ Հարավ, այն է՝ Վրաստան-Արեւմուտք եւ Իրան՝ դուրս բերելով Հայաստանը Ռուսաստանի փլուզվող տնտեսությունից եկող ուղղակի ռիսկերի տակից: Եվ պարզ է նաեւ, թե ինչու մինչ օրս դա տեղի չի ունեցել: Պարզ է, որ դրա համար պետք է ուղղակի դիրեկտիվ ճանապարհով ջարդել բոլոր մենաշնորհները՝ սկսելով առաջին հերթին ռուսական պետական ընկերությունների մենաշնորհներից՝ այդ խայտառակ վատ կառավարվող, պատժամիջոցների տակ հայտնված, ՌԴ իշխանությունների եւ ռուսական կրիմինալի հետ սերտաճած ընկերությունների մենաշնորհներից, որոնք ուղղակի քամում են Հայաստանը: Պետք է նույն այդ դիրեկտիվ ճանապարհով տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, զսպել պաշտոնյաների եւ «խոշորների» ախորժակը եւ բացել թթվածինը միջին եւ մանր բիզնեսի համար, արդիականացնել հարկային եւ մաքսային վարչարարությունը՝ մաքրելով դրանք «եվրասիական» կեղտոտ գործելակերպից եւ այլն:

Արդյո՞ք դեպի այդ մենաշնորհների կազմաքանդում է տանում այդ «միջանցքը», որի մեջ էլ գործելու է Կարեն Կարապետյանը եւ նրա գլխավորած կառավարությունը: Եվ, հետեւաբար՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանի կառավարությունը հենց այն կառավարությունն է, որը կկապի Հայաստանով Պարսից ծոցը եւ Սեւ ծովը, կկնքի եւ կիրագործի համապատասխան պայմանագրերը Վրաստանի, Իրանի եւ Եվրամիության հետ, կհաստատի եւ կլցնի բովանդակությամբ Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունները, ինչի մասին բազմիցս ուղիղ տեքստով հայտարարել են ամերիկյան պաշտոնյաները:

Թե՞ Կարեն Կարապետյանին տրված է այն «միջանցքը», որի սահմաններում նա պետք է էլ ավելի «զարգացնի-խորացնի-ընդլայնի» Հայաստանի «ինտեգրացիան» ԵՏՄ առաջ՝ Էդվարդ Նալբանդյանի կողմից շատ սիրելի պարտավորությունների շրջանակներում, անկախ նրանից՝ կմնա՞ նա ԱԳ նախարարի պաշտոնին, թե՞ ոչ: Գուցե նոր կառավարությունը նրա համար է, որպեսզի «ինչ-որ բան փոխի, որպեսզի ոչինչ չփոխի», իսկ օլիգարխները եւ կոռումպացված, ինչպես նաեւ քրեականացված «գազանամողեսները» շարունակեն ապրել սկզբունքով՝ «որ մեզ մոտ ամեն ինչ լինի, բայց դրա համար մեզ ոչինչ չլինի»:

2011թ. հոկտեմբերին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջ, ըստ ամենայնի, հենց այդպիսի «խնդիր» էր դրված, ինչը կոտրեց նրա «դրայվը», եւ նա լքեց պաշտոնը: Սակայն 2016-ին այլեւս չկա այն պայմանական «Գազպրոմը», որտեղ նա ապագային միտված հեռանկար կգտնի: Ամեն բան անճանաչելիորեն փոխվել է:
Եվ այստեղ է, որ խաղադրույքները բազմապատիկ մեծանում են: Այստեղ է, երբ քաղաքական գործչի պատվախնդրությունը, հակառակ «տուն պահողի» ավանդական մոտեցման, կարող է տանել դեպի դրական ելք: Իսկ ընտրությունը մեծ չէ. ինչպես Կովկասում ընդունված էր, ըստ հայտնի ֆիլմի՝ «կամ ԶԱԳՍ, կամ դատախազություն», իսկ տվյալ դեպքում՝ լինե՞լ արդյոք քաղաքական պաշտոն ստանձնած Կարեն Կարապետյանին քաղաքական գործիչ, թե՞ չլինել: Այս՝ քաղաքական իմաստով «համլետյան» հարցի պատասխանն ունի միայն ինքը՝ անձամբ Կարեն Կարապետյանը: Իսկ պատմությունը կարձանագրի. մենք՝ հանձին նոր կառավարության, գործ ունեինք կարճատեւ գործածության «եվրասիական սիլիկոնի՞» հետ, թե՞ Հայաստանում իրականում սկսվեցին արմատական համակարգային փոփոխություններ:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Նկարը՝ Banks.am

«Առավոտ»

13.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930