Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չենք պատրաստվում ստորագրել ԸՕ շուրջ համաձայնագիրը». Սոնա Այվազյան

Սեպտեմբեր 13,2016 12:34

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք չեն նախաստորագրել ու չեն էլ պատրաստվում ստորագրել սեպտեմբերի 10-ին ընդդիմության և իշխանության միջև ստորագրված՝ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնագիրը:

«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ իրենք նախաստորագրման ժամանակ նույնիսկ ներկա չեն եղել ու պարզաբանեց. «Սա քաղաքական ուժերի համաձայնագիր է, և մենք՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չենք պատրաստվում ստորագրել այն, մենք պարզապես մեր կարծիքն ենք հայտնում այդ համաձայնագրի տեքստի և մեխանիզմների վերաբերյալ»:

Սակայն դրական գնահատելով նախաստորագրման փաստը՝ շեշտեց, որ մեխանիզմները տեսականորեն իրեն հույս են տալիս, բայց միայն պատշաճ կիրառության դեպքում դրանք կարող են կանխել ցուցակների հաշվին ուռճացված թվեր ներկայացնելն ու արդյունքներ կեղծելը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը փոխանցեց, որ իրենց համար անսպասելի՝ մեկ օր առաջ, հրավիրել են նախաստորագրման գործընթացին, ու իրենք, բնականաբար, չէին նախատեսել ու քննարկել նման գործընթացի հնարավորություն ու մինչ այդ պահը՝ ընդհուպ նախորդ օրը, քննարկել ու ավարտին էին հասցրել այն փաստաթուղթը, որը պետք է նախաստորագրվեր:

Այնուամենայնիվ, փաստաթղթի նախաստորագրումը Տիգրան Եգորյանը համարում է ՀՀ ինքնիշխանության դրսևորում. «Ստորագրված ցուցակների հրապարակումն ամենաէական կետերից է այս համաձայնագրում, որը էապես հնարավորություն կտա կանխարգելել այլ անձանց փոխարեն քվեարկություններն ու լցոնումները, քվեարկության արդյունքների կեղծման տեսքով խախտումները»:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին՝ հատկապես ընտրակեղծարարության մասով, «Իրավունքի գերակայություն» հ/կ-ի անդամ Արտակ Զեյնալյանն ասաց. «Եթե որևէ իրավունք սահմանված է իրավական ակտով, և ապահովված չէ դրա կատարումը գործնականում ու դրա չկատարելու դեպքում պատասխանատվությունը, դա դառնում է հռչակագրային: Ինչ վերաբերում է համաձայնագրի նախաստորագրմանը, ապա մենք պատվիրակված լիազորություն չենք ունեցել այդ փաստաթուղթը ստորագրելու քաղհասարակության անունից»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները երբեմն հետ էլ կանգնել նույնիսկ օրենքների կատարումից, նշեց. «Պիտի դեռ համոզվեն, որ այն, ինչ տեղի է ունենում այս ամենի շուրջ, իրոք քաղաքական կամքի արտահայտման ձև է: Շատ կարևոր են հանրային վերահսկողության մեխանիզմները, և արձանագրում ենք դրա բացակայությունը Ընտրական օրենսգրքում: Անհրաժեշտ է, որ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները լինեն իշխանական վերահսկողությունից դուրս անձինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930