Ստվերային կառավարության գաղափարը Հայաստանում ընդունվում է որպես Արեւմուտքից եկած ինչ-որ խաղ, որը բացարձակապես կիրառելի չէ մեր պայմաններում: «Ի՞նչ ստվերային կառավարություն, ի՞նչ եք հնարել, ամեն ինչ շատ ավելի պարզ է. լափողներին պետք է հանել, չլափողներին դնել, որ ժողովուրդը լավ ապրի»։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ «չլափողներ», ըստ էության, չկան։ Չէ, իհարկե, մայր Թերեզան կամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դա չեն անի ոչ մի պարագայում։ Բայց միջին վիճակագրական մարդը գողանալու է՝ ա/ եթե դրա հնարավորությունն ունի, բ/ եթե ենթադրում է, որ չի բռնվելու, գ/ եթե գողանալն ավելի ձեռնտու է, քան չգողանալը։ Այդ երեք նախապայմանները միասին ստեղծում են մի համակարգ, որում ապրում ենք մենք եւ աշխարհի շատուշատ երկրներ: Դրանց նշանակության նվազեցման (իսպառ վերացմանը ես չեմ հավատում) հետեւանքով առաջանում է մեկ այլ համակարգ, որին մենք ձգտում ենք:
Համակարգը կարելի է կոտրել համակարգով: Իսկ այդ «հակահամակարգը» կարող է առաջանալ այն դեպքում, երբ ընդդիմադիրները դադարեն հույս դնել բացառապես «ժողովրդական հույզերի» եւ բնազդների վրա եւ մշակեն ծրագրեր ամեն մի կոնկրետ ոլորտում: Ահա թե ինչում եմ ես տեսնում «ստվերային կառավարության» նշանակությունը: Իհարկե, այդ մեխանիզմը Հայաստանում չի կարող կիրառվել դասական իմաստով, որով գործում է Բրիտանիայում, որտեղ ստվերային կաբինետը ձեւավորվում է խորհրդարանական փոքրամասնությունից եւ առանցքային դեր է խաղում այդ երկրի քաղաքական համակարգում: Մեզանում առայժմ դա կարող է լինել պարզապես որպես ընդդիմության ծրագիր:
Այդ առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը հետաքրքիր է: Կարծում եմ, որ այս, ըստ էության, նախընտրական փուլում ընտրողները պետք է իմանան, թե այս կամ այն կուսակցությունն ինչ «կադրային բանկով» է իրականացնելու այն համակարգային փոփոխությունները, որոնց անհրաժեշտության մասին բոլորը խոսում են: Օրինակ՝ ումից ես պետք է իմանամ, թե ինչպես է տվյալ կուսակցությունը տեսնում Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումը (իսկ որ այստեղ կտրուկ փոփոխություններ պետք են, կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի), եթե ոչ տվյալ կուսակցության «կրթության ստվերային նախարարից»:
Ընդհանրապես, դատելով Նիկոլ Փաշինյանի պրոֆեսիոնալ կառուցված ելույթներից, ինչպես նաեւ, օրինակ, Խորենացի փողոցի հանրահավաքում կիրառված ժեստից՝ ձեռքերը ափերով վեր, որը խորհրդանշում է անզեն քաղաքական պայքարը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատում են լուրջ քաղաքական տեխնոլոգներ՝ կարծում եմ, ոչ Հայաստանից: Դա, իմ կարծիքով, ոչ թե թերություն է, այլ առավելություն. «տնայնագործական» պոպուլիզմի՝ «վայ, թալանեցին, վայ, թուրքից վատն են» ժամանակն անցել է: Պոպուլիզմը նույնպես պետք է դրվի «գիտական հենքի» վրա:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
1. «Համակարգը կարելի է կոտրել համակարգով:» – «Клин клином вышибают.»:
2. Իսկ Հայաստանում, ո՞ր համակարգն է (դեմոկրատական, կրոնական, կուսակցական, ֆինանսական, իշխանական եւ նման այլ…) աշխատում առանց լուրջ քաղաքական տեխնոլոգների (ոչ Հայաստանից) եւ նրանց (օտարերկրյա) գիտական ու ֆինանսական հենքի վրա դրած պահանջների:
3. https://www.aravot.am/2012/04/12/294501/
Հարգելի պարոն Աբրահամյան ձեռնպահ եմ մնում գնահատելուց Փաշինյանի պրոֆեսիոնալիզմը և ելույթների կառուցվածը:
Մի նկատառում-եթե կհիշեք Վազգեն Մանուկյանն էլ ժեստ ուներ դեռևս 1996 թ. V տառի պես:
Րաֆֆին բարևում էր բոլորին:
Էլ չեմ ասում 88-ի շարժման բռունցքների մասին:
Դրա՝ տեխնոլոգիայի նորությունը, առավել ևս ԱՐևՄՏՅԱՆԸ որն է????????
Կարծսես թթե ինչ որ նորություն չեմ տեսնում
Ասա ասելիք լինի, մենակ տեխնոլոգիան անօգուտ է ու շոու_պոպուլիստական է և հետաքրքիր , բայց ոչ ավելին:
Համակարգը կոտրել համակարգով»…եւ՝ երկրի կառավարմանը շատ մոտ չթողնել այն «քաղաքական գործիչներին»,որոնք՝«ղարաբաղյան» հիմնախնդիրը,որպես «ցատկահարթակ» են օկտագործել իշխանության գալու եւ կարիերայի համար,իսկ երկրի բարօրության հարցի վրա, այսպես ասած՝ թքած ունեն։ Օրինակը,որքան ուզեք,հենց՝ երեք նախագահները…
Սոված մկանը ինչքան էլ բացատրես թե էդ պանրին թաթդ չգցես, թակարդը կընկնես, չես էլ հասցնի վայելել էդ չարաբաստիկ պանիրը, նույնն է՝ ոչ հայկական փողերով մեր խելոք գերազանցիկ հայերը փորձում են իրենց ազգին օգուտ տալ՝ էդ ոչ հայ փող տվողը հո միամիտ չի, դրանով մեր խելոքներին հայ ազգից կտրում են պարզապես:
Այստեղ արտայայտված ամեն մի մտքի համար կարելի է երկար վիճել: Այս հարցերը մի կարճ գրությունով չեն եզրափակվում: Եվ ինչպես նշված է՝ պրոֆեսիոնալիզմ է պահանջում:
Իմ կարծիքով, գրերից սովորածներն ու ուրիշ երկրների փորձը, իհարկե, կարևոր է իմանալ, բայց ամեն ազգ ունի իր անցյալն ու պատմությունը, իր ներկան, իր հարցերը, ու ամենակարևորը՝ իր ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ: Ինչո՞ւ պիտի հագնենք շորն օտարի, երբ այդ շորը մեր մարմնի համար չէ: Ի՞նչ ստվերային կառավարության մասին է խոսքը, երբ ամբողջ երկիրը դիմագրավում է օրհասական հրատապ հարցեր (Չէ՞ք կարծում դա մի-քիչ ծռտիկ է, մեզ համար չէ): Մի՞թե Հայաստանը Բրիտանիա կամ Ֆրանսիա է: Մի՞թե կարելի է համեմատություններ անցկացնել եվրոպական առաջադեմ երկրների ու ներկա Հայաստանի միջև: Ո՞րն է տարբերությունը: Ասեմ հիմա: Հայը, որպես անձ, շատ զարգացած ու գիտուն է, բայց որպես հավաքականություն ու ազգային նպաակ ունեցող ազգ՝ համարյա չկա: Ու իշխանությունները ձևավորվում են ազգային նպատակի ու այդ հիման վրա: Չեմ երկարացնի խոսքը: Սա ասելով ո՛չ դեմ եմ, ոչ էլ կողմ եմ Հայաստանի ներկա իշխանություններին: Ամեն ինչ համեմատական է: Կան դրական աշխատանքներ, կան լուրջ բացթողումներ:
Նաև.- Իմ կարծիքով, հենց դրսի աշխարհը (հատկապես եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը), լավ հասկանում են Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը, ու սխալ է կարծել թե նման միջոցների դիմողները (օրինակ՝ ոստիկանատան գրավողները, ստվերային կառավարությունը ևայլն) կունենան այդ երկրների նեցուկը: Պատկերը դա չէ (իմ կարծիքն է): 21-րդ դարում, որ հայտնի է որպես տեխնոլոգիաների ու հաղորդակցության դար, քաղաքական աշխարհը շատ արագ կարող է ստուգել ցանկացած երկրի ցանկացած քաղաքական կազմակերպության իրավիճակը (նաև այն որ այդ խմբերին համակրո՞ւմ է ժողովուրդը):
Ուրիշին նմանակելով տեղ չենք հասնի: Ինչպես հայաստանցին է սիրում միշտ ասել.- «Մերն ուրիշ է»: Զոռով չի: