Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը բարեփոխումները թող սկսի մաքսայինից ու հսկիչ գներից»

Սեպտեմբեր 12,2016 09:00

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության սեպտեմբերի 15-ի նիստին, որն իր մասնակցությամբ աոաջինն էր, առաջին իսկ հանձնարարականն ուղղեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Սա, ըստ երևույթին, պատահական չէր, քանի որ գործարարները տարիներ շարունակ դժգոհում են հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների կամայական գործելաոճից, սակայն դրա վերջը չի դրվում։

Հիշեցնենք, որ վարչապետը դիմելով ՊԵԿ նախագահին՝ ասել էր. «Հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում եւ գործունեության թափանցիկության ապահովում։ Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որեւիցե ձեւակերպում, որեւիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»։

Այդ ձեւակերպումներից մեկն օրինակ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող հսկիչ գներն են։ Այս հսկիչ գները իսկական խոչընդոտ ու կոռուպցիոն ռիսկ են առաջացնում։ Գործարարները բազմիցս բարձրաձայնել են սրա մասին, բայց միեւնույն է՝ խնդիրը չի լուծվել, եւ տարիներ շարունակ մաքսայինը որեւէ ապրանքի ներմուծման համար մաքսային արժեք է սահմանում ոչ թե գործարարի ներկայացրած գները, այլ իր սրտի ուզածը, եթե, իհարկե, «յուրայիններ» չեն այդ գործարարները։

Օրինակ՝ գործարարը համաշխարհային ճանաչում ունեցող մի ընկերությունից, ասենք՝ ներմուծում է դեղորայք, եւ այս եվրոպական խոշոր դեղագործական ընկերությունը, որի տարեկան շրջանառությունը մեր երկրի բյուջեի չափ է եւ աշխարհի մոտ 200 երկրներում ներկայացուցչություն ունի, Հայաստան դեղորայք ներմուծելիս, բնականաբար, սահմանին հաշիվ-ապրանքագիր է ներկայացնում այդ եվրոպական ընկերության հետ կնքած պայմանագրի հիման վրա, այդ ընկերության տրամադրած գներով։ Ու մաքսավորը կասկածի տակ է դնում այդ խոշորագույն ընկերության ներկայացրած գները, թե բա՝ էժան եք ասում, մեր հսկիչ գներն ավելի բարձր են։ Նշենք, որ որքան գները բարձր են, այնքան մաքսային արժեքը բարձր է լինում։ Մաքսայինի հսկիչ գները կիրառվում են գրեթե բոլոր տեսակի ներմուծումների դեպքում, իսկ կոռուպցիոն ռիսկերը կարող են դրսեւորվել ուղղակի գործարարի եւ մաքսայինի աշխատակցի միջեւ գների շուրջ համաձայնության գալով։

«Աոավոտի» թղթակցի հետ զրույցում որոշ գործարարներ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը հենց այս խնդրի վրա հրավիրեցին։ Նրանք ասացին, որ լավ կլինի տնտեսությունում բարեփոխումները սկսվեն սահմանից ու այս հսկիչ գներից, քանի որ սա էլ գործարարությամբ զբաղվելու գլխավոր խոչընդոտներից մեկն է. «Ոմանք Կարեն Կարապետյանի հետ հույսեր են կապում, բարեփոխիչ համարում, ուրեմն բարեփոխումները թող սկսի մաքսայինից ու հսկիչ գներից»։

ՆեԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930