Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը Սարատակի գյուղապետի որդու՝ 65-ամյա կնոջը ծեծելու ու կեղծ ընտրացուցակների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2016 23:33

Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իր մոտ կանչե՞լ, բացատրություն պահանջե՞լ է Սարատակ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Միշա Ղրզոյանից այն մասին, թե ինչո՞ւ է որդին՝ Արթուր Ղրզոյանը ծեծել համագյուղացի 65-ամյա կնոջը՝ Սվետլանա Վարդանյանին։

Հիշեցնենք, որ մամուլում բուռն քննարկումների ենթարկվեց այս դեպքը. Միշա Ղրզոյանը, որը 10 տարվա գյուղապետ է ու նորից հավակնում է այդ պաշտոնին, կտրականապես հերքել էր իր որդու՝ տարեց կնոջը ծեծելը՝ նշելով, որ դա Շիրակի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանի սարքած պատմությունն է։ Մինչդեռ ծեծի ենթարկված Սվետլանա Վարդանյանը, որը վերադարձել էր հորեղբոր տնից ու ճանապարհին ենթարկվել հարձակման, մթան մեջ ճանաչել էր իրեն գետին գցողին, ոտքով ու ձեռքերով հարվածողին։ Հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Հովսեփ Սիմոնյանն ասաց․«Ես խոսակցություն չեմ ունեցել գյուղապետի հետ մեկ պարզ պատճառով․ դուք գիտեք, որ շոշափվում է նաև Մանուկյան Ռոմիկի, Դաշնակցության անունը, մի քանի անգամ գյուղապետը հարցազրույցներ է տվել։ Ես ընդհանրապես հանդիպում չեմ ունեցել՝ խուսափելով ավելորդ խոսակցություններից, բայց և ցանկացած խոսակցություն հետագայում մեկնաբանվելու է, ես ընդհանրապես հեռու եմ մնացել, հիմա էլ ցանկություն չունեմ անդրադառնալ այս խնդրին։ Մի բան կարող եմ ասել, որ անպայման հետևելու եմ մինչև վերջ, եթե եղել է՝ պատասխան տան, եթե չի եղել՝ էլի պատասխան տան, թե ինչո՞ւ են վարկաբեկում։ Սա իրավապահ մարմինների խնդիրն է, այստեղ մարզպետի որոշելիք խնդիր չկա և որպես մարզպետ՝ հետևելու եմ գործընթացին մինչև վերջ, որ բոլորս միասին պատկերը ունենանք, թե իրականում ինչ է կատարվել»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մարզպետը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ նույն գյուղում կեղծ ընտրողների դեմ պայքարելու համար․ գյուղն ունի 1026 ընտրող, բայց բոլոր տների հասցեներում տանտերերին անծանոթ մարդկանց անուններ են գրանցված։ Սարատակի գյուղապետը նույնիսկ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանին չի խնայել, նրա տան հասցեում էլ մի անհայտ անձ կա գրանցված՝ Ռուշանյան Արմենակ անուն-ազգանունով։

Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ ոստիկանությունն այս պահին զբաղվում է այդ հարցով։ «Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս նաև այդ հարցի պատասխանը կունենամ, հիմա չեմ ուզում շտապել, որևէ բան ասել, որովհետև նորից իրավապահ մարմինների խնդիրն է, ցուցակները իրենք են ներկայացնում որպես լիազոր մարմին, իրենք պիտի ճշտեն, ասեն, թե թերությունները ի՞նչ պատճառով են կամ արդյո՞ք թերություն են, թե՞ թերություն չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բ.Ղ. says:

    միշտ մտածել ենք, որ դաշնակցությունը լուրջ ու ինքնուրույն ուժ է, բայց անցալ օրը իրենց թեկնածուն էնպես սկսեց պաշտպանել բալասանյանին, որ հասկացանք, որ սրանք էլ բալասանյանի գրպանում են

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930