Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Դավթյանը շրջանառվող թեկնածուների շրջանակում վատագույնը չէր». Երվանդ Վարոսյան

Սեպտեմբեր 12,2016 23:22

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հնարավոր շրջանառվող թեկնածուների շրջանակում վատագույնը չի համարում:

«Ինչ վերաբերում է դատախազության ձեռքբերումներին, որոնց մասին Արթուր Դավթյանը նշում էր՝ առանց մանրամասնելու, ես մի քիչ այլ կարծիքի եմ, հույս ունեմ, որ իր գլխավոր դատախազ լինելու ժամանակահատվածում, իրոք, ինչ-որ փոփոխություններ կարձանագրվեն՝ ե՛ւ բարեփոխումների, ե՛ւ բաց աշխատելու առումով»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Վարոսյանը:

Մեր հարցին, թե դուք Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված Վալերի Պերմյակովի գործով ներգրավված փաստաբան էիք, այդ գործում դատախազության բացթողումներ արձանագրե՞լ եք:

Հիշեցնենք, որ դատախազի թեկնածուն պնդում էր, որ դատախազությունն այդ գործում բացթողումներ չունի, ըստ նրա, բացթողումներ չունի նաեւ այն հարցում, որ Պերմյակովը պատիժը Հայաստանում չի կրելու:

«Մեր կարծիքը արդեն ասել ենք, որ այն պահին, երբ Պերմյակովը ձերբակալվեց ռուս իրավապահների կողմից, այդ պահին այդ հարցը փակվեց, նա հայտնվեց ՌԴ իրավազորության ներքո.  այստեղ խնդիրը մեր իրավապահներինն էր, որոնք այդ օրը պետք է ձեռնարկեին բոլոր հնարավոր միջոցները, որ իրենք ձերբակալեին այդ անձին, այն էլ՝ Հայաստանի տարածքում: Իսկ Հայաստանի  տարածքում համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու եւ որոնողական աշխատանքներ անելու իրավունք չունեցող ՌԴ իրավապահները կարողացան ձերբակալել այդ զինվորին»,- ասաց փաստաբանը:

Մեր դիտարկմանը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը տղամարդու խոստում էր տվել, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման ՀՀ օրենսդրությամբ և մեր դատարանում դատապարտվի, այս խոստման չիրականացման դեպքո՞ւմ էլ դատախազության բացթողում չա, պարոն Վարոսյանը շարունակեց. «Ճիշտն ասած, այդպես չէի համարի, պետք էր ժամանակին նրան ձերբակալել, եթե չես ձերբակալում, ապա որեւէ մեկից այլեւս պահանջելու իրավունք չունես»:

Ինչ վերաբերում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, գլխավոր դատախազի թեկնածուի պնդումներին, պարոն Վարոսյանն ասաց. «Այն որ չկան, համաձայն չեմ, չէի էլ ակնկալում, որ պետական պաշտոն զբաղեցնող որեւէ անձ Հայաստանում ասելու է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Առհասարակ պատմության մեջ չեք գտնի որեւէ երկիր, որտեղ որեւէ պատմական ժամանակաշրջանում եղած լինեն քաղբանտարկյալներ եւ որեւէ պետական պաշտոնյա ընդունի այդ փաստը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930