Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում դատախազները տեսականորեն են անկախ». Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 12,2016 22:33

Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը բացառում է, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը թույլ տա ՀՀ դատախազությանն ու մասնավորապես, գլխավոր դատախազին հանդես գան որպես ինքնուրույն սուբյեկտ:

«Իրավակարգավորումների շրջանակում դատախազն ինքնուրույն է որոշումներ կայացնում ու նրա ընդունած որոշումները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով, բայց խնդիրն այդ հարթությունում չէ…Հայաստանում դատախազները տեսականորեն են անկախ, ես գործնականում չեմ տեսել ու չեմ կարող լավատեսական շեշտադրմամբ հայտարարել, որ ՀՀ դատախազությունը կարող է քաղաքական իրավիճակով պայմանավորված կամ քաղաքական կամքի արտահայտման դեպքում դեմ գնալ այդ քաղաքական կամքի արտահայտմանը եւ իրականացնել այնպիսի գործառույթներ, որոնք հաճո չլինեն գործադիր իշխանության ղեկավարին կամ պետության առաջին դեմքի քիմքին»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի պնդմանը, թե այսօրվա իրավական կարգավորումները թույլ են տալիս, որ դատախազությունը հանդես գա անկախ մարմին:

Անդրադառնալով Արթուր Դավթյանի այն պնդմանը, թե դատախազությունը տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք է կատարել, բավականին բարեփոխումներ իրականացրել, պարոն Նորիկյանը նկատեց, որ այս տարիներին ոլորտում ոչ արտառոց հետընթաց, ոչ էլ արտառոց բարեփոխումներ են եղել. «Նախկին գլխավոր դատախազը պարզապես ուզում էր արտահայտությունների հիման վրա տպավորություն ստեղծել…չեմ կարծում, որ քրեական արդարադատության իրականացման ոլորտում առանձնացող դատախազությունը որպես կարեւորագույն սուբյեկտ հասել էր այն ցանկալի զարգացման մակարդակին, որի մասին խոսում էր նախկին դատախազը»:

Ըստ նրա, Արթուր Դավթյանը վերջին երեք տարում եղել է Երեւանի դատախազ ու ոլորտում իր անձի գործունեությունն էլ դերակատարում ունի. «Հիմա հասարակությունը պետք է գնահատի: Դատախազությունը շատ անելիքներ ունի ՀՀ հասարակության վստահությունը ձեռք բերելու համար, որովհետեւ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Այսինքն, օրենքը մեկի դեպքում կիրառվում է, մյուսի դեպքում չի կիրառվում: Բայց դատախազությունն է, որ քրեական գործի նկատմամբ իրականացնում դատավարական հսկողություն»:

Պարոն Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ճի՞շտ է համարում «Սասնա ծռերին» հաց տարած անձին կալանավորելը եւ հաց տանելուն չվերաբերող մեղադրանք առաջադրելը:

Հիշեցնենք, որ դատախազի թեկնածուն սրա վերաբերյալ ասել էր, որ արարքը հաց տանելուն չի վերաբերում, իրավական առումով հաց տանելը չի դատապարտվել:

Ըստ պարոն Նորիկյանի. «Հերքվեց որ այդ մարդը հետապնդվում է  հաց տանելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել բոլորովին այլ քայլերի համար, բայց չի ասվում՝ որ քայլերի:

Դատախազի թեկնածուն էլ չմանրամասնեց հանգամանքները, այ երբ որ նախաքննությունն ավարտվի, հասու կլինենք տիրապետելու քրեական գործի նյութերին ու կկարողանանք գնահատել՝ տվյալ անձը, ինչ արարքների համար է քրեական հետապնդման ենթարկվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930