«Այն, ինչ տեղի է ունենում, ես ընդհանրապես չեմ կապում «Սասնա ծռերի» տղաների գործողությունների հետ»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն պնդումներին, թե կառավարության հրաժարականը «Սասնա ծռերի» գործողությունների արդյունք է, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր. «Մեր եղբայրներ «Սասնա ծռերի» գործողության արդյունքում եղավ մի գործողություն, ապստամբությունը նկատի ունեմ, որն ունեցավ իր աջակցությունը հասարակության կողմից, եւ, ըստ էության, այն քաղաքական պահանջները, որ տարիներ շարունակ մենք ձեւակերպել էինք, «Սասնա ծռերի» վերաձեւակերպմամբ հասարակությունը ամբողջովին ընդունեց։ Սա բերեց նրան, որ կառավարությունը հրաժարական տվեց»:
Մեր այն դիտարկմանը, թե Արտակ Դավթյանը ժամանակին «Սասնա ծռերի» գործողությունները քննադատողների շարքում էր, հիմա, հասարակական նման տրամադրությունները հաշվի առնելով, չի՞ փոխել մոտեցումը, պարոն Դավթյանը պատասխանեց. «Իհարկե, դա ճանապարհ չէ, դա ոչ խոհեմ արարք է, քանի որ հարցն ամբողջությամբ իրավական հարթությունում է, առաջիկայում մենք իրավական գնահատականի ականատեսը կլինենք: Իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ այն, ինչ կատարվում է այժմ, զինված խմբի գործողությունների արդյունք է, նրանք սխալվում են»:
Արտակ Դավթյանը պնդեց, որ ներկայիս զարգացումները սահմանադրական հանրաքվեին հետևող փոփոխությունների շարքին են դասվում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթից են նաև բխում: Ըստ Արտակ Դավթյանի`ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» գործողությունները դանդաղեցրին այն, ինչ պիտի կատարվեր, քանի որ ըստ պատգամավորի` այս ամենն ավելի շուտ պիտի կատարվեր: Հետաքրքրվեցինք ` կոնկրետ տեղեկություննե՞ր ուներ, որ ավելի վաղ նախատեսվում էր կառավարության հրաժարական, պարոն Դավթյանը պատասխանեց. «Կոնկրետ տեղեկություններ պետք չէ ունենալ, ուղղակի փետրվարին ՀՀ նախագահն ասաց, նաև դա ասվել էր դեկտեմբերին, որ նոր իրողություն է ստեղծվելու: Բայց այդ ժամանակ մտքի գերի դարձած մարդիկ տարբեր բաներ էին ասում, պնդում էին, թե այդ ամենն արվում է իշխանությունը երկարացնելու համար, իրենց ուղեղներում առաջ էին քաշել մի միտք ու դարձել դրա գերին, հիմա նորից չեն ազատվում այդ գերությունից: Փոխանակ միտքը լինի գերի, իրենք են մտքի գերին: Այնինչ շատ հստակ էր` սահմանադրական փոփոխություններից բխող փոփոխությունները զգալի կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար»:
Կարդացեք նաև
Այն, որ «Սասնա ծռերի» գործողությունները կապ չունեն կառավարության հրաժարականի հետ, պարոն Դավթյանը հետևյալ փաստով փորձեց ապացուցել. «Մի պահ եկեք մտածենք. հուլիսի 31-ից հետո օգոստոսի 1-ին ՀՀ նախագահը ելույթ է ունենում, օգոստոսի 2-ին, ուրեմն պիտի գնար այդ քայլին: Եթե «Սասնա ծռերի» գործողությունների ազդեցությունը լիներ, ապա այս փոփոխությունները պետք է լինեին դեռ օգոստոսի 2-ին»:
Արտակ Դավթյանը շարունակում է պնդել, որ «Սասնա ծռերի» անդամների կատարածը խոհեմ քայլ չէր և վստահեցնում, որ անգամ, եթե նրանց ուզածը կատարվեր էլ, միևնույն է, անպայման խնդիրը պետք է լուծում ստանար իրավական հարթությունում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ