Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը չի ուզում նմանվել Աշոտ Գիզիրյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2016 22:01

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում արձակուրդ գնալ, իր պարտականությունը հարազատ կուսակցության առջև (ՀՅԴ-ն ևս մասնակցում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին), կկատարի հանգստի ժամերին։

Մարզպետը վստահեցնում է, որ վարչական լծակներ չի օգտագործի իր կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուներին սատարելու համար, չի պարտադրի մարզպետարանի ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ դպրոցների, մշակութային հաստատությունների տնօրեններին ու աշխատակիցներին ձայն տալ իր կուսակցությանը։

Ըստ նրա, ինքը, որպես մարզպետ՝ հավասար վերաբերմունք է ցուցաբերում բոլորի նկատմամբ, սխալ է որևէ կուսակցությանն առավելություն տալ քարոզարշավի ժամանակ։ Հովսեփ Սիմոնյանի կարծիքով, իր կուսակցությունը ձայներ կհավաքի, եթե տեսնեն, որ մարզպետը լավ է աշխատում այդ պաշտոնում։ «Ես, իհարկե, իմ ազատ ժամանակ իմ հարազատ կուսակցության՝ Դաշնակցության կողքին եմ լինելու իմ բոլոր հնարավորություններով, շրջապատով, ընկերներով, հարազատներով, իսկ իմ պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ կապացուցեմ, որ որևէ քաղաքական ուժ չի լինելու, որ ասի, թե մարզպետը կողմնակալ վերաբերմունք ունի այս կամ այն հարցում»,-ասաց մարզպետը։

Հովսեփ Սիմոնյանն ակամա հիշեց Շիրակի նախորդ մարզպետներից մեկին՝ գեներալ Աշոտ Գիզիրյանին, որը Գյումրու քաղաքապետի նախորդ ընտրություններում իր վերաբերմունքն էր արտահայտել թեկնածուների մասին։ Այդ ժամանակ քաղաքապետի թեկնածուներից մեկն էլ հենց Հովսեփ Սիմոնյանն էր, լինելով Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալը՝ նա մրցակցում էր Սամվել Բալասանյանի հետ։ Աշոտ Գիզիրյանն էլ, լսելով այս մասին, Հովսեփ Սիմոնյանին ասել էր, թե դու ձայներ չես հավաքի։

Հովսեփ Սիմոնյանը փաստորեն մինչ օրս չի մոռացել Շիրակի նախկին մարզպետի ասածը։ «Այն թերությունները, որ ես ՏԻՄ քարոզարշավի ժամանակ եմ նկատել, որ պետական կառույցների կողմից են իրականացվել, վստահ եղեք, որ ես հաստատ թույլ չեմ տալու։ Դուք հիշում եք, որ նախորդ մարզպետն արտահայտեց իր կարծիքը քարոզարշավի ընթացքում թեկնածուների վերաբերյալ։ Ինձ բազմիցս եմ այդ հարցը ուղղել, ես միշտ ձեռնպահ եմ մնացել, ասել եմ, որ չի կարելի՝ մարզպետը իր պարտականությունները կատարելու ընթացքում որևէ մեկ թեկնածուի վերաբերյալ կարծիք արտահայտի»,-ասաց պարոն Սիմոնյանը։

Հովսեփ Սիմոնյանին հիշեցնելով, որ Գյումրու նախորդ ՏԻՄ ընտրություններում, երբ ինքը Սամվել Բալասանյանի գլխավոր մրցակիցն էր․ քաղաքի քիչ թե, շատ ազդեցիկ տղամարդիկ օրինակ՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը սատարում էին իրեն, հետաքրքրվեցինք, թե այդ նույն մարդիկ այս անգամ էլ պատրա՞ստ են սատարելու։ «Եթե փորձենք համեմատել նախորդ ընտրությունների հետ, շատ բան է փոխված, չի կարելի զուգահեռներ տանել, որովհետև այն ժամանակ երկու անձի պայքար էր, հիմա տաս կուսակցությունների ու մեկ դաշինքի։ Իհարկե, սա տարբերվում է նրանից, նույնացնել չի կարելի։

Ինչ վերաբերում է հեղինակավոր մարդիկ, մտավորականներ, որոնք ժամանակին աջակցել են ինձ, հաստատ այսօր էլ կսատարեն, իհարկե ոչ բոլորը, բնական է, կան, որ էն ժամանակ անձնավորված ինձ էին ձայն տալիս, ու ես որպես դաշնակցական Հովսեփ Սիմոնյան էդ քվեն ստացա։ Եվ ես վստահ եմ, որ հիմանական մասը իրենց ձայները նորից կուղղորդեն, ՀՅԴ-ին ձայն կտան»,- ասաց մարզպետը։

Մարզպետը Գյումրու ՏԻՄ ընտրություններում թեժ պայքար է տեսնում, ըստ նրա, կուսակցությունների ներկայացուցիչները ճիշտ կանեն ծրագրեր ներկայացնեն, ոչ թե այս կամ այն անձին վարկաբեկեն։ Ըստ նրա, իր կուսակցությունը մյուսներին վարկաբեկելու միջոցով քարոզարշավն անցկացնելը բացառում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930