«Հերթական անգամ ԱՄՆ-ը հիշեցնում են, որ ՌԴ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, միաժամանակ գլխավոր սպառազինություն մատակարարող երկիրն է արցախյան հակամարտության գոտում»,- Aravot.am-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Իսկ ՌԴ-ին ուղղված ԱՄՆ-ի հիշեցումը հետեւանքներ չի ունենա, ըստ քաղաքագետի, նա խորհուրդ է տալիս, այդ հայտարարության մեջ խորքային ու լուրջ բաներ չփնտրել:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով»:
«Ուորլիքը, լինելով Մոսկվայում ու հարցազրույց տալով ռուսական լրատվամիջոցին, առիթն օգտագործել է ԱՄՆ-ի դիրքորոշումն արտահայտել եւ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մոտեցումների տարբերությունը ավելի ակնհայտ ցույց տալ ռազմաքաղաքական ոլորտում»,- շարունակեց քաղաքագետը՝ վստահեցնելով, որ Ջեյմս Ուորլիքի ասելիքն ուղղված էր միայն Ռուսաստանին:
Կարդացեք նաև
Իսկ ինչու ամերիկացի համանախագահը հիմա որոշեց բարձրաձայնել իրենց կողմից զենքի մատակարարման սահմանափակման ու ՌԴ-ի կողմից զենք մատակարարելու մասին, պարոն Մինասյանի կարծիքով, որովհետեւ. «Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում բանակցային գործընթացում ՌԴ-ն ավելի ակտիվ է որպես համանախագահ երկիր, եւ ԱՄՆ-ը համապատասխան որոշակի ուղերձներ անում է՝ միաժամանակ չափից ավելի լուրջ բաներ պետք չէ փնտրել: Այո՛, Ուորլիքը խոսում է ակնհայտ փաստերի մասին, որոնք մասնագետների համար գաղտնիք չեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ