«Ռուսաստանին հաճախ են մեղադրում Ադրբեջանին զինելու համար, Ադրբեջանում էլ ոչ պաշտոնական մակարդակով մեղադրում են Ռուսաստանին՝ հայերին աջակցելու համար: Ենթադրում եմ, որ ռուս լրագրողը զենք մատակարարելու հարցը տալիս է նաեւ ԱՄՆ-ին այն հույսով, որ ցույց տա, որ ԱՄՆ-ը նույնպես ե՛ւ Հայաստանին է օգնում ե՛ւ Ադրբեջանին: Ուորլիքը բավականին զգույշ է շրջանցում այդ հարցը՝ ասելով, որ իրենք հարձակվողական սպառազինություն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին չեն տրամադրում»,- Aravot.am-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը:
Հիշեցնենք, որ ամերիկացի համանախագահը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի վերաբերյալ իրենց Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս, որ իրենք զենք մատակարարեն, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով:
Մեր հարցին, թե Ուորլիքի այս հայտարարությունը չի ավելացնի՞ ՌԴ-ի հասցեին մեղադրանքներն ու քննադատությունը զենք մատակարարելու վերաբերյալ, որ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից կարող էր զենք մատակարարելու վերաբերյալ նման սահմանափակող մանդատ կամ օրենք ունենալ, Կարեն Վրթանեսյանն ասաց. «Ուորլիքը բավականին զգույշ է ձեւակերպում՝ նշելով, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ՌԴ-ն շատ հին կապեր ունի երկու երկրների հետ էլ եւ նշում է, որ ԱՄՆ-ի հետ այդ հարցում չունի որեւէ հակասություն…
Իսկ Ուորլիքի այս հայտարարությունը պետք է բացատրել այն հարցով, որը տվել է ռուս լրագրողը, չեմ կարծում, որ Ուորլիքը նման հայտարարություն անելու նպատակ է ունեցել, ռուսական լրագրողն է տվել այդ հարցը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ