Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Չի բացառվում Կարեն Կարապետյանի գալով գազի գինը նվազեցվի. Այս ցանկությունը «Գազպրոմում» էլ կա»

Սեպտեմբեր 12,2016 20:07

ՀՀ նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի նշանակումով շատերը հույսեր են փայփայում.որոշ փորձագետներ ակնկալում են դրական տեղաշարժեր թե տնտեսությունում, եւ թե առհասարակ, քաղաքական կյանքում: Իսկ ահա ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ որեւէ փոփոխություն էլ չի լինի:

«Խնդիրը անձերի մեջ չէ, խնդիրը համակարգի մեջ է. այս նշանակումով համակարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետեւ համակարգից դուրս մարդ չի նշանակվում, համակարգի մարդիկ են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ այս նշանակումը միտված չէ համակարգային փոփոխություններ անելուն. «Դուք կարող եք հակադարձել, ասել՝ օրինակներ կան, երբ համակարգի մարդը նույն համակարգի դեմ է գնում: Բայց սա այդ դեպքը չէ:

Իրականում առաջին դեմքը չի փոխվում, այնտեղ, որտեղ որեւէ մի անձ համակարգի դեմ է գնացել, ինքը հենց առաջին դեմքն է եղել, բայց տվյալ դեպքում, երկրի առաջին դեմքը չի փոխվում, այլ ընդամենը կառավարության ղեկավար է փոխվում, որը որեւէ հարց չի որոշում մեր երկրում: Նա այդ լիազորությունները չունի՝ սկսած կադրային փոփոխություններից, տնտեսական քաղաքականություն վարելուց: Այս ամեն ինչից ելնելով ինչ-որ սպասելիքներ չունեմ: Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք տիրապետում են ներքին խոհանոցին կամ համակարգի նրբություններին, հասկանում են՝ փոփոխություն կլինի երկրում, երբ, իրոք, համակարգային փոփոխություն կամ քաղաքական փոփոխություն կլինի»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ Կարեն Կարապետյանը, որը «Հայռուսգազարդի» նախկին տնօրենն էր, «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թվականից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ, Ռուսաստանի կողմից նշանակված անձ է եւ հիմա ռուսական ազդեցությունը Հայաստանում ավելի կուժեղանա, պարոն Խաչատրյանն ասաց, որ  ռուսական ազդեցությունը միշտ եղել է եւ կլինի՝ օբյեկտիվ պատճառներով՝ Ռուսաստանի ներկայացուցչությունը Հայաստանում մեծ է, հիմա է՛լ ավելի մեծ է, որեւէ մի նոր կառավարության ղեկավար, որ նշանակվի, ընտրվի Հայաստանում, հակառուսականություն կամ ռուսական մարդ լինել-չլինելու հարցն իր համար կարեւոր չէ. «Ինքը չի էլ կարող հակառակվող բան ասել կամ անել, այն առումով, որ ռուսական կապիտալի ծավալը Հայաստանում մեծ է, այսինքն՝ ռուսական բիզնեսը, ռուսական տնտեսական շահերը տարբեր բնագավառներում: Ուղղակի պետք է դրանից օգտվել, ով էլ լինի, պետք է այդ ռուսական կապիտալի ներկայությունից օգտվի ի շահ  Հայաստանի, ոչ թե ի շահ անձնականի, ինչը մինչ օրս է»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ իրենք հաշվարկել են՝ Հայաստանում գազի գինը չի կարող լինել այն, ինչ ներկայումս է, գազամատակարարման բոլոր պայմանավորվածություններն ու պայմանագրերն ապացուցում են ՝ Հայաստանում գազի 1 խմ-ն կարող էր լինել 100 դրամ՝ 146-ի փոխարեն. «Չի բացառվում, որ նոր կառավարությունը փորձի այս հարցը լուծել եւ ինչ-որ հաջողություն ունենա, որովհետեւ իրականում, նաեւ հակառակորդ կողմից՝ «Գազպրոմում» կա այդ ցանկությունը, քանի որ  սպառման ծավալները նվազում են: Սա կարող է հետագայում գնահատվի, իբր թե՝ բա, Ռուսաստանից եկած մարդ էր: Բայց, իրականում, դրանով չի պայմանավորված: Ցանկացած կառավարություն պետք է հաշվի նստի ռուսական կապիտալի հետ»:

Թե Կարապետյանը նախկինում զբաղեցրած իր պաշտոններում ինչպիսի ղեկավար է եղել եւ դա ինչպես կարող է ազդել իր վարչապետ աշխատելու վրա, Վահագն Խաչատրյանն ասաց, որ անձին չի կարող գնահատական տալ. Տնտեսագետին ավելի անհանգստացնում է, թե ինչի՞ համար այդ ամենն արվում: Սա, ըստ Խաչատրյանի,  որեւիցե ձեւով չի ազդելու հայաստանցինեի կյանքի որակի վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930