Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ ընտրարշավի եւ ճիշտ աշխատանքի դեպքում հնարավորություն կա հաղթել». Լեւոն Զուրաբյան

Սեպտեմբեր 12,2016 19:15

Օրեր առաջ ընդդիմության, իշխանության եւ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից Ընտրական նոր օրենսգրքի շուրջ նոր համաձայնագիր է նախաստորագրվել, որից կարծես թե գոհ են բոլոր կողմերը:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ ի՞նչ կունենանք այս համաձայնագրի արդյունքում, կարո՞ղ ենք ասել, որ վերջապես կունենանք ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ, թե՞ պետք չի էյֆորիայի մեջ ընկնել: Նա պատասխանեց. «Ազատ, արդար, մաքուր ընտրություններ այս համաձայնագրով դեռ չենք ունենալու: Ընդհանրապես ինչ համաձայնագիր էլ ստորագրես, ինչ օրենք էլ ընդունես՝ դրանով չի երաշխավորվում ընտրությունների մաքրությունը կամ արդարությունը: Ի վերջո` միշտ էլ հնարավորություն կա խախտելու օրենքները, եթե չկա քաղաքական կամք: Բայց սրանով մենք ապահովում ենք որոշակի լուրջ երաշխիքներ:

Նախ` մենք ստանում ենք այն, ինչի մասին խոսել ենք տասնամյակից ավելի: Ամբողջ ընդդիմությունը, քաղհասարակությունը պահանջում էին, որ, վերջապես, հրապարակվեին ստորագրված ցուցակները: Մի խնդիր սրանով լուծվում է՝ տեղամասերում մենք կստանանք միայն այն մարդկանց քվեարկությունը, որոնք կենդանի ընտրողներ են եւ ներկայանում են ընտրատեղամասեր: Բայց թե արդյոք ինչ ազդեցություն կա այդ մարդկանց վրա՝ ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ճնշումների՝ մենք չենք կարող  վերահսկել կամ բացառել այս մեխանիզմներով: Մի բան ակնհայտ է՝ եթե առաջ իշխանությունները կարող էին կես մլն-ից ավելի ձայն ավելացնել մատյաններում հավելագրումներով, այսօր այդ հնարավորությունից նրանք զրկվում են:

Այսինքն, խաղը դառնում է էլի անհավասար, բայց շատ ավելի վերահսկելի կանոններով, եւ ընտրությունները ձեռք են բերում իմաստ: Լավ ընտրարշավի դեպքում եւ ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավորություն կա հաղթել՝ անգամ եթե իշխանությունները կիրառեն ընտրակաշառքի լայնածավալ բաշխում կամ ադմինսիտրատիվ ռեսուրսներ, մի բան, որ առաջ բացառվում էր: Իշխանության վերարտադրությունն ապահովելու համար նրանք միշտ կարող էին դիմել ընտրակեղծիքների մատյաններում: Այս անգամ դա չի լինի, նաեւ կբացառվեն այն հանցագործությունները, ինչպիսիք են ապօրինի կուտակումները, իշխանության վստահված անձանց կողմից ապօրինի ուղղորդումը, բռնությունները: Այդ ամենը կտեսագրվի եւ դա կդառնա ընդամենը հանցագործության մասին փաստաթուղթ: Բնական է, ոչ ոք չի ուզում ուղիղ եթերում հանցագործություն կատարել: Այս երկու կարեւոր ձեռքբերումները էապես կկրճատեն ընտրակեղծարարության ծավալը՝ ընտրությունները դարձնելով իմաստալից»:

Ընդդիմադիրները բազմիցս ասել են, որ եթե իշխանությունը ընտրացուցակները մաքրի, այս կեղծիքները բացառվեն՝ երբեք չի ընտրվի, ի՞նչն է ստիպել իշխանությանը՝ գնալ «ինքնասպանության», արդյոք ԵՄ-ից սպասվող միջոցներից չզրկվելո՞ւ համար են ընդառաջ գնում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ, այս քայլը դեռեւս ինքնասպանություն կոչել չի կարելի, որովհետեւ իշխանությանը պատկանում է ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ճնշումների ռեսուրսը: Թե ինչը ստիպեց իրենց դադարեցնել տասնամյակից ավելի տեւած կատաղի դիմադրությունը՝ մի քանի գործոններ կան:

Առաջինը՝ այն, որ մենք շատ արդյունավետ ընտրարշավ ունեցանք հանրաքվեի ժամանակ, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ չնայած «ոչ»-ը հաղթել էր, այնուամենայնիվ, կես մլն-ից ավելի ձայն կեղծվեց: Ստեղծված դժգոհության ֆոնը մեզ թույլ տվեց համախմբել ընդդիմությանը, քաղհասարակությանը եւ ստանալ միջազգային հանրության աջակցությունը կարեւոր առանցքային պահանջների շուրջ: Դրա համար էի ասում, որ մենք դե ֆակտո հաղթել ենք այդ հանրաքվեն: Երկրորդ գործոնն այն է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը հայտնվել է շատ ծանր վիճակի մեջ եւ անհրաժեշտ են քայլեր, որոնք տանում են ինչ-որ չափով ներքին հակասությունների մեղմում: Իշխանավորներն էլ էին ստիպված ընդունել, որ այսպես այլեւս շարունակել չի կարելի: Երրորդ գործոնն այն է, որ իշխանությունները հասկացել են՝ չի կարելի փակել ընտրություններով երկրում հարց լուծելու ճանապարհները, որովհետեւ դա անմիջապես առաջացնում է գայթակղություն՝ հարցերը լուծել զինված ապստամբություններով եւ նման մեթոդներով: Սա իրականում միակ ճանապարհն է եւ ՀԱԿ-ը գնում է հենց այս ճանապարհով»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ 4+4+4 ձեւաչափի նախաձեռնողը Դուք եք, որի արդյունքում եղավ կոնսենսուսը ԸՕ-ի շուրջ, չկա՞ մտավախություն, որ եթե իշխանությունն, այնուամենայնիվ, օգտագործի պահեստային ինչ-ինչ մեխանիզմներ եւ ընտրակեղծիքներ անի, Դուք այս քայլով արդեն լեգիտիմացնում եք խորհրդարանական ընտրությունները եւ այլեւս տեղ չի մնա ասելու, որ կեղծվել են ընտրությունները՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի լեգիտիմացում չկա: Մենք չենք հայտարարում, որ ապահոված են մաքուր ընտրություններ, մենք ընդամենը ասում ենք, որ կարողացել ենք լուրջ ձեռքբերում ունենալ՝ ընտրակեղծարարության ծավալի կրճատման ճանապարհին: Ես չեմ հասկանում, թե ինչպես սա կարող է օգտագործվել այդ նպատակներով: Սա իմիտացիա չի, մենք ստացել ենք այն, ինչ պահանջել ենք երկար ժամանակ: Պետք է ընդունել, որ դա տեղի է ունեցել մեր ճնշման հետեւանքով, ինչ-որ չափով միջազգային ճնշման հետեւանքով, ինչ-որ չափով նաեւ իշխանությունն է ինչ-որ բան գիտակցել եւ ստեղծվել է այս բեկումը: Սրանով մենք ոչ լեգիտիմացնում ենք ապագա ընտրությունները, դրա մաքրության համար դեռ պետք է պայքարել: Այս համաձայնագիրն այդ պայքարում ընդամենը էտապներից մեկն է եւ հաջողված էտապ, որի վրա պետք է կառուցել մյուս էտապները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930