Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոնսենսուս ԸՕ-ի շուրջ, հույս ունեմ, որ կայացավ, որովհետեւ մի րոպեում ամեն ինչ հնարավոր է չեղարկվի». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 12,2016 17:52

Aravot.am-ը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ, ի՞նչը ստիպեց իշխանությանը ընդառաջ գնալ եւ Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված ընդունել ընդդիմության բոլոր պահանջները, անգամ՝ ընտրացուցակների հրապարակումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմության, իշխանության եւ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից Ընտրական նոր օրենսգրքի շուրջ նոր համաձայնագիր է նախաստորագրվել, որից կարծես թե գոհ են բոլոր կողմերը:

Ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ այս օրենսգրքով էապես կկրճատվեն ընտրակեղծարարության ծավալները:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իշխանության ընդառաջելու առաջին նախապայմանն այն էր, որ չեղարկվեց առաջին համաձայնությունը. «Նախորդ համաձայնությունը, որ կայացել էր 4+4+4 ձեւաչափով, անգամ ԵՄ դեսպանը՝ Սվիտալսկին, համարեց աննախադեպ, պատմական, եւ իսկապես միջազգային հանրության արձագանքը դրան շատ կարեւոր էր: Հիմա, եթե նոր համաձայնություն չկայանար, միջազգային հանրության գնահատականը ՀՀ իշխանություններին հերթական անգամ լինելու էր խիստ նեգատիվ: Ես կարծում եմ, որ առաջին պայմանը, որ իրենք գնացին երկրորդ համաձայնության կայացմանը, ի դեպ, դա ընդամենը նախաստորագրված է, եկեք ժամանակից առաջ չընկնենք, որովհետեւ տառապանքներս փորձ ունի:

Դեռեւս ճշգրտելու մի քանի հարցեր կան մինչ ստորագրելը: Հետո իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իր այս վարկանիշով, իր այս հանրային հեղինակությամբ կամ ավելի շուտ՝ չհեղինակությամբ գնալ ընտրությունների՝ նշանակում է գնալ երաշխավորված պարտության: Եվ եթե մի քանի գոնե տեսանելի եւ առաջին հերթին Ընտրական համակարգում փոփոխություններ չեն անելու, վստահություն չէր լինելու արդյունքի նկատմամբ:

Մեզանում բազմաթիվ համակարգեր կան այլասերված, այլանդակված, մետաստազներով ենթարկված, բայց ամենաայլանդակ համակարգերից մեկը ընտրական համակարգն է: Եվ եթե այդտեղ գոնե հանրային վստահության բարձրացման ուղղությամբ քայլ չէր արվելու, անվստահության այս բագաժով գնալ խորհրդարանական ընտրությունների՝ կնշանակեր ի սկզբանե կասկածի տակ դնել ընտրական ցանկացած արդյունք: Բնականաբար, կոնսենսուս, հույս ունեմ, որ կայացավ, որովհետեւ մի րոպեում ամեն ինչ հնարավոր է չեղարկվի: Մենք քանիցս նշել ենք, որ ընտրացուցակների տեխնիկական հրապարակումն ընդամենը մեզ չէր բավարարելու, եթե ընտրախախտումներ հայտնաբերելու դեպքում դրան չէին հետեւելու կոնկրետ խստացված պատժամիջոցներ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսել են, քննարկվելու են ԱԺ նստաշրջանի մեկնարկից 1 օր հետո՝ չորեքշաբթի: Նախատեսվում է ուրիշի փոխարեն քվեարկած անձանց 3-5 տարի ազատազրկում, պետական պաշտոնից զրկում, ընտրական հանձնաժողովներում արգելանք՝ մասնակցելու. «Պատժամիջոցները իսկապես խստացված են: Այսքանից հետո գենետիկ կոդում շեղում պետք է ունենա մարդը, որը կամիկաձեության գնա եւ մասնակցի ընտրակեղծարարությանը»:

Նա հիշեցրեց, որ երբ ընդդիմադիրները պահանջում էին, որ մինչեւ ընտրացուցակները չհրապարակվեն, որեւէ խնդիր չի լուծվելու, ինչ է ինքն ասել. «Ես ասացի՝ ուզում եք ընտրացուցակները անգամ հրապարակեք, ուզում եք՝ ընտրացուցակներում անունները հատ-հատ ասմունքեք՝ եթե չի լինելու քաղաքական որոշում չկեղծել ընտրությունները, ցանկացած հրապարակված ընտրացուցակ այնպես սիրուն ձեւով կարող են փոխել: Օրինակ, Պետրոս Պետրոսյանը, որը մենք վստահ ենք, որ ՀՀ-ում չի, այնպես ոսկերչական ձեւով կապացուցեն, որ Հայաստանում է: Ցանկացած միջոցի հակամիջոցը կգտնվի, եթե իշխանությունն իր մեջ չի կայացրել որոշում՝ գոնե մեկ անգամ գնալ հարաբերականորեն արդար ընտրությունների: Մենք գիտենք, որ ոնց էլ լինի, վարչական լծակներն ու ռեսուրսներն անպայման օգտագործվելու են, որը երեւում է ՏԻՄ ընտրությունների մակարդակում: Չլինի որոշում ՝ոչինչ չի փոխվելու»:

Մեր հարցին՝ ընդդիմադիրները բազմիցս նշել են, որ եթե ընտրակեղծիքների չդիմի՝ իշխանությունը, չի ընտրվի, հիմա ինչո՞ւ է իշխանությունը գնում այս «ինքնասպանության», հնարավո՞ր է ունենա պահեստային ինչ-որ մեխանիզմներ, որոնց մասին ոչ ոք չի կռահում՝ նա պատասխանեց. «Այն իշխանությունը, որն ամեն գնով պահել է իր իշխանությունը, բնականաբար, կունենա ոչ միայն պլան ա, պլան բ, պլան գ, այլեւ մի քանի սցենարներ: Բոլորս էլ հասկանում ենք, որ վարչական, իշխանական, տեղական մակարդակի տարբեր լծակներ անպայմանորեն օգտագործելու են: Բայց ես խոսում եմ ամենաայլանդակ կեղծիքների մասին, որոնք հնարավոր է որոշակի չափով զսպել այդ մեխանիզմների ներդրմամբ, այդ թվում նաեւ՝ տեղամասում թե՛ քվեարկության ընթացքը, թե՛ քվեաթերթիկների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում եւ օնլայն հեռարձակում ապահովելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930